Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեծ, Վիլսոնյան և ծովից-ծով Հայաստան ունենալու հայերի երազանքը, ինձ թվում է, խորը հակասության և հակադրության մեջ է այն իրականության հետ, որին առնչվում ենք այսօր, վերջին տարիներին ու տասնամյակներին:
Եթե մեր ձգտումը ընդարձակ ու մեծ Հայաստանն է, ապա ինչո՞ւ ենք լքում մեր գյուղերը և հաստատվում Երևանում կամ ինչո՞ւ ենք արտագաղթում այս փոքր Հայաստանից:
Հայաստանի երեք միլիոն բնակչության երկու միլիոնից ավելին հաստատվել է Երևանում և շրջակայքում, մյուս մեկ միլիոնի մի մեծ հատված էլ երազում է տեղափոխվել Երևան:
Եվ ուզում եմ այս դառը սուրճը կում-կում անելով կրկնել Վանոյի հայտնի խոսքերը, որ նա ասել է ավելի քան երեսուն տարի առաջ՝ ինչո՞ւ ես ուզում մեծ Հայաստան, երբ չես բնակվում փոքր Հայաստանում, քո համար ի՞նչ տարբերություն Հայաստանի չափերը, երբ ապրում ես Հայաստանից դուրս»: