ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +19 °C Վաղը`+22 °C
Սթրեսը ամենալավ մուսան է
23:18, 25.02.2024
798 | 0

Հարցազրույց՝ «Ինձ պիոններ չնվիրես», «Հուշացած ակնթարթներ», «Սիրելուց հետո», «Երեք սեր», «Կիսատ օրագիր» գրքերի հեղինակ Գոհար Նավասարդյանի հետ։

_Ձեր մասին պատմեք, որտեղի՞ց եք, որտե՞ղ եք սովորել։

_Ես Գյումրիից եմ։ 31 տարեկան եմ, ամուսնացած եմ, ունեմ երկու որդի։ Սովորել եմ ՀԳՊԱ-ում` կերպարվեստի պատմություն և տեսություն բաժնում, ապա ՇՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում։

_Ինչպե՞ս սկսեցիք գրել։Ի՞նչը կամ ո՞վ ոգեշնչեց Ձեզ։


_Ոգեշնչում չի եղել, որպես այդպիսին, ուղղակի դժվար ժամանակներ էին, իսկ սթրեսը սովորաբար ամենալավ մուսան է։

Առաջին գիրքը` «Ինձ պիոններ չնվիրեսը», գրել եմ 2, 5 ամսում, շատ էի վախենում հրատարակելուց, ընթերցողների կարծիքներից, որովհետև էությամբ միշտ փակ եմ եղել, իսկ գիրքն ամբողջովին սիրո մասին էր։ Ընկերներս ու սոցցանցերից ծանոթ-անծանոթ ընթերցողներս հորդորեցին անպայման տպագրել, ու գնացի տպարան։ Մինչև հիմա հիշում եմ, որ վախվորած 50 օրինակ պատվիրեցի` մտածելով, որ եթե չսպառվի, կնվիրեմ, բայց եղավ ինձ համար անսպասելին։

_Ինչպիսի՞ արձագանք գտավ Ձեր գիրքը ընթերցողների շրջանում։


_Գիրքը շատ սիրվեց, մի ամսում բեսթսելլեր դարձավ, շատ մեծ քանակությամբ պատվերներ եղան, ու սկսվեց ամեն ինչ... Ես ինձ երբեք գրող չեմ համարել, հիմա էլ չեմ համարում։ Ես ուղղակի պատմում եմ այն մասին, ինչը բոլորն են զգում, բայց չեն կարող գրել... Այդ գիրքը գրելիս չեմ էլ փորձել բարձրարժեք գեղարվեստական ստեղծագործություն ստեղծել, մինչև հիմա էլ չեմ ձգտում դրան, ուղղակի ինքս ինձ ապացուցում եմ, որ ամեն հաջորդ գիրքս նախորդից թեկուզ մի փոքր առավել է։

_Ձեր առաջին գրքից կարո՞ղ եք առանձնացնել տողեր որոնք առանձնահատուկ նշանակություն ունեն և ինքներդ շատ եք սիրում ։

_Սիրելի տողերը շատ են, բայց այս մեկը կառանձնացնեմ.
Կյանքն անընդհատ ընտրություն է։ Մենք ընտրում ենք ամեն օր, ամեն րոպե, ամեն վայրկյան։ Եվ երջանիկ է նա, ով չի զղջում իր ընտրած և ոչ մի զգեստի, և ոչ մի մարդու համար...


_Իսկ ո՞րն էր երկրորդ գրքի գաղափարը, հուշ դարձած ակնթարթներն ի՞նչ են ստիպում զգալ։


_Երկրորդ գիրքը` «Հուշացած ակնթարթները», գրվեց, որովհետև պիոնների դրական, ուրախ, լավատեսական տողերի կողքին զգում էի, որ ընթերցողներս կարոտի, բաժանման, մենակության մասին էլ են ուզում կարդալ։ Սա իմ ամենածավալուն, ամենախիտ գիրքն է։ Եթե այդ ժամանակ իմանայի, որ մի օր նաև երրորդ գիրք է լինելու` «Հուշացած ակնթարթներն» այդքան հագեցած չէի հրատարակի։ Ես վստահ էի, որ դա իմ վերջին գիրքն է, վստահ էի, որ հաջորդ չի լինելու, դրա համար ագահորեն ուզում էի մտքումս եղած բոլոր տողերը տեղավորել իր մեջ...
Առհասարակ, իմ բոլոր գրքերն են հագեցած, ես չեմ սիրում այն գրքերը, որոնց մի էջին հազիվ 20 տող է հաշվվում, գրված են մեծ տառաչափով, իրարից հեռու տողերով։ Ընթերցողը գումար է վճարում ոչ թե դատարկ էջի, այլ տողերի համար։

_Բեսթսելլերների շարքում են հայտնվում Ձեր գրքերը, ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը։

_Հաջողության գաղտնիքն ընթերցողների սիրո մեջ է, ուրիշ ոչնչի։ Շուտով հինգ տարի կլինի, ինչ ես ստեղծագործում եմ, ոչ մի օր չի եղել, որ չզգամ ընթերցողի սերը, ու հավատացեք, դա փոխադարձ է։ Եթե իրենք չլինեին, հենց առաջին գիրքս չէր տպագրվի, գուցե երբեք էլ հեղինակային մտքերս գիրք դարձնելու գաղափար չծնվեր, եթե իրենք չլինեին կամ զգայի, որ այլևս չեն սպասում նոր գրքի, էլ չէի գրի հաստատ...

_Ո՞ր գրքով կուզենայինք ձեր մասին պատկերացում կազմեն ընթերցողները։

_Իմ գրքերից ամենաքիչը հենց առաջինն եմ սիրում, որովհետև չափից դուրս ռոմանտիկ է, բայց հետաքրքիրն այն է, որ ընթերցողն ամենաշատը դա է սիրում։ «Հուշացած ակնթարթները» մի ուրիշ աշխարհ է, դրա մեջ Գյումրին է` իմ հայրենի քաղաքը, ամեն քարն ու թուփը, որին սիրահարվում են բոլորը` ասելով, որ անպայման գալու են իմ քաղաք` հենց գրքում նկարագրված վայրերը տեսնելու։ Երբ «Սիրելուց հետոն» գրվեց, հասկացա, որ շատ փոքր եմ որոշելու համար` պիտի գրե՞մ, թե չէ։ Սա դարձավ իմ ամենասիրելին, որովհետև նկարագրությունները շատ նուրբ էին ու սրտին մոտ...
Վստահ էի, որ սրանից այն կողմ չեմ կարողանա անցնել, բայց «Երեք սերը» եկավ ինձ ապացուցելու, որ գրքերի հանդեպ տածած իմ զգացմունքները փոփոխվում են։ Առայժմ երևի թե սա է ամենասիրելին, որովհետև թերևս ամենահասունն է իմ գրքերից։

_Ձեր գրքերը հիմնականում սիրո մասին են։ Հնարավո՞ր է գիրք գրելիս շրջանցել սիրո թեման։

_Կարծում եմ` ինչի մասին էլ գրեմ, առանց սեր չի լինի։ «Կիսատ օրագիրը» սրա վառ օրինակն է։

_Կարո՞ղ է ընթերցողն իմանալ, թե ինչի մասին է «Կիաստ օրագիրը» գիրքը, որը դեռ լույս չի տեսել։


_ «Կիսատ օրագրի» սյուժեի հիմքում Արցախի շրջափակումն է, բայց գիրքը պատմական չէ, Արցախի մասին չէ։ Վիպակի գործողություններն ինչքան էլ կատարված իրողությունների շրջանակում են ծավալվում, այնուամենայնիվ, այս գիրքը ևս սիրո, կարոտի, սպասման մասին է։ Մտքում անդադար իր երեք կարոտները` կարոտ դեպի սիրելին, դեպի ընտանիքն ու դեպի հայրենի քաղաքը` հերոսուհին փորձում է հաղթահարել շրջափակման առաջացրած դժվարությունները։ Դժվարություններ, որոնց չբախվելը սովորական է եղել մի ժամանակ, բայց որոնց առկայությունն այժմ կյանքը դարձրել է գոյության պայքար։


_Ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր ընթերցողներին։

_Ընթերցողներին խորհուրդ կտամ շատ սիրել, վստահել, ներել ու սիրել իրար։ Մնացածը սիրո հարցում երկրորդական է:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մարի Բաղդասարյան
դեպի վեր