«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նելլի Դավթյանը հեղափոխությունից հետո «Արմենպրես» լրատվական գործակալության լրագրողից սահուն քայլերով (օրերս) դարձավ ՀՀ ՆԳՆ Միգրացիոն ծառայության պետ։ Ներկայացնելով 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիր՝ Նելլի Դավթյանը չի հայտարարագրել սեփական անշարժ գույք, սակայն հայտարարագրել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող բնակարան, որը փաստացի իրեն չի պատկանում, սակայն 90 օրից ավելի շահագործվում է իր կողմից։ Հաշվետու տարվա ընթացքում Դավթյանը ձեռք է բերել մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց ALFA ROMEO մակնիշի, որն արժեցել է 1 մլն 925 հազար դրամ։ Դավթյանը նաև շահագործում է սեփականության իրավունքով իրեն չպատկանող KIA մակնիշի մեքենա։ Միգրացիոն ծառայության նոր պետի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 365 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է գրեթե 130 հազար դրամով։ Կանխիկ դրամական միջոցները ևս ավելացել են՝ 200 հազար դրամից դառնալով 350 հազար դրամ։ Դավթյանի տարեկան միակ եկամուտը եղել է աշխատանքի վարձատրություն ՀՀ ՆԳՆ Միգրացիոն ծառայությունից՝ 4 մլն 645 հազար դրամ։ |
Բաժանորդագրվել լրահոսին