Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ, հերթական անգամ, մի քանի ժամ քայլեցի Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով, մեր մոտ, գյուղի տարածքում: Սովորաբար, երեկոյան, քարտեզի վրա եմ նայում սահմաններն ու սահմանագիծը, գետերն ու սարերը, բնակավայրերը՝ գյուղերն ու քաղաքները:
Այսօր բաց աղբյուրները այնքան առատ են, որ ամեն ցանկացող կարող է, օրինակ, վերցնել սահմանի երկայնքով հայկական բնակավայրերի բնակչության ընդհանուր քանակը և համեմատել սահմանի երկայնքով ադրբեջանական բնակչության քանակի հետ:
Խոսքը, տվյալ պահին, Տավուշ-Ղազախ/Աղստաֆա-Թովուզ հատվածի մասին է:
Ես չգիտեմ, թե մենք Ադրբեջանին ինչ ոլորտներում ենք զիջում, բայց վստահաբար գիտեմ, որ ժողովրդագրությունը մեզ մոտ ուղղակի աղետալի է:
Մենք ունենք սահմաններում գյուղական բնակչությունը պահելու լրջագույն խնդիր:
Պետությունը անելիք ունի, այլապես մեկ սերունդ հետո սահմանային բազմաթիվ գյուղեր ուղղակի դատարկ են լինելու:
Տարիներ առաջ ներկայացրել եմ, որ, օրինակ, Կապանի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ- Շիշկերտ, Ծավ գյուղերում, որոնք կազմում են Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ հիսուն կիլոմետր երկարությամբ սահման, այդ վեց գյուղերի բոլոր դպրոցներում միասին, սովորում է միայն 50 աշակերտ, էլ չասած, որ երեք գյուղում դպրոց ընդհանրապես չկա:
Նույն, կամ գրեթե նույն տխուր ու մտահոգիչ վիճակն է սահմանի բազմաթիվ այլ հատվածներում:
Մտածել է պետք և ոչ ամբողջ պետական համակարգով ու լրատվամիջոցներով կենտրոնանալ Աղազարյանի սիրային նամակների վրա»։
«Սահմաններում գյուղական բնակչությունը պահելու լրջագույն խնդիր ունենք»․ Թաթուլ Հակոբյան