Այն նույն ժամանակ, երբ սովի էին մատնվել Ղարաբաղն ու հարևան գավառները, նորից մահացու հարվածների է ենթարկվել Արարատյան դաշտն ու նրա կենտրոն Երևան քաղաքը: 1579 թվականին քաղաքին է մոտեցել օսմանյան մեծաթիվ բանակը ծագումով սերբ Լալա Մուստաֆա փաշայի հրամանատարությամբ (Լալա Մուստաֆան երկու անգամ է ամուսնացած է եղել։ Առաջին անգամ ամուսնացել է մամլյուք սուլթան Քանսուխ ալ-Ղաուրիի թոռնուհու (Մեհմեդ բեյի դստեր) ՝ Ֆաթմա Խաթունի հետ։ Այս ամուսնությունից ծնված որդին՝ Մեհմեդ փաշան, մահացել է հոր մահից հինգ տարի առաջ՝ Հալեպի բեյլերբեյի պաշտոնում։ Լալա Մուստաֆան երկրորդ անգամ ամուսնացել է սուլթան Սուլեյմանի թոռնուհու՝Հումա Շահ Սուլթանի հետ): Թեև Երևանը համարյա ոչ մի դիմադրություն ցույց չի տվել, և պարսիկ խանը, որը այդ երկրամասի կառավարիչն էր, հեռացել է, բայց և այնպես թուրքերն այրել են քաղաքն ու թալանել են այն: Մուստաֆա փաշայի արշավանքին նախորդել են Վասպուրականի արևելյան շրջաններում բնակվող քրդական ցեղերի ասպատակությունները Խոյի, Սալմաստի և Ուրմիայի շրջաններ: 1577 – 1578 թվականների ձմռանը Էրզրումի փաշան ևս 5 – 6 հազարանոց մի արշավախումբ է ուղարկել ասպատակելու Երևանի բեկլարբեկությանը ենթակա Շորագյալի շրջանը: Նրանք հանկարծակի հարձակմամբ անակնկալի են բերել տեղի հաքիմ Կարախան-սուլթան Բաբերդլուին, սակայն վերջինս կարողացել է 2 – 3 հազար զինվորով դիմադրել և ետ մղել թուրքական գերազանող ուժերի հարձակումը: Նմանօրինակ մանր հարձակումներով շոշափելով ղզլբաշների պաշտպանության թույլ կետերը, ինչպես նաև ծավալելով քայքայիչ գործունեություն Հարավային Կովկասի սուննի մահմեդականության և լեռնականների միջավայրում՝ 1578 թվականի գարնանը Լալա Մուստաֆա փաշան հարյուր հազարանոց բանակով շարժվել է դեպի Վրաստան: Հասնելով Ղարս՝ նա վերանորոգել և ամրացրել է Ղարսի բերդը, որը, համաձայն 1555 թվականի հաշտության պայմանագրի, թուրքերն իրավունք չունեին ամրացնելու: Երևանի բեկլարբեկության Մուհամմադի խան Թոխմախ Ուսթաջլուն այս մասին տեղեկացրել է Մուհամմադ Խոդաբանդե շահին և օգնություն է խնդրել հավանական հարձակմանը դիմադրելու համար: Շահն առանձին հրամանագրով կարգադրել է Ղարաբաղի բեկլարբեկի Իմամկուլի խանին և Ազերբայջանի (Թավրիզի) Ամիր խանին իրենց զորքերով գնալ օգնել Մուհամմադի խանին: Թուրքական բանակը Ղարսի բերդը նորոգելուց հետո, նպատակ ունենալով գրավել Վրաստանն ու Շիրվանը, շարժվել է դեպի Ախալցխա: Մուհամմադի խանին օգնության են եկել միայն Ղարաբաղի զորքերը, իսկ Ազերբայջանի Ամիր խան Թորքեմանի զինվորները, որոնք ուսթաջլուներին թշնամի թորքեման ցեղից են եղել, միտումնավոր հապաղել են՝ ցանկանալով ուսթաջլուներին միայնակ թողնել թուրքական գերազանց ուժերի դիմաց: Մուհամմադի խան Թոխմախի և Իմամկուլի խանի անհամեմատ փոքր ուժերը (շուրջ 15 հազար) թուրքական բանակի հետ ընդհարվել են Չըլդրի դաշտում, որտեղ, պատմագիր Իսքանդար Մունշու վկայությամբ, ղզլբաշներից սպանվել է շուրջ հազար մարդ, իսկ մնացածը փախել են: Այս չափազանց հեշտ հաղթանակից հետո Լալա Մուստաֆա փաշան համարյա առանց դիմադրության հանդիպելու մտել է Վրաստան, գրավել է բոլոր ամրությունները, ապա անցել է Շիրվան, որտեղ նմանապես առանց որևէ դժվարության գրավել է Շամախու, Արեշի, Բաքվի և այլ կարևոր բերդեր, որոնք նա ամրացրել է, դրանցում բերդապահ կայազորներ է թողել ու վերադարձել է իր ելման կետ: Հաջորդ տարի Լալա Մուստաֆա փաշան 40 հազարանոց մի բանակ, Էրզրումի Հուսեին փաշայի հրամանատարությամբ, ուղարկել է Երևանի վրա: Թեև Հուսեին փաշային հաջողվել է գրավել Երևանը, սակայն, շնորհիվ խանի զորքերի կատաղի դիմադրության, թուրքական զորքերը միայն մեկ օր են կարողացել մնալ Երևանում և ղզլբաշների ուժեղ ճնշման տակ ստիպված են եղել թողնել քաղաքը և նահանջել դեպի Էրզրում: Սակայն նրանք հասցրել են կողոպտել քաղաքի և մերձակա 18 գյուղերի բնակչությանը և իրենց հետ բազմաթիվ գերիներ են տարել: Նկարում՝ Լալա Մուստաֆա փաշան: (շարունակելի) |
Բաժանորդագրվել լրահոսին