Օսման փաշա Օզդեմիրօղլուն՝ Օսմանյան կայսրության մեծ վեզիրը, որը Կովկասը նվաճողի համբավ է ունեցել, մեկ ուրիշ անգամ կովկասյան լեռնականներից զորք է կազմել և արշավանք է իրականացրել՝ պարսկական Հայաստանի արևելյան կողմերը ասպատակելու համար: Այս արշավանքը, ինչպես և երկրի ընդհանուր դրությունը, նկարագրել է Հովհաննես վարդապետը: Այս ականատես- ժամանակակիցն իր գրությունը սկսել է մի ողբով, որում տալիս է մահմեդական տիրապետության ընդհանուր պատկերը. «Մահմեդականների ազգը, որ գրավել էր Հայաստանի գավառները՝ ավերելով բոլոր շեները և բնակություն էր հաստատել ամեն տեղ, այնպիսի ծանր լուծ էր դրել, որ շատերը զրկվեցին իրենց եկամտից ու հայրենի ժառանգությունից, և ստիպված փախստական դարձան ու թաքնվեցին: Ամեն մարդ երանի էր տալիս մեռածներին, քանի որ այս մահմեդական ազգի բռնությունը ոչ թե կարճատև ժամանակով էր, այլ բազում տարիներ…Մխիթարություն չկար Հայկազյան ազգիս: Նրանց արտաքսում էին հայրենի գավառներից, և նրանք ցիր ու ցան եղան աշխարհով մեկ՝ և´ իշխանազունները, և´ ազատածինները ծառա դարձան մահմեդական ազգին: Նաև եկեղեցիները այլազգիներին կոխան եղան, որոնք քանդում էին դրանք ու քարերը տանում էին բերդեր կառուցելու, իսկ որոնք չէին քանդում, դրանցում իրենց ձիերին ու ջորիներին էին պահում: Եվ մենք, գլխիկորներս, օգնություն ստանալու ոչ մի հնար չունեինք»: 1579 թվականը սարսափելի է եղել Գանձակի ամբողջ երկրամասի և Ղարաբաղի համար: : Բռնկվել է «ժանտախտ» հիվանդությունը, որին մեծ քանակությամբ մարդ է զոհ գնացել: Այս պատուհասին գումարվել է մեկ այլ պատուհաս՝ Օսման Օզդեմիրօղլուն: Նա իր զորքով փոթորկի արագությամբ արշավել է Կուր գետից դեպի արևմուտք և դեպի հարավ՝ կողոպտելով ճանապարհին պատահած քաղաքներն ու գյուղերը՝ Գանձակը, Խաչենը, Ջրաբերդը, Վարանդան, Դիզակը և բազում այլ բնակավայրեր՝ մինչև Արաքս գետը: Թուրքը մեծ ավարով ու գերիների բազմությամբ վերադարձել է իր ելման կետ, իսկ նրա հրեշավոր արշավանքի զոհ դարձած երկրում մնացել են նրա բանակի կոտորած մարդկանց դիակները: Շուտով այս արհավիրքներին գումարվել է նաև սովը: Ժողովուրդը պատսպարվելու տեղ անգամ չի ունեցել, որովհետև թուրք հրոսակները քանդել էին բոլոր բնակարանները, «և եթե մի անկյունում շինություն էր մնացել, - ասում է տարեգիրը, - այնտեղ էլ տնանկներն ու մերկերն էին զետեղվել: Մնացած ազգաբնակչությունը ոտքի վրա էր, անդադար ման էր գալիս, թափառում էր մի կտոր ուտեստ գտնելու համար: Ուժ ունեցողները, դեռ մի կերպ իրենց գլխի ճարը տեսնում էին: Այսպես՝ նրանք թաքուն մտնում էին ոչխարների փարախները և կովերի գոմերը, և որովհետև ոչ ոք իր հետ սուր գործիք չուներ, որ մորթեր խոշոր անասունները, ուստի հարձակվում էին կաթնակեր հորթերի և ուլերի վրա, պատռում էին նրանց սիրտն ու փորոտիքը և տեղն ու տեղը հում-հում ուտում: Իսկ ուժ չունեցողները թափառում էին անասունների ու ձիաների աղբանոցներում, քրքրում էին կույտերը և դրանց մեջ գարու հատիկներ գտնելով՝ ուտում էին: Կամ թե փողոցներում թափված ոսկորները դնում էին քարի վրա, քարով մանրում, լցնում էին իրենց բերանը և մռնչում: Հնացած կաշվի փոկեր և տրեխներ այլևս չմնացին. դրանք եփում էի և ուտում: Բայց ամենասարսափելին դեռ առջևում էր: Սովը կատաղության գագաթնակետին հասավ ձմռան վերջին: Եկավ գարունը, դժբախտ սովյալները դուրս վազեցին կանաչներ արածելու: Դաշտերում սփռված էր նրանց բազմությունը՝ սևացած մարմիններով, այծերի հոտերի նմանվելով: Ուտում էին վայրի բանջարներ, խոտ, բայց չէին կշտանում: Սաստակացավ մահը, համաճարակը կոտորում էր անխնա: Ուռչում էին գլուխները, և մարդիկ մեռնում էին իրենց արոտներում՝ չկարողանալով վերադառնալ տուն: Իսկ վերադարձողներից շատերը մեռնում էին գյուղամիջում՝ ավերակ տների պատերի տակ, անկյուններում: Եթե գտնվում էին մարդիկ, որոնք համաձայնում էին թաղել դիակները, փորում էին փոսեր և տասնյակներով դիակներ էին գցում դրանց մեջ: Մեծատունները, տանուտերերը միևնույն ընդհանուր վիճակին էին ենթարկված: Շատ անգամ էր պատահում, որ լուր էր գալիս, որ այսինչ մեծ մարդու որդին մեռած ընկած է այսինչ տեղում: Լաց ու կոծ էր լինում, բայց դիակի ետևից գնացող չէր գտնվում, մինչև որ գազանները պատառոտում էին նրան»: Այս սարսափները տևել են երկու տարի (1579 - 1580), որի ընթացքում երկիրը վայրենացել է ու անապատացել: Տնային շներն նույնպես այն աստիճան են վայրենացել, որ գյուղերից դուրս մարդ են որսացել և հոշոտել: Գայլերը գյուղեր են մտել և կերել են քնած մարդկանց: Նկարում՝ Օսման փաշան (ձախակողմյանը) և Մուրադ 3-րդ սուլթանը: (շարունակելի) |
Բաժանորդագրվել լրահոսին