ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Shushan&Tatev՝ կանացի զարդերի նոր ապրանքանիշ Հայաստանում
14:32, 03.01.2015 | mamul.am
13619 | 0
Պարզ, առանց ավելորդ տարրերի ու շքեղ միաժամանակ, նուրբ ու ներդաշնակ՝ գույների և նյութերի սահուն համադրությամբ՝ այսպես են զարդերի սիրահարները բնութագրում Shushan&Tatev նորահայտ ապրանքանիշի արտադրանքը: Ընդամենը մի քանի ամիս առաջ հիմնված ապրանքանիշն այսօր առաջարկում է կանացի զարդերի՝ ականջօղերի, թևնոցների, վզնոցների, զարդաքորոցների և մազակալների բազմազան տեսականի, որոնք իրենց սպառողներին են գտնում ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում:
Shushan&Tatev-ը երկու քույրերի՝ Շուշանիկ և Տաթևիկ Ղալթախչյանների համատեղ ստեղծագործ աշխատանքի արդյունքն է. «Զարդերով սկսել ենք զբաղվել 2014-ի ամռանից: Մինչ այդ զբաղվում էինք տան դեկորի ձեռագործ իրերով` ժամացույցներ, պատի պանոներ, բարձեր և այլն: Այնուհետև զգացինք, որ ստեղծագործելու ավելի մեծ ներուժ ունենք: Սկզբում մի քանի զարդ մեզ համար պատրաստեցինք, ապա` մեր ընկերների: Մարդկանց վերաբերմունքից և հիացմունքից հասկացանք, որ պետք է շարունակել»,- ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Շուշանիկը:

Հարցին, թե ինչպիսին է գնորդների արձագանքը, Շուշանիկը պատասխանեց. «Մեր գործերի հասցեին ամենամեծ գովասանքն այն է, որ դեռ չի եղել հաճախորդ, որ ձեռք բերի մեր զարդերից և դժգոհ լինի: Ավելին, մեծի մասամբ մարդիկ վերադառնում են կրկնակի, եռակի և ավելի գնումների մտադրությամբ: Զարդերը գնում են նաև արտասահմանյան ընկերներին, հարազատներին, գործընկերներին նվիրելու համար և, ի ուրախություն մեզ, փոխանցում նվեր ստացողների ոգևորությունն ու հիացմունքը»:
Այն հարցին, թե ինչ նյութեր են օգտագործվում զարդերը պատրաստելիս, Տաթևիկը պատասխանեց. «Իրականում պոլիմերային կավով զարդեր մեր շուկայում շատ կան, բայց մենք որոշեցինք որդեգրել նոր մոտեցում: Համադրեցինք պոլիմերային կավն, էմալն, ակրիլային ներկերն ու մետաղները՝ բրոնզի համաձուլվածք, արծաթի համաձուլվածք, մաքուր արծաթ»:

Քույրերի զարդերը դեկտեմբերին ներկայացան Ամերիկյան դեսպանատանը կազմակերպված ցուցահանդես-վաճառքին, որից հետո նրանք հրավերք ստացան ներկայացնել զարդերը դեսպանատան ներսում տեղակայված խանութ-սրահում:

Shushan&Tatev-ի բոլոր զարդերը հեղինակային են և պատրաստվում են քույրերի անձնական դիզայնով, որի տաղանդը նրանց է փոխանցվել իրենց մայրիկից, որն էլ հանդիսանում է նրանց ամենամեծ ոգեշնչման աղբյուրն ու օգնականը: Զարդերը պատրաստվում են թե անձնական դիզայնով, թե պատվիրատուների խնդրանքով` հաշվի առնելով ամենատարբեր և հետաքրքիր ցանկություններն և համադրությունները: Զարդերի պատրաստման ողջ ընթացքը իրենից ներկայացնում է միայն ձեռքի աշխատանք` ամփոփելով իր մեջ մեծ սեր, ջանք և աննկարագրելի ոգևորությունը դեպի այն ամենն, ինչ ստեղծվում է այդ սիրո շնորհիվ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր