Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 496.58, EUR 539.43, RUB 6.56, GBP 612.23
+11 °C, 0 °C ... +12 °C Վաղը`+15 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Կյանքում միշտ օգտակար է երևալ մի փոքր հիմար…». այսօր Վան Գոգի ծննդյան օրն է
13:26, 30.03.2015

«Վան Գոգը պատկանում է այն արվեստագետների թվին, որոնք միշտ էլ արդիական են լինելու, որովհետև նրա կտավներն ու գծանկարները հետաքրքիր ու գրավիչ են բազմաթիվ տեսակետներից»,- ասել է Մարտիրոս Սարյանը։

Հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգը ծնվել է 1853-ի մարտի 30-ին, հոլանդական Զունդերգ գյուղում: Գեղանկարչական ոլորտում ստեղծագործել սկսել է 27 տարեկանից: Սկզբում Վան Գոգը նկարել է մռայլ գույներով, և դա շարունակվել է մինչև նրա Ֆարիզ մեկնելը: Փարիզում նկարիչը ծանոթացել է իմպրեսիոնիզմի հետ, որն էլ նպաստել է նկարչի զարգացմանը գեղանկարչության ոլորտում։

Առաջին նշանակալի շարքը` հասարակ մարդկանց նկատմամբ սիրով լի նկարների շարքն էր. «Կարտոֆիլ ուտողները», «Քարածուխ տանող կանայք», «Գեղջկուհի», «Օջախի առջև», «Մորմոքող ծերունին» և այլն, որտեղ հեղինակն արտահայտել է բնորդների հոգեկան լարվածությունը, տառապանքն ու ընկճվածությունը:

1886-ից նկարիչը տեղափոխվել է Փարիզ, որտեղ ուսումնասիրել է իմպրեսիոնիստ նկարիչների` Էդուարդ Մանեի, Պոլ Գոգենի, Ալֆրեդ Սիսլեյի և այլոց ստեղծագործություններն ու ճապոնական փորագրությունները։ Այդ շրջանից նրա գործերում մուգ գույները փոխարինվել են կապույտի, ոսկեդեղինի, կարմրի մաքուր ու պայծառ երանգներով:

1888-ին Վան Գոգը տեղափոխվել է Ֆրանսիայի Առլ քաղաք, որտեղ վերջնականապես ձևավորվել է նրա ստեղծագործական յուրահատուկ ոճը։

Վան Գոգի ամենահայտնի կտավներից են «Արևածաղիկներ», «Կարմիր խաղողի այգին», «Կակաչներ» և այլն:

Նկարչի կյանքի վերջին տարիների լարված աշխատանքն ուղեկցվել է հոգեկան հիվանդության նոպաներով: Ցնցումներից մեկի ժամանակ նա կտրել է իր ականջը, թեպետ այս վարկածը հերքում են գերմանացի գիտնակաները։ 1889–90-ին Վան Գոգը եղել է հոգեբուժարանում, որտեղ էլ ինքնասպան է եղել։

Վան Գոգի վերջին գործերն առանձնանում են գունային զուգորդումներով, ռիթմի խիստ արտահայտչականությամբ, տրամադրության կտրուկ փոփոխություններով, ծայրահեղ հուսահատությամբ ու պոռթկումներով:

Վան Գոգի արվեստը ժամանակին չի գնահատվել. նրա գործերը համաշխարհային ճանաչման են արժանացել շուրջ 100 տարի անց։ Նկարչի ստեղծագործությունն արտացոլել է եվրոպական մշակույթի պատմության բարդ, բեկումնային շրջանը։ Վան Գոգի գործերից պահվում են աշխարհի լավագույն թանգարաններում (Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի անվան կերպարվեստի, Կրյոլլեր-Մյուլլերի պետական, Նյու Յորքի Մետրոպոլիտեն և այլն)։

Վան Գոգն ապրել և ստեղծագործել է՝ հոգեպես տառապելով։ Նրա հիվանդության հարցը, և դրա անդրադարձն իր աշխատանքների վրա առ այսօր վիճաբանություններ են առաջացնում:

«Թող ես անձամբ ստանամ հարվածներ,անեմ տարբեր սխալներ,հաճախ լինեմ շատ սխալ,բայց դա այնքան էլ սարսափելի չէ ,որովհետև ամեն դեպքում ես հիմնականում ճիշտ եմ դուրս գալիս...»- եղբորը հասցեագրված նամակում գրել է Վան Գոգը:

«Ի՞նչ է նկարչությունը: Ինչպե՞ս տիրապետել նրան: Դա անտեսանելի պատի միջով անցնելու կարողություն է, որը կանգնած է այն բանի միջև, ինչ դու զգում ես և այն,ինչ կարող ես դու անել»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր