Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «2014 թվականի նոյեմբերի 12-ին Արցախի ՊԲ-ն հաղորդեց, որ արցախա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում՝ Ակնայի շրջանում, ժամը 13:45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ՊԲ ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռը։
Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր, իսկ հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ արձակել դեպքի վայրի ուղղությամբ, ինչի հետևանքով խոցված ուղղաթիռին մոտենալ չէր հաջողվում։ Ադրբեջանական կողմը չանսաց նաև միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի, Մինսկի խմբի համանախագահների, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև տարբեր պետությունների հորդորներին՝ հայկական կողմին թույլ տալ ուղղաթիռի անկման վայրից տարհանել անձնակազմի անդամների աճյունները:
Միջադեպից գրեթե տասն օր անց՝ նոյեմբերի լույս 22-ի գիշերը, ՊԲ հատուկ նշանակության զորքերը, իրականացնելով հատուկ գործողություն, տարհանեց ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկի՝ լեյտենանտ Ազատ Սահակյանի դին, երկու օդաչուների մասունքները, ինչպես նաև ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:
Խոցված ուղղաթիռի զոհված երեք օդաչուներն էին հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:
Փառք ու պատիվ Արցախի համար պայքարած նահատակներին, փառք ու պատիվ Հայաստանին ու Արցախին արժանապատիվ տարիներ պարգևած զինվորականներին»։