Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Դիտում եմ ԲԴԽ նախկին նախագահի հարցազրույցը Սիվիլնեթին, որում նա հայտնում է, որ դեռևս գարնանն է ունեցել հրաժարական տալու մտադրություն, քանի որ, ուշադրություն՝ տեսել է, որ կորցրել է խորհրդարանական բոլոր խմբակցությունների աջակցությունը: Բարձրագույն դատական խորհուրդը չունի խորհրդարանական աջակցության որևէ կարիք: Ընդհանրապես, այդ ինստիտուտի գոյության կարևոր իմաստներից մեկն այն է, որ այն չպետք է ունենա այդպիսի աջակցության որևէ կարիք: Խորհրդարանական աջակցության կարիք պետք է ունենա գործադիր իշխանությունը: Դատական իշխանության անկախության կարևոր բաղադրիչներից մեկն այն է, որ չունենա իշխանության որևէ այլ թևի՝ օրենսդիրի, թե գործադիրի աջակցության կարիք: Իհարկե, հասկանում ենք, որ Հայաստանում իրական պատկերը բոլորովին այլ է, և ամենաբարձրաստիճան մակարդակով կարող է անկաշկանդ ազդարարվել, որ վարչապետի «խնդրանքով» ԲԴԽ նախագահը ներկայացնում է հրաժարական, իսկ հրաժարականի տեքստում էլ շնորհակալություն հայտնվի վարչապետին՝ «այդ բարձր պաշտոնն իրեն վստահած լինելու համար»: Այս պայմաններում արդարադատության ռեֆորմի մասին որևէ խոսակցություն այլ բան չէ, քան ծաղր լսարանի հանդեպ: Միևնույն ժամանակ, ինչպես արտահայտվել եմ, Հայաստանում արդարադատությունը ունի հանրային, և չունի քաղաքական պահանջարկ: Իսկ դա նշանակում է, որ հանրային պահանջարկը չունի քաղաքական կապիտալիզացիայի հնարավորություն: Ցանկացած իշխանություն արդարադատության համակարգը դիտարկելու է հետևյալ տրամաբանությամբ՝ եթե ես այն չդարձնեմ իմ գործիքը, այն դառնալու է ընդդիմության գործիք: Այս խնդիրը իրապես խորքային լուծում ստանալու համար պահանջելու է էվոլյուցիոն մեծ ընթացք: 2018-ից հետո, որքան էլ չհնչի տարօրինակ, այդ հարցում արձանագրվել է էական հետընթաց»: |
Բաժանորդագրվել լրահոսին