ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Մի՞թե այդ սեխերը քեզ կամ քո հորն էին պատկանում»
01:00, 26.06.2022
1040 | 0

Միջնադարյան արաբ ամիրաներից մեկի արքունիքում ծառայող մի բարձրաստիճան պաշտոնյա՝ Զու Նուն իբն Մուսա անունով, իր ծառայակիցներից մեկին իր մանկության տարիների հետևյալ դիպվածն է պատմել.

«Երբ ես դեռ երեխա էի, - ասել է նա, - մի օր, հորս հանձնարարությամբ, էշին սեխեր բարձած, մեկնեցի Ասկար (քաղաք Իրաքում), որպեսզի դրանք վաճառեմ:

Ճանապարհին հանդիպեցի բազմաթիվ զինվորների, որոնցից մի քանիսը մոտեցան ինձ. նրանցից մեկն առանց հարցնելու վերցրեց երեք կամ չորս սեխ, և նրանք շարունակեցին իրենց ճանապարհը: Ես վախեցա, որ կորուսյալ սեխերի համար պատժվելու եմ և սկսեցի լաց լինել ու ողբալ, իսկ էշս էլ զռռոցը կապեց:

Հանկարծ մեզ մոտեցավ մեկ այլ՝ առավել մեծ զինվորական ջոկատ: Առջևից ընթացողը կանգ առավ ու ինձ հարցրեց. «Տղա՛, ինչո՞ւ ես լալիս ու ողբում»: Երբ ես նրան բացատրեցի, թե ինչ է տեղի ունեցել, նա դարձավ զինվորներին ու ասաց. «Անմիջապես այստե՛ղ բերեք այդ մարդուն»: Հնարավոր է, որ սեխերս խլողն իմ հետևում էր կանգնած, որովհետև նրան անմիջապես գտան ու բերեցին: Հեծյալը հրամայեց նրան մտրակել, իսկ ինքն ամբողջ ընթացքում չհեռացավ: Ես էշիցս չիջա, և ամբողջ զորքը կանգ առավ: Հեծյալը մի գլուխ հայհոյում էր սեխերս խլողին՝ նրան «շուն» անվանելով, իսկ հետո նրան հարցրեց. «Մի՞թե դու փող չունեիր, որ այդ սեխերի համար վճարեիր: Մի՞թե դու չէիր կարող դրանք գնել: Մի՞թե այդ սեխերը քեզ կամ քո հորն էին պատկանում: Չէ՞ որ մարդը տանջվել է, սերմանել է, ջրել է, սերմերի համար վճարել է ու նաև հարկեր է վճարել»:

Նա շարունակեց այդպիսի հարցեր տալ մեղավորին մտրակահարելու ամբողջ ընթացքում: Իսկ հարվածների թիվը երևի հարյուր կլիներ: Դրանից հետո հեծյալը կարգադրեց բարձրացնել այդ զինվորին, և նրանք ճանապարհ ընկան:

Զինվորներից մեկը սկսեց հայհոյել ու անիծել ինձ, որ մի քանի սեխի համար իրենց ընկերը մտրակի շուրջ 100 հարված է ստացել: Իսկ ես զինվորներից մեկից հարցրեցի, թե ով է այդ հեծյալը, և նա պատասխանեց, թե ալ Մութադիդ Ալալահն* է»:

*Աբբասյան հարստության՝ 870 – 892 թթ. գահակալած ամիրայապետ (խալիֆ):

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
212 | 0
դեպի վեր