Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը շախմատի մեծ սիրահար է: «Շախմատ խաղալ ինձ սովորեցրել է պապս, երբ դեռ փոքր էի: Ինչպես ամեն հարցում, այնպես էլ շախմատում, հաղթելն ինձ համար կարևոր է: Շախմատը մտքի խաղ է, և, իմ կարծիքով, բավականին լավ եմ տիրապետում այդ խաղին: Ես հաճախ եմ պարտիաներում հաղթանակ տոնում, ինչից ելնելով էլ ենթադրում եմ, որ լավ եմ շախմատ խաղում, բայց, իհարկե, պետք է հաշվի առել այն հանգամանքը, որ մրցակիցներս պրոֆեսիոնալ շախմատիստներ չեն: Խաղընկերներս իմ ընկերներն են, մեր մարզական ակումբի մարզիկները, մարզիչները... Չէի ասի, որ շատ հաճախ ենք նստում խաղատախտակի առջև, բայց երբ ստացվում է, մեծ հաճույքով խաղում ենք»,- ասել է Աբրահամը՝ «Շախմատային Հայաստան» պարբերականին տված հարցազրույցում։ Աբրահամը նշել է նաև, որ հետևում է մեր հավաքականի նորություններին․ «Քանի որ Հայաստանի շախմատի հավաքականը և, առհասարակ, հայ շախմատիստները միշտ լավ արդյունքներ են արձանագրում միջազգային մրցաշարերում, ես հետևում եմ և ուրախանում նրանց հաջողություններով: Շատերին գիտեմ հայ շախմատիստներից` Լևոն Արոնյանին, Գաբրիել Սարգսյանին, Տիգրան Պետրոսյանին, Վլադիմիր Հակոբյանին...»։ |
Բաժանորդագրվել լրահոսին