Ի՞նչ է ներդրումային գույքը Ներդրումների թեման բավական արդիական է այսօր, քանի որ ավելի ու ավելի մեծ թվով անհատներ, ովքեր ունեն բարձր աշխատավարձ, կայուն կամ աճող եկամուտ, մտածում են նաև իրենց դրաման միջոցներն արդյունավետ տնօրինելու մասին: Մի կողմ թողնելով ավանդները կամ ներդրումների այլ տեսակները՝ խոսենք անշարժ գույքի ոլորտում կատարվող ներդրումների մասին: Եվ այսպես, ի՞նչ է ներդրումային գույքը Ներդրումային գույքը անշարժ գույքի այն տեսակն է, որը ձեռք է բերվում և պահվում է վարձակալությունից եկամուտ վաստակելու կամ գույքի արժեքի աճի արդյունքում վաճառքից հավելյալ եկամուտ ստանալու նպատակով: Բնականաբար կարող են լինել դեպքեր, երբ գույքը ձեռք է բերվում՝ միաժամանակ ունենալով վերոհիշյալ երկու նպատակները: Ինչպիսի՞ գույքը կարող է համարվել ներդրումային Ներդրումային անշարժ գույքը կարող է լինել ինչպես արդեն կառուցված շինությունների, այնպես էլ հողատարածքների տեսքով: Հողատարածք, որը պահվում է երկար ժամանակ՝ սպասելով դրա արժեքի աճին՝ նպատակ ունենալով վաճառել այն ամենաբարձր արժեքի հասնելուն պես: Հողատարածքները կարող են ձեռք բերվել նաև կառուցապատման նպատակով՝ մտադրություն ունենալով հետագայում վարձակալության հանձնել կառուցապատման օբյեկտները (բնակելի շենքեր, հյուրանոցային համալիրներ և այլն): Միևնույն ժամանակ կարճ ժամկետում վաճառքի նպատակով ձեռք բերված գույքը չի կարող համարվել ներդրումային: Շենք կամ շինություն, որը կարող է վարձակալության տրվել տարբեր գործառնական նպատակներով, օրինակ՝ բիզնես կենտրոն, որում վարձակալած գրասենյակներ ունեն տարբեր կազմակերպություններ: Բնակելի շինություն, որը ձեռք է բերվում և պահվում բարելավման և վարձակալության հանձնելու նպպատակով: Առանձնատուն կամ բնակարան, որը ներդրողը ձեռք է բերում ոչ թե սեփական օգտագործման, այլ վարձակալության հանձնելու նպատակով: Ովքե՞ր են հետաքրքրված ներդրումային գույքով Անշարժ գույքի շուկայում ներդրումները կարող են հետաքրքրել թե՛ պետական մարմիններին ու տեղական ինքնակառավարման մարմիններին, թե՛ տեղական և արտասահմանյան իրավաբանական անձանց, և թե՛ անհատների, ովքեր ցանկացնում են խելամիտ կերպով տնօրինել իրենց դրամական միջոցները՝ ձեռք բերելով անշարժ գույք և միաժամանակ ապահովելով երկարաժամկետ կայուն եկամուտ: Արդյո՞ք ներդրումային գույքի ձեռքբերումը ռիսկային չէ Ցանկացած ներդրում իր մեջ պարունակում է ռիսկի գործոն, որից ապահովագրված լինելու համար անհրաժեշտ է կանխատեսել ներդրման արդյունքում ստացվող եկամուտները, հավանական ծախսերն ու կորուստները: Որքան էլ գայթակղիչ լինի անշարժ գույքի ոլորտում ներդրումների հեռանկարը, ցանկացած պարագայում նախքան գործարքն սկսելը անհրաժեշտ է դիմել ոլորտի գիտակների խորհրդատվությանը՝ հավանական ռիսկերից խուսափելու և անկորուստ ու արդյունավետ ներդրումներ կատարելու համար: |