ԱԺ-ում շարունակվում են 2025 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումները։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարցեր ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ պահանջելով նաև ներկայացնել, թե Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում քանի տնտեսվարողների հարկային բեռ է բարձրանում․ «Երբ նոյեմբերի սկզբին բյուջեն ներկայացնում էիք, ասում էիք, որ տնտեսական պոտենցիալը 5,5%-ի կարգի է։ Հիմա տնտեսական աճի կանխատեսումը ներկայացրեցիք 5,1%, ո՞րն է պոտենցիալից դանդաղ աճելու պատճառը։ Ասացիք՝ հարկերը չենք բարձրացնում, այլ բարելավում ենք, թվերով ասեք՝ քանի՞ տնտեսվարողի համար այդ բարելավումը կբերի հարկային բեռի նվազեցում և քանիսի՞ համար՝ բարձրացում։ Հարկային եկամուտներն ուրիշ մեթոդաբանությամբ եք հաշվարկում։ Եկամտահարկն ամբողջը վերցնում եք, հանում եք վերադարձը։ Ժամանակին զուտն էր հաշվարկվում, նախկին մեթոդաբանությամբ այս տարի որքա՞ն կնվազեին մեր հարկային եկամուտները»,- հարցրեց պատգամավորը։ «Կոնկրետ պատասխանեք, 13000 սուբյեկտներից որո՞նց վրա են ազդելու հարկային փոփոխությունները, քանիսի՞ հարկային բեռն է ավելանալու»,- ասաց Խաչատրյանը։ |
Բաժանորդագրվել լրահոսին