«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեծ ցավ ու զայրույթ ապրեցի ՀՀ զինված ուժերում` ՀՀ ռազմական ոստիկանության Իջևանի կարգապահական գումարտակում ծառայություն իրականացնող շարքային զինծառայող 19-ամյա Նարեկ Գրիգորյանի մահվան մասին տարածված հաղորդագրությունից:
Վերջին տարիներին խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան հաճախակի դարձած դեպքերը վկայում են ՀՀ զինված ուժերում բարփեխումների իրականացման անհրաժեշտության մասին: Անհայտ պայմաններում` հիմնականում միջանձնային խնդիրների պատճառով, մահվան յուրաքանչյուր դեպք պետք է մանրակրկիտ հետաքննվի, բացահայտվեն պատճառներն ու պատասխանատուները:
Հայրենիքի հանդեպ իր սուրբ պարտականությունը կատարող մեր յուրաքանչյուր երիտասարդ զինվոր պետք է պաշտպանված լինի: Իր որդուն ծառայության ուղարկած ծնողները պետք է վստահ լինեն, որ իրենց զավակները անփորձանք տուն կվերադառնան: Պետական իրավասու մարմինները պետք է հրատապ և խիստ միջոցներ ձեռնարկեն զինվորական կարգապահության բարձրացման, բարձրագույն հրամանատարական կազմի կողմից վերահսկողության ուժեղացման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Զորակցությունս ու վշտակցությունս եմ հայտնում զինծառայողի ընտանիքին, հարազատներին և ընկերներին»։