Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցով ընդունվեց Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու լիազորությունների դադարեցման մասին որոշումը։ Ըստ հիմնավորումների՝ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում: Եռամսյա ժամկետը լրանում է դեկտեմբերի 10-ին»: Միաժամանակ, կառավարության որոշմամբ, Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն, օրը, կնշանակի ԿԸՀ-ն՝ արտահերթ ընտրություններ նշանակելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում։ «Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը»,- նշված է կառավարության հիմնավորման մեջ։ |
Բաժանորդագրվել լրահոսին