«Ժողովուրդ»-ն այսօր գրել էր, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Տիգրան Պարսիլյանի կինը՝ Նվարդ Սարգսյանը, ով Մասիս քաղաքի ավագանու անդամ է, միաժամանակ Երևանի Մխիթար Սեբաստացու անվան դպրոցի աշխատակից, մինչ ՔՊ-ի իշխանության գալը վարձատրվել է ինչպես շարքային քաղաքացի: Բայց մի քանի տարի անց նրա աշխատավարձը քառապատկվել է: «Պարզվում է, որ 2022 թվականին 1.2 միլիոն դրամ աշխատավարձից պատգամավորի կնոջ աշխատավարձը 2023 թվականին դարձել է 4.9 միլիոն դրամ»,- գրված էր հոդվածում։
Պարսիլյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու է կնոջ աշխատավարձը «քառապատկվել»․ «2022-ին եղել է երեխային խնամքի արձակուրդում, 2023-ին մտել է աշխատանքի։ Այսինքն չի ստացել աշխատավարձ, հետո ստացել է աշխատավարձ։ Նա բացի ուսուցիչ լինելուց, իրականացրել է նաև բազմաթիվ վերապատրաստման ծրագրեր, և այլն, և այլն։ Իմ կինը չափահաս է և հաշվետու չէ իմ առաջ, այլ հաշվետու է հանրության առջև։ Ես չէ, որ պետք է գնամ իմ կնոջից հաշվետվություն պահանջեմ իր աշխատավարձի վերաբերյալ։ Կարող է ձեր պատկերացրած ընտանիքի մոդելն այդպիսին է, բայց իմը այդպիսին չէ։ Այս հարցերը պետք է նրան ուղղեք, գործատուից ճշտեք, թե այդ աշխատավարձը ինչպես է գեներացվել, ոչ թե ինձ հարցեր տաք»,- ասաց Պարսիլյանը՝ հորդորելով անհիմն չթիրախավորել իր ընտանիքին, մանրամասները ճշտելուց հետո միայն հոդվածներ գրել։