ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+1 °C, +1 °C ... +1 °C Վաղը`-11 °C
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում 270 ընտանիքի տրվել է հավաստագիր
19:54, 06.12.2024 | mamul.am
826 | 0

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում արդեն իսկ 270 ընտանիքի տրվել է հավաստագիր՝ բնակարանի ձեռքբերման, կառուցման և գործող հիփոթեքային վարկերի մարման համար․ գործընթացը շարունակվում է։

Այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ հիշեցնելով, որ ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 2-ից 5 մլն դրամի շրջանակում։

«Միջոցառման շահառու կարող են դառնալ ԼՂ այն հայրենակիցները, ովքեր՝

• տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո,

• ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,

• չունեն սեփականություն,

• չեն հանդիսանում ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման և Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու։

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն իրականացվում է 3 փուլով։

1-ին փուլում կարող են ընդգրկվել՝

• 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն,

• 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն,

• զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն կամ կառուցել այն,

• գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, որի դեպքում աջակցությունը կուղղվի տվյալ հիփոթեքի մարմանը,

• ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ։

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել https://housing.socservice.am/ հարթակում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին