«Քաղաքական առումով ո՛չ երկրորդ, ո՛չ երրորդ նախագահի, ո՛չ էլ ներկայիս իշխանության օրակարգում չկա պետությունը, հայրենիքը, ժողովուրդը: Կա միայն իշխանություն ունենալու, իշխանություն պահելու, վերարտադրվելու գործընթաց. իշխանություն՝ հանուն իշխանության»,- «Ֆակտոր»-ի եթերում նման տեսակետ հայտնեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը: Նա, անդրադառնալով, Սրբազան շարժմանը և մայիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքին, նշեց. «Շարժումն արդեն ավարտված գործընթաց էր՝ այ էդքան մոտիկ էինք իշխանափոխությանը: Գլխավոր երկու հիմնական պահանջ կար՝ այս իշխանությունը հեռանում է և նախկին վարչակարգերից որևիցե մեկը չպետք է վերարտադրվի: Մի պահանջի մասին հնչեց, իսկ երկրորդի մասին խոսք չկար: Հետագայում արդեն ամեն ինչ պարզ էր, թե ինչի համար չպետք է հնչեր այդ պահանջը: Որովհետև իշխանափոխության վտանգից սարսափած էր ավելի շատ պառլամենտական ընդդիմությունը, քան իշխանությունը... Եթե հանկարծ ձևավորվեց այլընտրանքային ուժ, միանգամից այս համակարգը քանդվելու է, որովհետև իշխանությունը մեկ րոպե անգամ չի կարող գոյատևել առանց այս՝ իր համար հրաշալի պառլամենտական ընդդիմության: Պառլամենտական ընդդիմությունը տեսականորեն անգամ չի կարող լինել, եթե չլինի այս իշխանությունը: Բոլորը սա շատ լավ հասկանում են»: Պետրոսյանն ընդգծեց, որ ընդդիմությունը միտումնավոր է առաջնային երևացել շարժման շարքերում, որպեսզի տապալի շարժումը. «Խի իրենք չգիտե՞ն՝ որտեղ երևացին, էդտեղ պրոցես չի կարող գեներացվել»: |
Բաժանորդագրվել լրահոսին