Ժուկով-ժամանակով աշխարհի մի անկյունում մի մարդ է ապրելիս եղել, և նրան տարիներ շարունակ աննկատ ուղեկցել են Երջանկության, Հարստության և Բարեկամության աստվածները: Երբ այս մարդը, աստվածների անտեսանելի աջակցությամբ, կյանքում մեծ հաջողությունների է հասել, աստվածներն այցելել են նրան: -Մարդ արարած, - ասել է աստվածներից մեկը, - դու արդեն հասել ես քո նպատակներին, հիմա մեր երեքի համատեղ օգնության կարիքը չկա, ուստի մեզանից երկուսը լքելու են քեզ, իսկ մեկը, որին կցանկանաս, կմնա քեզ մոտ։ Մարդը մտածել է, մտածել ու այսպես է պատասխանել. -Թող Բարեկամության Աստվածը մնա ինձ հետ, - ու գնացել է քնելու: Առավոտյան, երբ նա բացել է աչքերը իր սնարի կողքին տեսել է ոչ միայն իր նախընտրած աստծուն, այլ բոլոր երեքին ։ Մարդը զարմացած հարցրել է. - Ինչո՞ւ եք բոլորդ մնացել: -Որովհետև, - պատասխանել են նրանք, -դու ցանկացար, որ քո կողքին մնա Բարեկամության աստվածը, իսկ քանի որ նա մեր ընկերն է, մենք չենք կարող նրանից բաժանվել։ Աշխարհում բարեկամությունից, ընկերությունից ավելի թանկ բան չկա, դրա համար էլ մենք մնացինք նրա կողքին: |