ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Գերադասում ենք այն, ինչ մեզ «երկինք» է հանում, ոչ թե այն, ինչ կարող է հարցեր լուծել «գետնի վրա»»․ Հակոբ Բադալյան
09:36, 12.11.2024 | mamul.am
937 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Կիպրոսի նախագահը ժամանել է Բաքու և մասնակցում է Cop29-ին:

Հիշեցնեմ, կա այսպիսի մի հարց՝ Հյուսիսային Կիպրոս, որը թուրքական ագրեսիայի հետևանք է: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի հանդիպում է ունեցել Հյուսիսային Կիպրոսի նախագահի հետ:

Հյուսիսային Կիպրոսի նախագահը 2024-ի ամռանը Շուշիում էր, որտեղ կայանում էր Թյուրքալեզու պետությունների կազմակերպության գագաթնաժողովը:

Ահա այդ ամենից հետո, Կիպրոսի նախագահը Բաքվում է և մասնակցում է COP29-ին:

Եվ սա այն ջերմ հարաբերության ֆոնին, որ արտահայտվում է հայ-կիպրական հարաբերության առնչությամբ: Կիպրոսը այն պետությունն է, որի ղեկավարության հռետորաբանությունը թերևս «ամենահայամետներից» մեկն է աշխարհում:

Բայց, Ադրբեջանի հետ ունեն իրենց հարցերը, և ոչինչ՝ որ Իլհամ Ալիևը դե ֆակտո ճանաչել է Հյուսիսային Կիպրոսը: Կան գործեր, կա Կիպրոսի նախագահի այց Բաքու, ինչպես ասում են՝ «բիզնես, ոչ մի անձնական բան»: Ի վերջո, Կիպրոսն ու Ադրբեջանը գուցե կապվում են նաև մի ընդհանուր կենտրոնով՝ Բրիտանիա:

Այս գրառումս բացարձակապես նախատինք չէ Կիպրոսի հասցեին, թե ինչու է այդ երկրի նախագահը մասնակցում Բաքվի գագաթնաժողովին:

Գրառումս այն մասին է, թե ինչ արժե հռետորաբանությունը, գրառումները, ելույթները, որոնցից մենք հայտնվում ենք յոթերորդ երկնքում, մինչ այդ ընթացքում «գետնի վրա» շարունակում է ծավալվել շատ ավելի պրակտիկ քաղաքականությունը: Իհարկե, թե Կիպրոսը, թե որևէ մեկը մեղավոր չէ այն բանի համար, որ մենք ունենք հարաբերությունների այդպիսի «չափորոշիչներ» և գերադասում ենք այն, ինչ մեզ «երկինք» է հանում, ոչ թե այն, ինչ կարող է հարցեր լուծել «գետնի վրա»»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին