«Արդյո՞ք հերոսություն է երկրի պաշտպանությանը մասնակցելը, իհարկե հերոսություն է։ Բա եթե զինվորը սնունդ, պաշտպանության միջոց, զենք, հագուստ, տրանսպորտային միջոց, կապի միջոց, ինժեներական կահավորում, գրագետ սպա չունենա, ինչպե՞ս պետք է պաշտպանի երկիրը և հերոսություն անի»,-ԱԺ-ում իր ելությում ասաց Փաշինյանը՝ կրկին անդրադառնալով հարկ վճարողի՝ հերոս լինել, չլինելու թեմային: «Կարո՞ղ է զինվորը հերոսություն անել՝ առանց այս ամեն ինչի․ մեծ հաշվով, բացառված է, կամ կլինեն բացառություններ, որոնք կհաստատեն օրինաչափությունը: Չի՛ կարող, մանավանդ՝ այսօրվա տեխնոլոգիական դարում»,- ասաց նա: Նա խոսեց նաև պայմանագրային զինծառայության մասին՝ ընդգծելով, եթե, օրինակ, պայմանագրային զինծառայողը սոցիալական երաշխիքներ չունենա, արդյոք կանցնի՞ ծառայության: Հետևաբար սոցիալական երաշխիքներ ապահովելու համար անհրաժեշտ է պետական եկամուտ, որն ապահովում է աշխատող, արդյունք ստեղծող, հարկ վճարող քաղաքացին: «Առանց այդ քաղաքացու՝ ո՛չ պետություն կարող է լինել, ո՛չ հերոսություն: Հետևաբար նույնիսկ չեմ պնդում, որովհետև այնքան ակնհայտ է, որ մեր պետության թիվ մեկ հերոսը աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացին է»,- ասաց նա: |
Բաժանորդագրվել լրահոսին