ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Քրեական արդարադատությունը հեղինակազրկող իրավիճակի պատասխանատուն վարույթն իրականացնող քննիչի վերադասներն են»․ Արթուր Ղամբարյան
19:42, 05.12.2024 | mamul.am
956 | 0

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քրեական վարույթի առարկան կազմող տվյալները քաղաքական նպատակով հրապարակելը

Մաս 1- Պետական գաղտնիք կազմող տվյալների պաշտպանությունը

1․ Եթե, օրինակ՝ տնտեսական հանցանքի վերաբերյալ քրեական վարույթի ընթացքում քննիչը հայտնաբերում է պետական անվտագության դեմ ուղղված հանցանքի հատկանիշներ, ապա պարտավոր է այդ մասին ներկայացնել հաղորդում, որի հիման վրա նախաձեռնվում է առանձին քրեական վարույթ։

Այդ քրեական վարույթի շրջանակում գործում է պետական գաղտնիքի պահպանության հատուկ ռեժիմ։ Այսպես՝ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման՝ օրենքով նախատեսված միջոցներ (Քր․ԴՕ-ի 169-րդ հոդված):

ԱՅՍՊԻՍՈՎ - պետք է պարզել, թե քննիչն այլ հանցանքի մասին հատկանիշներ հայտնաբերելիս, արդյոք ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում, թե ոչ։

2․ Քննչական մարմինը, եթե կարիք ունի տեխնիկական միջոցի կիրառմամբ հեռախոս «բացել», ապա դրա իրավական ձևը դատական փորձաքննություն նշանակելն է։ Այսպես՝ փորձաքննություն կատարվում է, երբ վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտ են գիտության, տեխնիկայի (․․․) հատուկ գիտելիքներ (Քր․ԴՕ-ի 252-րդ հոդված):

ՀՀ քննչական կոմիտեի կազմում գործում է փորձագիտական կենտրոն, որը կոչված է լուծելու փորձաքննության առարկան կազմող խնդիրներ։

ԱՅՍՊԻՍՈՎ - իրականությունը քողարկելու նպատակով հորինված պատմություն է այն, որ մի գերատեսչություն (ենթադրվում է քննչական մարմինը) դիմել է Վարչապետի ենթակայության ներքո գործող գերատեսչությանը (ենթադրվում է ԱԱԾ-ին), խնդրելու, որ նա տեխնիկական միջոցներով լուծի դատավարական խնդիր։

3․ Քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց բացատրություններից ստեղծում է տպավորություն, որ քննչական մարմինը խնդրել է մեկ այլ գերատեսչությանը կատարել պատգամավորի հեռախոսի թվային խուզարկություն, որը, ըստ օրենքի՝ էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների որոնումն է (Քր․ԴՕ-ի 236-րդ հոդված): Եթե դա այդպես է, ապա թվային խուզարկությունը՝ որպես քննչական գործողություն, կատարում է քննիչը, այն էլ բացառապես դատարանի որոշման հիման վրա։

ԱՅՍՊԻՍՈՎ – Քննիչը նման իրավիճակում իրավասու չէ քննչական գործողության (թվային խուզարկության) կատարումը պատվիրակել օպերատիվ աշխատակցին։

Մաս 2 – Պատգամավորի մասնավոր կյանքի պաշտպանությունը

Եթե տնտեսական հանցանքի վերաբերյալ վարույթով բացահայտվում են վարույթի հետ առնչություն չունեցող մասնավոր տվյալներ, ապա դրանք պահպանվում են քրեադատավարական հատուկ ռեժիմով։ Այսպես՝

1.1․ Իրավասու մարմիններն առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ տեղեկություններ կարող են հավաքել, պահել և օգտագործել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, եթե դա անհրաժեշտ է վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքներ բացահայտելու համար: (Քր․ԴՕ-ի 26-րդ հոդվածի 1-ին մաս)․

1․2․ Նախաքննության տվյալների հրապարակումն արգելվում է, եթե դա կարող է` վտանգել վարույթի մասնակիցների կամ այլ անձանց իրավունքները (Քր․ԴՕ-ի 186-րդ հոդվածի 2-րդ մաս)․

1․3․ Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել մասնավոր և ընտանեկան կյանքին վերաբերող գաղտնիքի պահպանման՝ օրենքով նախատեսված միջոցներ (Քր․ԴՕ-ի 168-րդ հոդվածի 1-ին մաս)․

1․4․ Վարույթն իրականացնող մարմնի պահանջով վարութային գործողությունների մասնակիցները պարտավոր են չհրապարակել նշված տեղեկությունները, որի համար նրանցից վերցվում է ստորագրություն (Քր․ԴՕ-ի 168-րդ հոդվածի 2-րդ մաս)։

ԱՅՍՊԻՍՈՎ – Պատգամավորի՝ խիստ մասնավոր կյանքի վերաբերյալ տվյալները վարույթի հետ առնչություն չունեցող անձանց փոխանցելը և դրանք նեղ կուսակցական խնդիրներ լուծելու նպատակ օգտագործելը հակասում է քրեական դատավարությունում մասնավոր կյանքի պահպանության ռեժիմին։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ - քննչական աշխատանքը և քրեական արդարադատությունն աղաղակող աստիճանի հեղինակազրկող այս իրավիճակի առաջին պատասխանատուն վարույթն իրականացնող քննիչի վերադասներն են»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին