Ադրբեջանի պնդումները, թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից, հիմնվում է այն փաստի վրա, թե ՀՀ Սահմանադրության նախաբանում կա ընդհանրական հղում Անկախության հռչակագրին, որտեղ իր հերթին հիշատակվում է ԼՂ-ի մասին: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանի Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 26-ին կայացրած որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը վերաբերում է հռչակագրի բացառապես այն դրույթներին, որոնք բառացի ամրագրումն են ունեցել Սահմանադրության հոդվածներում: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեքստում որևէ դրույթ ԼՂ-ի մասին ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի չի պարունակվում: Պետք է հիշել նաև, որ Անկախության հռչակագրի և Սահմանադրության միջև գոյություն ունի ըստ ընդունող սուբյեկտների հստակ աստիճանակարգային տարբերություն. այսինքն, եթե Անկախության հռչակագիրն ընդունվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի՝ որպես ԽՍՀՄ կազմում գտնվող 15 միութենական հանրապետություններից մեկի պետական մարմնի կողմից, ապա Սահմանադրությունն ընդունվել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված անկախ պետության ինքնիշխան ժողովրդի կողմից»,- նշեց Փաշինյանը: |
Բաժանորդագրվել լրահոսին