«Ձեր քաղաքական ուժը շատ է սիրում խոսել թալանից, բայց ուզում եմ պնդել, որ մինչ այժմ ՀՀ պատմության ընթացքում ամենամեծ թալանը տեղի է ունենում վերջին տարիներին՝ օնլայն խաղատների միջոցով, մասնավորապես «Վիվարո» ընկերության միջոցով»,- Աժ-ում ընթացող հարցուպատասխանի ժամանակ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը։ «Հասարակության մեջ տպավորություն կա, որ դրա սեփականատերերը փոխկապակցված են ձեր քաղաքական ուժի հետ, և գոյություն ունի փոխշահավետ համագործակցություն՝ մեկի ֆինանսավորումը, մյուսի՝ քաղաքական հովանավորչություն։ Արդյոք ձեր կառավարությունը պատրա՞ստ է ընդունել էական սահմանափակումներ՝ վտանգավոր ընթացքը կասեցնելու համար»,- վարչապետին հարց ուղղեց պատգամավորը։ «Առաջին անգամ հարց տվեցիք, որի շուրջ մեր տեսակետները ահագին մեծ մասով համընկնում են»,- ասաց Փաշինյանը՝ նկատելով՝ բուքմեյքերական ընկերությունները Հայաստանում գործում են շատ երկար ժամանակ։ Ըստ կառավարության ղեկավարի՝ իրենք տարբեր քայլեր են ձեռնարկել նրանց գործունեությունը վերահսկելու համար, օրինակ, բուքմեյքերական ընկերությունների գովազդն արգելվել է, ՀՀ-ում բոլոր գրասենյակները համատարած փակվել են, բայց դեռևս շատ բան կա անելու՝ այդ ոլորտը ոչ միայն կանոնակարգելու, այլև ավելի պատշաճ չափով հարկելու և պետբյուջեի համար եկամուտներ գեներացնելու առումով։ Փաշինյանը նշեց, որ այս պահին մի շարք նախագծերի ուղղությամբ են աշխատում և հավելեց․ «Այս հարցում քաղաքական կամքի նվազում չկա, և հարցին չեն վերաբերվում անձնական համակրանքներով կամ հակակրանքներով»։ |
Բաժանորդագրվել լրահոսին