ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին
20:00, 05.12.2024 | mamul.am
629 | 0

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպանին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
«Դեկտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։
Նորին Սրբությունը, շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով, մաղթեց բարեհաջող առաքելություն ի նպաստ երկու ժողովուրդների կապերի առավել զորացման։
Հայոց Հովվապետն իր գոհունակությունն արտահայտեց երկու երկրների միջև ձևավորված արդյունավոր փոխգործակցության առիթով։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև անդրադարձ կատարեց աշխարհաքաղաքական մտահոգիչ զարգացումներին և դրանց ազդեցությանը մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա՝ աղոթելով, որպեսզի աշխարհում դադարեն հակամարտությունները և տարբեր ազգեր չապրեն նույնպիսի ցավն ու տառապանքը, որ հայ ժողովուրդը կրեց Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը հավաստիացրեց Նորին Սրբությանը, որ կանի առավելագույնը երկու երկրների բարեկամությունն ու հարաբերություններն առավել ամրապնդելու ուղղությամբ:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև բռնի տեղահանված արցախահայերի սոցիալական խնդիրների հաղթահարմանն ուղղված Մայր Աթոռի ծրագրերին, ինչպես նաև միջեկեղեցական ոլորտում առկա սերտ գործակցությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին