ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
««Ծովից ծով» երազող ժողովուրդը որևէ կերպ չէր հանդուրժի Արցախի կորուստը»․ Հակոբ Բադալյան
00:12, 14.11.2024 | mamul.am
1453 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեզանում կա մի կամա, թե ակամա բավականին նենգափոխված մտայնություն: Այն է՝ հայ ժողովուրդը (նկատի է առնվում հայաստանյան հանրությունը) հավակնում է «ծովից ծովի», ակնկալում է «ծովից ծով», սպասում է դրան, և այլն, և այլն:

Սա մատուցվում է տարբեր ձևակերպումներով իհարկե՝ խիստ կենցաղայինից՝ քաղաքագիտական, դրանից էլ՝ ընդհուպ, ակադեմիական: Բայց, իմաստը խոշոր հաշվով նույնն է:

Բացարձակապես այդպես չէ: Եվ այն, ինչ տեղի է ունեցել վերջին չորս տարիներին, խոսում է հենց դրա մասին: Որովհետև եթե դա լիներ այդպես, ապա Հայաստանի հանրության զգալի մեծամասնությունը փողոցից տուն չէր գնա, մինչև չհեռացներ այն իշխանությանը, որի պաշտոնավարման շրջանում կորսվել է Արցախը:

«Ծովից ծով» երազող ժողովուրդը որևէ կերպ չէր հանդուրժի Արցախի կորուստ:

Հետևաբար, Հայաստանի հանրությանը վերագրել, թե ապրել ու ապրում է «ծովից ծովի» կամ «պատմական Հայաստանի» իռացիոնալ ակնկալիքով ու սպասումով, նենգափոխում է՝ կամա, թե ակամա:

Ընդ որում, «պարադոքսն» այն է, որ այդ վերագրումներն առավել ինտենսիվ են դարձել և գործնականում հասարակական-քաղաքական որոշակի միտման են վերածվել հենց վերջին չորս տարիներին:

Խորքային նպատակն այդ միտման ձևավորման, հասկանալի է. հայաստանյան հանրությանը վերագրելով այդպիսի իռացիոնալ սպասման և ակնկալիքի, այդպիսի «պահանջատիրության» վրա հիմնված կենսակերպ, թավշյա կերպով այդ կենսակերպի վրա թողնել Արցախի կորստի պատասխանատվությունը: Այսինքն, իբրև թե, «պատմական Հայաստանի» սպասումն է ներկայիս պարտության ու ողբերգությունների պատճառ:

Հայաստանի հանրությունը, հայաստանյան հասարակությունը չի ունեցել և չունի այդպիսի սպասում և ակնկալիք, չի ապրել «տարածքային պահանջատիրության» հրամայականով՝ որպես քաղաքական ընթացիկ օրակարգ:

Այո, հասարակության մի որոշակի մաս գուցե ապրել է, գործել: Այո, ըստ իս, դա եղել է իռացիոնալ, չհիմնավորված, անիրատեսական: Բայց, նախ, չկա որևէ իրավական և բարոյական հիմք՝ մարդկանց արգելելու ունենալ այդպիսի պատկերացումներ: Առավել ևս, որ այդ պատկերացումները ունեն պատմա-քաղաքական հիմք:

Երկրորդ, վերագրել դա ամբողջ հայաստանյան հանրությանը, վերստին՝ նենգափոխում է, իրականության կամա թե ակամա խեղաթյուրում:

Այո, Հայաստանի հանրությունն ապրել է պատմական հիշողությամբ: Իսկ ինչ է՝ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի հանրությունը լինի բնորոշ ոչ թե մարդկային հանրույթին, այլ կենդանական հոտի՞ն, չունենալով պատմական հիշողություն, կապ իր անցյալի հետ:

Եվ որևէ մեկը կարծում է, թե մարդկային հանրույթի փոխարեն կենդանական հոտին բնորոշ վարք ու բարքով և կենսակերպով ապրող հանրույթները կարող են իրենց զգալ անվտա՞նգ, և առավել ևս կարող են հոգալ իրենք իրենց անվտանգությո՞ւնը:

Ըստ իս, պետք է առավելագույնն անել այդօրինակ վերագրումներից և խոսույթից խուսափելու, հրաժարվելու համար: Որովհետև այստեղ կա մեկ այլ վտանգավոր հանգամանք:

Խնդիրն այն չէ միայն, որ Հայաստանի հանրության կենսագործունեության վերաբերյալ տվյալ խոսույթը կամ գնահատականը հեռու են իրականությունից: Առանցքային խնդիր է և այն, որ այդ խոսույթը, այդ գնահատականը, դարձյալ՝ կամա, թե ակամա, արժեզրկում է պատմական հիշողությունը՝ որպես պատմա-քաղաքական, սոցիալ-հոգեբանական ահռելի հետագիծ ունեցող հանրության ինքնության ու նկարագրի կարևորագույն բաղկացուցիչ»։

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին