«Քանի՞ անգամ եք վերևի օթյակից՝ կամերաները «զում» արել, մտել պատգամավորի հեռախոսը․ ապօրինի բա՞ն եք արել»,- խորհրդարանում դիմելով լրագրողներին և նրանց նախատելով՝ նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, ով, ի դեպ, նախկին լրագրող է։ Լրագրողները հարցեր ուղղեցին, որոնք վերաբերում էին ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Սիսակ Գաբրիելյանը հայտարարեց, որ Հովիկ Աղազարյանի հեռախոսում եղած տեղեկությունների բովանդակությանը ծանոթ չէ, ինքը երևույթի մասին է խոսում և պնդում է, որ կատարվածում ապօրինի բան չկա։ «Ո՞ր օրենքն է խախտվել, որ իմացել ենք Աղազարյանի հեռախոսի մեջի ինֆորմացիան»,- ասաց պատգամավորը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ արդյո՞ք օրենքի խախտում չէ, որ քրեական գործով պատգամավորի հեռախոսն առգրավվել և այնտեղի բովանդակությունը քննարկվել է կուսակցության վարչության նիստում։ |
Բաժանորդագրվել լրահոսին