Ուբայդուլլահ կամ Ուբայդ Ալլահ իբն Սուլեյմանը Աբբասյան խալիֆայության բարձրաստիճան պաշտոնյա է եղել, իսկ 891 թվականի հունիսից մինչև իր մահը՝ 901 թվականի ապրիլը, խալիֆի արքունիքում վեզիր է ծառայել։ 878 թվականին Սուլեյմանը չի արժանացել ռեգենտի բարեհաճությանը և հեռացվել է պաշտոնից: Նրա կարգավիճակը կրկին բարելավվել է ապագա խալիֆ ալ-Մութադիդի (892–902) գահակալության շրջանում. Այս խալիֆը նրան վեզիր է նշանակել։ Ուբայդուլլահը աչքի է ընկել իր ունակություններով, ազնվությամբ և արդարությամբ և, ինչպես վերն ասվեց, վեզիրի պաշտոնում ծառայել է մինչև իր մահը: Երբ Ուբայդ Ալլահ իբն Սուլեյմանը հեռացված է եղել պաշտոնից, թաքնվել է Աբու Աբդալլահ իբն Աբի Աուֆ անունով շայխի տանը: Հիշյալ անձնավորությունը հալածյալ ապագա վեզիրի հետ շփումների մասին հետևյալն է պատմել մեկ ուրիշին. «Մի օր իբն Սուլեյմանին այցելեցի իմ տան այն սենյակում, որը հատկացրել էի նրան։ Նա վեր կացավ, որպեսզի ողջունի ինձ, իսկ ես, առանց մտածելու, կատակով ասացի. «Տեր, պահիր դա այն ժամանակի համար, երբ այդպիսի վերաբերմունքն ինձ օգուտ կբերի»: Անցավ ընդամենը մի քանի օր, և նրան նշանակեցին վեզիր։ Այն ժամանակ իմ տան անդամներն ասացին, որ պետք է այցելեմ նրան ։ Բայց ես չհետևեցի նրանց խորհրդին, թեև այն ժամանակ աննախանձելի վիճակում էի։ «Ինձ ոչ մի վտանգ չի սպառնում, - պատասխանեցի ես նրանց, - և եթե ես այսպիսի ժամանակ գնամ նրա մոտ, նրան կարող է թվալ, թե ես հատուցում եմ պահանջում նրա հանդեպ ցուցաբերած բարության համար ։ Դա ես չեմ կարող թույլ տալ, իսկ եթե նա ուզում է ինձ ինչ-որ բանով օգնել, ինքը կանի առաջին քայլը» ։ Ես գիշերն անցկացրեցի մտորումների մեջ, և դա հենց այն օրվա նախօրեին էր, երբ սովորաբար պարգևաներ են շնորհում: Առավոտյան մի սուրհանդակ եկավ ինձ մոտ, որը բերեց վեզիրի ձեռագիր նամակը, որում նա նախատում էր ինձ այն բանի համար, որ ես հապաղում եմ իրեն այցելել, և ինձ կանչեց իր մոտ ։ Ես գնացի նրա մոտ և գտա նրան շատ մարդկանցով շրջապատված ։ Երբ ես մոտեցա նրան, նա վեր կացավ, ինձ ընդառաջ եկավ և, գրկելով ինձ, շշնջաց ականջիս. «Եկել է ժամանակը, երբ ես կարող եմ պատվել քեզ վեր կենալով և քեզ օգտակար լինելով»: Դրանից հետո նա նստեց և հրամայեց ինձ նստել իր կողքին ՝ բարձր տեղում։ Ես համբուրեցի նրա ձեռքը՝ այն ուղեկցելով շնորհավորանքներով և օրհնություններով: Որոշ ժամանակ անց նրան կանչեցին Ալ-Մութադիդի մոտ։ Նա վեր կացավ, բայց հանձնարարեց ինձ մնալ տեղում։ Քանի որ ես շարունակում էի նստած մնալ բարձր տեղում, բոլոր հայացքներն ուղղվեցին դեպի ինձ, և մարդիկ սկսեցին ինձ հետ վարվել հարգալից տոնով և մեծ ակնածանքով։ Ուբայդալլահը շուտով վերադարձավ ժպտալով: Նա բռնեց ձեռքս և տարավ տան խորքի սենյակները և ասաց. «Գիտե՞ս, որ խալիֆն ինձ կանչել էր քո պատճառով։ Նրան գրավոր տեղեկացրել են, որ ես քեզ կանգնած ողջունել եմ վեզիրի ընդունարանում։ Արդ, նա ինձ կանչել էր, որպեսզի հանդիմանի: «Ինչո՞ւ ես նսեմացնում վեզիրի ընդունարանը ՝ մի ինչ-որ առևտրականի դիմավորելու համար, -ասաց նա: - Եթե նա որևէ գավառի կառավարիչ լիներ, դա անօրինական կլիներ, և նույնիսկ եթե նա գահի ժառանգորդ լիներ, դա նույնպես չափազանց մեծ պատիվ կլիներ» ։ Եվ նա շարունակեց նույն ոգով: Այդժամ ես ասացի. «Հավատացյալների տիրակալ, ես ամենևին չեմ մոռացել վեզիրի ընդունարանի նշանակության և կոչումների տարբերության մասին։ Բայց ես ունեմ մի բացատրություն, որը հավատացյալների տերը կարող է բարեհաճել լսել նախքան ինձ դատելը»: Եվ ես նրան պատմեցի այն մասին, թե ինչ է եղել մեր միջև այն ժամանակ, երբ ես թաքնվում էի քո տանը: Այդ ժամանակ խալիֆն ասաց. «Այս անգամ քեզ ներում եմ, բայց թող այդպիսի բան այլևս չլինի»: Եվ ես հեռացա»: Դրանից հետո Ուբայդալլահն ինձ ասաց. «Աբու Աբդալլահ, հիմա ես քեզ այնպիսի հայտնի մարդ եմ դարձրել, որ եթե ճակատագրի շրջադարձերի դեպքում պատրաստի չունենաս հարյուր հազար դինար, կկորչես: Սև օրվա համար պետք է քեզ ապահովել այդ գումարով, և ի հավելումն դրան ՝ քեզ հատկացնել այնքան ունեցվածք, որը կբավարարի նույնիսկ քո սերունդներին» ։ Ես պատասխանեցի. «Ես քո խոնարհ և հնազանդ ծառան եմ»: Նա հանձնարարեց, որ իր մոտ կանչեն քաթիբին, և երբ նա եկավ, հրամայեց նրան անմիջապես կանչել առևտրականներին, պայմանավորվել նրանց հետ հարյուր հազար կուրր ուտելիքի գնի մասին, որը պետք է ստացվեր Աս-Սավադի կառավարչից, և տեղեկացնել իրեն։ Քաթիբը դուրս եկավ սենյակից և որոշ ժամանակ անց վերադարձավ և ասաց, որ ամեն ինչ կազմակերպել է: Այդ ժամանակ վեզիրը նրան կարգադրեց վաճառել այդ հարյուր հազար կուրրն Աբու Աբդալլահին յուրաքանչյուր կուրրի համար մեկ դինար պակաս գնով, քան պայմանավորվել էր առևտրականների հետ, իսկ հետո այդ նույն ապրանքը վաճառականներին վաճառել Աբու Աբդալահի անունից ՝ նրա հետ համաձայնեցված գնով: Այնուհետև առևտրականներից պահանջել են անհապաղ վճարել տարբերությունը ՝ հետաձգելով մնացած գումարի վճարումը մինչև ապրանքների տեղ հասնելը։ Քարտուղարն ստիպված էր նաև հրաման ուղարկել շրջաններ, որպեսզի առևտրականներին ապրանքներ հասցվեն»: Աբու Աբդալլահը շարունակեց. «Նրա հրամանը կատարվեց, և ես մի քանի ժամում դարձա հարյուր հազար դինարի տեր ՝ ոչինչ չանելով դրա համար ։ Այդժամ վեզիրն ասաց. «Թող դա լինի քո ունեցվածքի հիմքը և սև օրերում ապահովության երաշխիքը: Եվ այսուհետև դու ընդունիր խնդրագիր ցանկացածից, ով քեզ ինչ-որ բանի համար կդիմի, վարձ պահանջիր և արի ինձ մոտ»: Աբու Աբդալլահը շարունակեց. "Ես նրան ամեն օր խնդրագրեր էի ներկայացնում և հազարավոր դինարներ էի վաստակում ՝ միջնորդելով կարևոր բանակցություններում և մասնակցելով շահութաբեր գործարքների, մինչև իմ կարողությունը հասավ ներկայիս չափին ։ Երբեմն, ինձնից խնդրագիր ընդունելով, վեզիրը հարցնում էր, թե որքան են ինձ խոստացել դրա համար ։ Երբ ես նրան հաղորդում էի գումարի չափը, նա ասում էր. «Սխալ է, դա այսքան արժե, - և մեծ թիվ էր հնչեցնում ու հավելում. «Վերադարձիր և բարձրացրու գինը» ։ Ես պատասխանում էի, թե ամաչում եմ այդպես վարվել ։ «Ասա նրանց, որ ես չեմ բավարարի քո խնդրանքը, քանի դեռ վճարը չի եղել այնպես, ինչպես ես ասացի, և որ ես ինքս եմ նշանակել այն»: Այդ ժամանակ ես վերադառնում էի խնդրատու մոտ, նրանից պահանջում էի վճարի համապատասխան ավելացում և ստանում էի նրա համաձայնությունը»: Նկարում՝ Աբբասյանների ժամանակաշրջանի ոսկե դինար: |