Աշխարհի ամենաբարձր արձանը գտնվում է Չինաստանում, Հենան նահանգի Չժաոցուն ավանում: Բրոնզե հսկան պատկերում է Բուդդա Վայրոչանին՝ իմաստության 5 բուդդաներից մեկին: Արձանի պաշտոնական անվանումներն են՝ Գարնանային տաճարի Բուդդա կամ Ոսկե Ֆոշանի Բուդդա: Արձանի կառուցումը չինացիներն սկսել են ի հեճուկս «Թալիբան» շարժման ղեկավարների, որոնք 2001 թվականին Աֆղանստանում վերացրել էին Բուդդայի 2 արձանները՝ «անհավատների» պաշտամունքի առարկայի արձանը համարելով խայտառակություն իրենց երկրի համար: Այս միջադեպը ժամանակին մեծ արձագանք է գտել ամբողջ աշխարհում, քանի որ արձանները ընդգրկված են եղել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում: Փորձելով ապացուցել իրենց հավատքի հզորությունն ու նշանակությունն, արդեն 1 տարի անց չինացի վարպետները կանգնեցրել են աշխարհում ամենամեծ արձանը՝ Բուդդայի պատկերով: 108 մետրանոց Բուդդան կանգնած է 20 մետրանոց պատվանդանի վրա, որն ունի արևելքում սրբացվող լոտոսի տեսք: Ամենը միասին՝ արձանի ընդհանուր բարձրությունը հասնում է 153 մետրի: Սակայն չինացիներն այս ամենով չեն սահմանափակվել: 2010 թվականին այն բլուրը, որի վրա կանգնած է եղել արձանը, ձևափոխվել է 2 հսկա քարե աստիճանների: Նոր չափումները ցույց են տվել, որ արձանի բարձրությունը ամենացածր մասից մինչև գագաթը կազմում է 208 մ: Այդ օրվանից Գարնանային տաճարի Բուդդան գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամեծ արձան: Զարմանալի է, բայց արձանի կառուցումը Չինաստանի բյուջեի վրա համեմատաբար էժան է նստել՝ 55 միլիոն դոլար, որից 18-ը ծախսվել է անմիջապես արձանի վրա, որը բաղկացած է 33 տոննա պղնձից, 108 կգ ոսկուց և 1000 տոննա հատուկ մետաղից: Ստորև ներկայացնենք աշխարհի մյուս բարձր արձանները՝ առավել ակնառու համեմատության համար: Դայբուցու Իսուկու, ճապոնիա- 100 մետր Բուդդայի արձանը Անգթհոնգում, Թայլանդ – 92 մետր Մայր հայրենիքն է կանչում, Ռուսաստան – 85 մետր Ազատության արձան, ԱՄՆ – 46 մետր Քրիստոս փրկչի արձան, Բրազիլիա- 30 մետր |