1945 թվականի մայիսի 8-ի, լույս 9-ի գիշերը գեներալ-ֆելդմարշալ Վիլհելմ Քեյթելը ստորագրել է Գերմանիայի կրկնակի կապիտուլյացիայի ակտը: Գերմանիայի կապիտուլյացիայից չորս օր անց Քեյթելը կալանավորվել է ու շուտով հանձնվել Միջազգային ռազմական դատարանին, որտեղ նրան ներկայացվել է «խաղաղության դեմ դավադրության, պատերազմի նախապատրաստման ու վարման և մարդկայնության դեմ ու ռազմական հանցագործությունների» մեղադրանք: Դատարանը մերժել է Քեյթելի փաստաբանի վկայություններն առ այն, որ նա ընդամենը կատարել է Հիտլերի հրամանները, և նրան մեղավոր է ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով: Քեյթելն ինքը այսպես է պատասխանել. «Որպես գերմանացի սպա՝ ես, ինքնին հասկանալի է, պարտքս եմ համարում պատասխան տալ այն ամենի համար, ինչ արել եմ, եթե նույնիսկ դա սխալ է եղել: Արդյո՞ք իմ մեղքն է եղել, թե՞ կյանքի հանգամանքների միահյուսումը, հստակորեն զանազանելը ոչ միշտ է հաջողվում: Բայց ինձ համար անհնարին է մի բան. մեղքը բարդելը առաջավոր դիրքում գտնվող զինվորի կամ կրտսեր սպայի վրա, որպեսզի պատասխանատվությունը հանվի նրանց վրայից, ովքեր ամենաբարձր պաշտոնների են եղել: Դա ոչ միայն չէր համապատասխանելու ճշմարտությանը, այլև լինելու էր անարժանապատիվ արարք…Դատավարության ընթացքում իմ պաշտպանը ձևակերպեց երկու սկզբունքային հարց. դրանցից առաջինը ձևակերպել է դեռ մի քանի ամիս առաջ. «Դուք չե՞ք բացառում մի այնպիսի հնարավորություն, որ կարող էիք հրաժարվել հաղթողի փառքից պատերազմի բարեհաջող ավարտի դեպքում»: Ես պատասխանեցի. «Ո´չ մի իրավիճակում, ընդհակառակը, պատիվ կհամարեի»: Եվ երկրորդ հարցը. «Դուք ինչպե՞ս կվարվեիք, եթե ձեզ վիճակվեր այդպիսի իրավիճակում հայտնվել»: Ես պատասխանեցի. «Ես թույլ չէի տա ինձ ներքաշել կեղտոտ և հանցավոր խաղի մեջ և, ավելի շուտ, կնախընտրեի մահը» …Ցավալի է գիտակցել, որ զինվորական առաքինությունները՝ կատարողականությունն ու նվիրվածությունը, օգտագործվել են այդպիսի ստորին նպատակներով: Ցավալի է նաև այն, որ ինձ այդպես էլ չհաջողվեց որոշել այն սահմանը, որից այն կողմ զինվորական պարտքի կատարումը վերածվում է դրա հակադրությանը…Ուզում եմ հավատալ այն բանին, որ, գիտակցելով և վերագնահատելով վերջին պատերազմի պատճառների կործանարարությունն ու հետևանքների հրեշավորությունը, գերման ժողովուրդը կբարձրանա դեպի նոր ու հիանալի ապագա ժողովուրդների համաշխարհային հանրությունում»: Քեյթելը դատապարտվել է մահապատժի կախաղան բարձրացնելու միջոցով: Դատավճիռն ի կատար է ածվել 1946 թվականի հոկտեմբերի 16-ին: Ռիբենտրոպի մահապատժից հետո կախաղանին է մոտեցվել Քեյթելը: Նա ինքնուրույն, առանց պահապանների, բարձրացել է տախտակամած ու բարձրաձայնել է իր անունը: Քեյթելի վերջին խոսքերը եղել են. «Ես ամենազոր Տիրոջը խնդրում եմ ողորմած լինել Գերմանիայի ժողովրդի նկատմամբ: Ինձանից առաջ ավելի քան երկու միլիոն գերմանացի զինվոր զոհվել է հանուն հայրենիքի: Ես գնում եմ իմ որդիների հետևից՝ հանուն Գերմանիայի»: Իսկ երբ օղակը գցվել է Քեյթելի պարանոցին, նա գոռացել է. «Deutshland über alles!» («Գերմանիան ամեն ինչից վեր է»): Նկարում՝ Քեյթելը Նյուրեմբերգյան դատավարության ժամանակ: |