ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Որքան էլ զարմանալի թվա, Երուսաղեմի հայ գաղութին Օմար խալիֆն ազատություն է բերել, փրկել է հույն կղերականության հալածանքներից»
09:55, 08.09.2022
3628 | 0

Դեռ Մուհամմեդ մարգարեի ժամանակ նորահայտ կրոնը, զինված սրբազան պատերազմի գաղափարով, արշավանքներ է ծավալել Արաբական թերակղզու սահմաններից դուրս և Բյուզանդիայի դեմ կռվել է Սիրիային տիրելու համար: Մուհամմեդին հաջորդած Աբու Բաքրը, վերսկսելով սիրիական արշավանքները, միաժամանակ պատերազմական գործողություններ է ծավալել Պարսկաստանի դեմ: Բախումները տեղի են ունեցել Եփրատի և Տիգրիսի ստորին հոսանքների միջև ընկած տարածքում՝ մինչև Պարսից ծոց: Բայց քանի որ Պարսկաստանի դեմ պատերազմական գործողությունները ցանկալի արդյունք չեն ապահովել, Աբու Բաքրն ստիպված է եղել առժամանակ թուլացնել Պարսկաստանին հասցվող հարվածները և ուշադրությունը կենտրոնացնել Բյուզանդիայի վրա: Աբու Բաքրն առանձնակի հաջողության չի հասել, բայց երբ խալիֆ է դարձել Օմարը, արաբների խոշոր հաղթանակները հաջորդել են իրար: 635 թվականին արաբները գրավել են Դամասկոսը, որի անկումը նշանակել է ամբողջ Սիրիայի նվաճումը: 636 թվականին արաբները փայլուն հաղթանակ են տարել Յարմուկ գետի ափին, և բյուզանդական բանակի զինվորները թեպետ քաջաբար են կռվել, բայց ջախջախվել են: Կայսերական զորքը գրեթե ոչնչացել է: Դրանից հետո արաբների առջև ճանապարհ է բացվել դեպի Պաղեստինի խորքերը: Հիսուսի խաչափայտը պարսիկներից ազատագրած կայսր Հերակլը, կորցնելով հույսը, թե ի զորու կլինի կանգնեցնել թշնամու հաղթարշավը, հոգ է տարել, որ Քրիստոսի խաչափայտն այս անգամ էլ արաբների ձեռքը չընկնի: Վերցնելով Երուսաղեմում հինգ տարի առաջ հաստատած խաչափայտը՝ կայսրը մեկնել է Կոստանդնուպոլիս: Հեռանալով Սիրիայից՝ կայսրը, ինչպես պատմում են, ասել է. «Մնա՛ս բարով, Սիրի՛ա, հավիտյա՛ն մնաս բարով»: 637 թվականին արաբներին անձնատուր է եղել երկու տարի պաշարման ենթարկված Երուսաղեմը: Երուսաղեմցիներին սովն է ստիպել անձնատուր լինել: Անձնատրության բանակցություններում գլխավոր դերը կատարել է հունաց պատրիարք Սոփրոնիոսը:

Երուսաղեմը, որպես Քրիստոսի գերեզմանի վայր, սրբազան նշանակություն է ունեցել նաև մուսուլմանների համար, ուստի Օմար խալիֆը, ընդունելով քրիստոնեական մեծագույն սրբավայրի հպատակությունը, հրամայել է ներկայիս մզկիթը կառուցել Սողոմոնի տաճարի տեղում:

Օմարը թույլ է տվել, որ քրիստոնյաներն ազատ պաշտեն իրենց աստծուն, բայց և չարգելեն, որ ով կամենա՝ իսլամ ընդունի:

Որքան էլ զարմանալի թվա, Երուսաղեմի հայ գաղութին Օմար խալիֆն ազատություն է բերել, փրկել է հույն կղերականության հալածանքներից: Դեռևս Հուստինիանոս Առաջինի ժամանակներում Հովհաննես պատրիարքը հայերին ստիպել էր հեռանալ Երուսաղեմից, քանի որ հայ եկեղեցին չէր ընդունել Քաղկեդոնի ժողովի որոշումները: Նմանատիպ հալածող է եղել նաև Սոփրոնիոս պատրիարքը Քրիստոսի միաբնակությունն ընդունող բոլոր քրիստոնյաների նկատմամբ: Ահա թե ինչու, երբ արաբները նվաճել են Երուսաղեմը, հույն կղերականներից հալածված ու փախած հայերը վերադարձել են սուրբ քաղաք:

Պետք է հատուկ ընդգծել, որ տվյալ ժամանակաշրջանում արաբական տիրապետությունը Պաղեստինում և Սիրիայում դավանական ազատություն է է բերել քրիստոնյաներին:

Վերոհիշյալ պարտություններից հետո Հերակլ կայսրին հուսահատությունն է համակել հատկապես այն ժամանակ, երբ Պաղեստինում սարսափելի սով է սկսվել և գիսավոր աստղ է անցել երկնքով, որը նիզակի ձև է ունեցել և իր սուր ծայրով ուղղված է եղել Կոստանդնուպոլսի կողմը: Լինելով կրոնամոլ և նախապաշարված մարդ՝ նա երկյուղով է համակվել ու սկսել է մտածել, որ իր անձնական մեղքերն են այդ բոլոր պարտությունների ու դժբախտությունների պատճառը:

Բյուզանդիայի պարտությունների գլխավոր պատճառներից մեկը եղել է կրոնական անհանդուրժողականությունը և հրեաների ու ոչ ուղղափառ քրիստոնյաների հալածանքները, անգութ հարկահանությունը նրանցից: Հրեաներն իրենց կրած հալածանքների վրեժն հանել են՝ մեծ աջակցություն ցույց տալով արաբներին: Իսկ Սիրիայի նեստորական քրիստոնյաներն այն համոզմանն են եղել, որ իրենք արաբական տիրապետության ներքո ավելի մեծ կրոնական ազատություն կվայելեն: Եվ նրանք իրավացի են եղել. արաբներն այդ ժամանակաշրջանում քաղաքական մեծ հեռատեսություն են դրսևորել ու ամենաթեթև պայմաններն են առաջարկել քաղաքների բնակչությանը, որի արդյունքում քաղաքները մեկը մյուսի հետևից իրենց դարպասներն են բացել նրանց առջև:

Բյուզանդական կայսրության համար ավերիչ է եղել նաև պետական կառավարման մեջ արմատավորված կոռուպցիան: Դավաճանությունը, ամեն պարտավորություն վաճառքի դնելը քայքայել է պետական կարգը:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
302 | 0
09:44, 13.04.2024
415 | 0
11:39, 08.04.2024
405 | 0
09:16, 06.04.2024
353 | 0
08:44, 03.04.2024
290 | 0
դեպի վեր