Լուսիուս Հպարտը վարել է ակտիվ ագրեսիվ արտաքին քաղաքականություն։ Նա ամրապնդել է դաշինքը Հռոմի և լատինական քաղաքների միջև՝ ֆիզիկապես ոչնչացնելով բոլոր նրանց, ովքեր Հռոմը համարել են Լատիումը ստրկացնող և շահագործող քաղաք և ստեղծել է ազգակցական դաշինքներ։ Օրինակ՝ նա իր դստերն ամուսնացրել է Տուսկուլումի թագավոր Օկտավիուս Մամիլիուսի հետ: Տարկվինիուս Հպարտի օրոք հռոմեական զորքերն առաջին անգամ ներխուժել են իտալիկների մաս կազմող վոլսկ ժողովրդի զբաղեցրած մարզ և գրավել են Սուեսա-Պոմպեցիա և Անքսուր քաղաքները, սաբիններն ու էտրուսկները ճնշվել են։ Առանձնահատուկ լեգենդ է կապված Լացիումի կենտրոնում, Հռոմից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող լատինական Գաբի քաղաքի հետ, որը ապստամբել է Տարկվինիուս Հպարտի բռնապետության դեմ։ Քանի որ քաղաքի պարիսպները շատ երկար են եղել, ուստի պաշարման ընթացքում լուրջ բարդություններ են առաջացել, և հռոմեական զորքերը չեն կարողացել գրավել քաղաքը։ Այդժամ Լուսիուս Տարվինիուսը դիմել է խորամանկության. Գաբի է ուղարկվել նրա կրտսեր որդին՝ Սեքստուս Տարկվինիուսը՝ իբրև թե հոր դաժանությունից փրկելու համար։ Քաղաքում ոչ ոք չի զարմացել, որ Տարկվինիուսը դաժան է նույնիսկ սեփական երեխաների նկատմամբ և չի կասկածել երիտասարդին։ Սեքստուսն աչքի է ընկել պաշարող զորքերի վրա հանկարծակի հարձակումներ կատարելիս, և շուտով նրան վստահվել է պաշարված քաղաքի կայազորի հրամանատարությունը։ Այդժամ նա հոր մոտ սուրհանդակ է ուղարկել, որպեսզի նա իր հետագա գործողությունների համար անհրաժեշտ հանձնարարականներ տա: Բայց սուրհանդակը հոդաբաշխ պատասխան չի ստացել: Տարկվինիուսը լիովին չի վստահել սուրհանդակին և միայն լռելյայն նրա աչքի առաջ պոկում է այգու ամենաբարձրահասակ խաշխաշների գլխիկները: Երբ որդին իմացել է հոր գործողության մասին, խորհրդանշական գործողությունը մեկնաբանել է որպես հանձնարարություն վերացնելու քաղաքի ամենաազդեցիկ մարդկանց: Եվ նա սպանել կամ հեղինակազրկել է Գաբի քաղաքի բոլոր հարուստ ու կարևոր քաղաքացիներին, իսկ հետո բացել է քաղաքի դարպասները հռոմեացիների առջև։ Սակայն քաղաքը չի թալանվել։ Լյուսիուս Տարկվինիուսն այն տվել է իր որդուն՝ Սեքստուսին, որպես սեփականություն։ Տարկվինիուս Հպարտի օրոք դադարեցրել են բանակ զորակոչել ստորին խավերի ներկայացուցիչներին. նրանց օգտագործել են շինարարական աշխատանքներում: Իսկ բանակը հիմնականում համալրել են վարձկաններով: Նկարում՝ ամուսնության, մայրության և կնոջ կենսատու ուժի դիցուհի Յունոնայի սրբավայրի պատի պահպանված հատվածը Գաբիում: (շարունակելի) |
Բաժանորդագրվել լրահոսին