Զուրաբիշվիլին իր առաջին հայտարարությունն արեց այն բանից հետո, երբ խորհուրդը հայտարարեց Վրաստանի նոր նախագահի մասին «Ոչինչ չկա, ոչ ոք ոչ ոքի չի ընտրել, ոչինչ չի եղել»,- ասել է նախագահը։ Ավելի վաղ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները և մտադիր չէ լքել իր պաշտոնը։ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, շաբաթ օրը՝ դեկտեմբերի 14-ին, Վրաստանում կայացան նախագահի ընտրությունները։ Առաջին անգամ նախագահին ընտրել են ոչ թե քաղաքացիները, այլ ընտրական կոլեգիան, որտեղ մեծամասնություն ուներ «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ձայների մեծամասնությամբ նախագահ է ընտրվել նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին։ Նա «Վրացական երազանք»-ի միակ թեկնածուն էր։ Կավելաշվիլին «Ժողովրդի իշխանություն» առանձին խմբավորման առաջնորդն է։ Սակայն վերջին ընտրությունների ժամանակ նա խորհրդարան է մտել` որպես «Վրացական երազանք» ցուցակի 18-րդ համարը։ Կավելաշվիլին վրացական ֆուտբոլի վետերան է։ Նա եղել է Վրաստանի հավաքականի անդամ և հանդես է եկել մի շարք ակումբներում, այդ թվում՝ Վրաստանում, Բրիտանիայում, Շվեյցարիայում և Ռուսաստանում։ Վրաստանում նախագահական ընտրությունների ֆոնին շարունակվում են հանրահավաքները, որոնց մասնակիցները չեն ճանաչում ընտրությունների օրինականությունը։ |
Բաժանորդագրվել լրահոսին