«Մեդիա-կենտրոն» ծրագրի խմբագիր համակարգող Արշալույս Մղդեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ասադի վարչակագրի տապալումից և Թուրքիայի հովանավորյալ ուժերի հաղթանակից հետո մեծ տարածաշրջանը` Մերձավոր Աևելքը Հարավային Կովկասի հետ կրկին եռուզեռի մեջ է:
Ասադի հետքը դեռ չի հասցրել «չորանալ», Թուրքիայի հետախուզության պետն ու ԱԳ նախարարը մեկնել են Դամասկոս` կարծես ցուցադրելու, թե որ երկիրն է Սիրիայում ռազմական հեղաշրջման իրական շահառուն, իսկ այժմ արդեն` տանտերը:
Զուգահեռ Ադրբեջանի և Թուրքիայի ուժայիններն ինտենսիվ շփումների մեջ են:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն ընդունել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության պետ Էլչին Գուլիևին, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի օդուժի հրամանատար Զիյա Ջեմալ Քադըօղլուի գլխավորած պատվիրակությանը տեղեկացրել է հայ-ադրբեջանական, ինչպես իրեք են ասում, «պայմանական սահմանին» առկա «օպերատիվ իրավիճակի» մասին։
Այդ ամենի ֆոնին Հայաստանի ԱԱԾ հայտնում է Թուրիքայի տարածքից ՀՀ պետական սահմանի «ապօրինի հատման հավանական փորձի» մասին: Այնուհետև բաց աղբյուրներից լրագրողները պարզում են, որ նույն օրը, այն է` դեկտեմբերի 12-ին, Հայաստանի սահմանին նկատվել է թուրքական «Աքսունգուր» (Anka-2) անօդաչու թռչող սարք:
Մեկ այլ անօդաչու թռչող սարք (Bayraktar TB-2) նախորդ օրը թռել է Հայաստանի սահմանին մոտ, ևս երկուսը մոտակայքում են եղել, ավելի մոտ Իրանի սահմանին:
Սրան զուգահեռ, ադրբեջանցի երկու բարձրաստիճան պաշտոնյա` ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և նախագահ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, թարմացրել են Հայաստանի դեմ իրենց պահանջները:
Ըստ Բայրամովի` Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումն «ավելի է բարդացրել իրավիճակը», իսկ Հաջիևը, որը մինչ այդ այցելել էր Իսրայել և բանակցել Մերձավոր Արևելքի այդ կարևորագույն երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ, պահանջել է դադարեցնել «Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը»:
Մեծ տարածաշրջանում, որտեղ մեր աչքի առաջ պետություն է քանդվում` փլուզելով իր հետ մյուս տարածաշրջանային գերտերության` Իրանի տասնամայկներով կառուցած` Սիրիա-«Հեզբոլլա»-«Համաս» դիմադրության առանցքը, գրեթե բոլորը սկսել են գործել: Գործի են դրել ռազմական, դիվանագիտական և քաղաքական զինանոցը: Մեկը` ձգտում է պղտորվող ջրերում մի բան պոկել, մյուսը` չկորցնել:
Կորցնելու է թույլը, կորցնելու է տկարը, կորցնելու է անհեռատեսը...»: