ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 387.22, EUR 416.92, RUB 4.78, GBP 485.19
+14 °C, +14 °C ... +30 °C Վաղը`+30 °C
Վանաձորում նշվեց մեծն զորավար Անդրանիկի ծննդյան օրը
19:32, 05.03.2023
870 | 0

Վանաձորում նշվեց մեծն զորավար Անդրանիկի ծննդյան օրը


«ԻՆՏԵՐԿԱՊ» ՀԿ-ի «Զորավար ԱՆԴՐԱՆԻԿ» նախաձեռնող խումբը բոլորին փետրվարի 25–ին ժ.13.30-ին հրավիրել էր միասին նշելու հայ եւ բուլղար ժողովուրդների Ազգային Հերոս Մեծն Զորավարի ծննդյան օրը: Հետաքրքիր էր, որ միջոցառման ժամանակ հնչեց Կարո Վարդանյանի խոսքերով՝ Արամ Խաչատրյանի երաժշտությամբ գրված հիմնը, երաժշտական ձևավորումը երաժշտագետ, պրոֆեսոր՝ Սերգեյ Հարությունյանի: Այն կատարեցին Վանաձորի պետական համալսարանի ուսանողները: Այնուհետև ժ.15oo-ն ՈՄԱ-Վանաձոր» ՀԿ-ի նախաձեռնությամբ «Լոռի» ժամանցի կենտրոնի դահլիճում մասնակիցները դիտել են «Անդրանիկը և Հայաստանի Հանրապետության ծնունդը» պատմափաստագրական ֆիլմը:

«ԻՆՏԵՐԿԱՊ» ՀԿ-ի նախագահ Նորայր Զուլոյանը կրկին շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր իրենց նվիրատվություններով ու աշխատանքով նպաստել են Վանաձորում մեծն զորավարի պատվին կառուցված հուշարձանի կառուցմանը: «ԻՆՏԵՐԿԱՊ» ՀԿ-ն հաճախ է մշակութային միջոցառումներ կազմակերպում, որոնք նվիրվում են հայ ազգային Հերոսների կյանքին ու գործունեությանը: Վերջերս էր, երբ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊՈԵԶԻԱ» ծրագրով «Ինտերկապի» նախաձեռնությամբ Եվրոպայի հայ համայնքներում՝ այդ թվում Նիդերլանդներում, տեղի ունեցան հանդիպումներ, որտեղ հաջողությամբ ներկայացվեցին ոչ միայն հայ ազգային գործիչների մասին պատումները, այլ նաև անվանի գրողների ստեղծագործությունները:


ՀԱՅԱՍՏԱՆ

Քո լեռներում հին դարերն են վարարել,

Հորձանք տվել, քարացել են հավիտյան,

Դու քարից այդ քո վանքերն ես արարել,

Քո վանքերը որպես աղոթք, Հայաստան։

ԿՐԿՆԵՐԳ

Ջահ ես միշտ վառ, դու ապավեն հայության,

Օրհնյալ լինեն որդիներդ միաբան,

Թող դարերում երգդ հնչի հաղթական,

Սուրբ անունդ փառքով օծվի Հայաստան։

Մութ հողմերն են փորձել ճամփադ խոտորել,

Բայց անցել են, փոշին դարձել պատմության,

Դու քո ջրին օտար ջրեր չես խառնել,

Ու պահել ես ոգին անեղծ հայկազյան։

Թնդաց կայծակ Արարատի գագաթից,

Եռագույնդ կապեց հույսի ծիածան,

Ձերբազատվեց քո երկինքը ամպերից,

Լույսով լցվեց փառքիդ ճամփան Հայաստան։



Փետրվարի 25-ը Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է

▶️ Ամեն օր ձեր գլուխը բարձին դնելու ու քնելուց առաջ հիշեք, թե այդ օրը ի՛նչ եք արել ձեր ազգին համար:

▶️ Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում:

▶️ Ամեն հայ, եթե միմիայն իր համար ապրելու մասին չմտածեր, մեր աղետների մեծ մասը պակաս կլիներ:

Անդրանիկը հայ ժողովրդի Ազգային հերոս է,

ազգային-ազատագրական շարժման գործիչ, փառաբանված հայդուկապետ և զորավար:

Անդրանիկ Օզանյանը սովորել է ծննդավայրի Մուշեղյան վարժարանում: 17 տարեկանում ահաբեկել է իր հորն անարգած թուրքին և բանտարկությունից խուսափելու համար գնացել է Կոստանդնուպոլիս, աշխատել զինագործարանում, ապա անցել Ռումինիա: 1891 թ-ին անդամագրվել է հնչակյան կուսակցությանը, շուրջ մեկ տարի անց` ՀՀԴ-ին, որից վերջնականապես հեռացել է 1917 թ-ին: 1890-ական թվականներին զինվորագրվել է Գուրգենի (Բաղդասար Մալյան), Աղբյուր Սերոբի հայդուկախմբերին: Զենք ձեռք բերելու նպատակով եղել է Սևաստոպոլում, Բաթումում, Թիֆլիսում, Կարսում, Սբ Էջմիածնում, Թավրիզում, Սալմաստում և այլուր: Համագործակցել է Դժոխք Հրայրի, Նիկոլ Դումանի, Սեպուհի, Մեծն Մուրադի հետ:

Աղբյուր Սերոբի սպանությունից (1899 թ.) հետո Տարոնում հայերի ինքնապաշտպանությունը կազմակերպել են Անդրանիկն ու Դժոխք Հրայրը: Անդրանիկի համբավը տարածվել է հատկապես 1901 թ-ի նոյեմբերի` Մշո Սբ Առաքելոց վանքի և 1904 թ-ի օգոստոսի` Աղթամարի կռիվներից հետո: 1904 թ-ի վերջին եղել է Իրանում ու Այսրկովկասում. հանդիպել է հասարակական-քաղաքական գործիչների հետ, 1914–20 թթ-ին Թիֆլիսում մտերիմ էր Հովհաննես Թումանյանի հետ:

1905–06 թթ-ին հայ-թաթարական կռիվների ժամանակ զենք հայթայթելու նպատակով մեկնել է Ֆրանսիա և Բուլղարիա: 1906 թ-ին հրատարակել է հայդուկային կռվի իր ռազմուսույցը՝ «Մարտական հրահանգներ» կանոնագիրքը: 1908 թ-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո հանդես է եկել ՀՀԴ-ի և երիտթուրքերի համագործակցության դեմ, մերժել թուրքական խորհրդարանի անդամ դառնալու դաշնակցության առաջարկը:

1912–13 թթ-ին Բալկանյան 1-ին պատերազմի ժամանակ Անդրանիկը կազմավորել է Հայկական կամավորական վաշտ և բուլղարական բանակի կազմում (հրամանատար` Գարեգին Նժդեհ) մարտնչել թուրքական զորքերի դեմ: Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) սկզբին հրավիրվել է Թիֆլիս, նշանակվել ռուսական Կովկասյան բանակի կազմում գործող Հայկական 1-ին կամավորական ջոկատի (1200 զինվոր) հրամանատար: Ղեկավարել է շուրջ 20 հաղթական ռազմական գործողություններ, որոնցից առավել ուշագրավ են հատկապես Դիլմանի ճակատամարտը (1915 թ-ի ապրիլ) և Բիթլիսի ազատագրումը: 1917 թ-ին նրա նախաձեռնությամբ հրավիրվել է Արևմտահայերի 1-ին համագումարը (մայիսի 2–11), ընտրվել է համագումարի պատվավոր նախագահ և Արևմտահայ ազգային խորհրդի անդամ, 1917–18 թթ-ին հրատարակել է «Հայաստան» թերթը (խմբագիր՝ Վահան Թոթովենց): 1918 թ-ի հունվարին նշանակվել է Հայկական երկրապահ զորամասի հրամանատար, ստացել ռուսական բանակի գեներալ-մայորի պաշտոնակալի աստիճան և նշանակվել Էրզրումի ամրացված շրջանի պաշտպանության ղեկավար: Ռազմաճակատի կազմալուծման և թուրքական գերակշիռ ուժերի հակահարձակման պայմաններում Անդրանիկն իր ջոկատով նահանջել է Սարիղամիշ–Կարս–Ալեքսանդրապոլ ուղղությամբ:

1918 թ-ի հունիսի 4-ին Բաթումում ստորագրվելիք թուրք-հայկական պայմանագրով, որով նախատեսվում էր նաև զինաթափել հայկական ջոկատները, այդ թվում՝ Անդրանիկի զորամասը, դադարեցվել են ռազմական գործողությունները: Այդ պայմանը սկզբունքորեն անընդունելի համարելով, միաժամանակ նորահռչակ Հայաստանի Հանրապետության կառավարությանը վնաս չպատճառելու համար Անդրանիկը որոշել է հեռանալ Հայաստանից: Հունիսի 2-ին Դիլիջանից անցել է Ելենովկա (այժմ՝ քաղաք Սևան), ապա՝ Նախիջևան, որտեղից մտադիր էր անցնել Պարսկաստան, ընդառաջ գնալ Բաքու շարժվող անգլիական զորքերին և նրանց աջակցությամբ Վանով մտնել Արևմտյան Հայաստան ու շարունակել պայքարը:

Իր զորամասով և շուրջ 20 հզ. գաղթականներով Անդրանիկը հունիսի 18-ին հասել է Նախիջևան, տեղում կարգուկանոն հաստատելուց հետո գավառը հայտարարել է Խորհրդային Ռուսաստանի անբաժան մաս և այդ մասին հեռագրել Բաքվի կոմունայի նախագահ Ստեփան Շահումյանին: Նախիջևանից Ջուլֆայով Պարսկաստան անցնելով՝ Անդրանիկի զորամասը Խոյի մոտ անակնկալ բախվել է թուրքական 11-րդ դիվիզիայի զորամասերից մեկի հետ և ստիպված վերադարձել է Զանգեզուր: Զորքի և բազմաքանակ գաղթականության համար ստեղծված բավական դժվար պայմանների պատճառով Անդրանիկը մնացել է Զանգեզուրում (հիմնականում՝ Սիսիանում) մինչև 1919 թ-ի գարունը, ղեկավարել Զանգեզուրի ինքնապաշտպանական կռիվները թուրքերի և մուսավաթականների դեմ: Սակայն, հիասթափվելով Հայաստանի նկատմամբ Անտանտի վարած քաղաքականությունից և դժգոհելով հայրենի կառավարության՝ իր հանդեպ ցուցաբերած վերաբերմունքից, 1919 թ-ի ապրիլին եկել է Սբ Էջմիածին, զորամասի գույքն ու զենքը հանձնել է կաթողիկոսին, զորացրել զինվորներին և մեկնել Ֆրանսիա, իսկ 1922 թ-ից հաստատվել է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում:

Անդրանիկը պատգամել էր իր աճյունը Հայաստան տեղափոխել, որի համաձայն` 1928 թ-ին այն նախ տեղափոխվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատուն, ապա 2000 թ-ին՝ Երևան և ամփոփվել Եռաբլուրում:

Անդրանիկի անունով կոչվել են փողոցներ, հրապարակներ, կանգնեցվել են հուշարձաններ, նրա մասին հյուսվել են ժողովրդական երգեր, գրվել վեպեր, բանաստեղծություններ:

Հայկական Հանրագիտարան


Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
Նիդերլանդական Օրագիր
22:49, 19.04.2023
402 | 0
դեպի վեր