Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «1930-ականներին, եթե մեկին լուր էր հասնում, որ Խաչիկ Մուղդուսին, Յագոդան, Եժովը, Բերիան կամ նույն ինքը՝ Ստալինը, իրեն չափազանց շատ են սիրում, լավ կարծիքի են կամ ինչ-որ մեկի մոտ գովել են իրեն, էդ մարդու համար պարզ էր արդեն, որ իր կյանքի օրերը հաշված են:
Հենց տեսնում եմ Թուրքիայի, Ադրբեջանի և ընդհանրապես դրսի դրական կամ գոհ ժպիտները, սերն առ ՀՀ իշխանություն, միանգամից աչքիս առաջ է գալիս 1930-ականներին գնդակահարման պատի տակ կանգնած էն մարդու հայացքը, ում դրանից մի քանի օր առաջ չափազանց շատ էին «սիրել» գլխավերևի մեծերը: Դե, մեր օրերում այս ժպիտներից հետո գնդակահարման պատի տակ կանգնեց Արցախի բնիկ էթնոսը: Դեռ:
Վրաստանի վերջին մի քանի տարվա պատմությունն ուղղակի կարելի է անվանել ինքնիշխանության, տնտեսության վերականգնման ու արժանապատվության երթ՝ մի կողմից, իսկ մյուս կողմից՝ դրսի կողմից այդ երթը մոլեգին կերպով դատապարտելու, հատկապես Արևմուտքի կողմից ուղղակի շանտաժների ու սպառնալիքների պատմություն:
Երազում եմ, որ մի օր մեզ էլ ոչ թե սիրեն ու գուրգուրեն՝ տանելով մահվան ու ցեղասպանության, այլ արտաքուստ դատապարտեն Հայաստանի քայլերը, համարեն ագրեսոր, ատեն ու չսիրեն ՀՀ իշխանություններին: Այ էդ օրվանից էլ չենք կանգնի գնդակահարման պատի տակ ու իբրև արժանապատիվ պետություն ու ազգ կունենաք ապագա էս արևի տակ»: