ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Կարենը և շատ անձնազոհ երիտասարդներ անմահացան` դառնալով Մոնթեի, Անդրանիկի, Նժդեհի արժանի հետնորդներ
18:49, 28.10.2024
1982 | 0
Կան մարդիկ, որոնք որպես աշնան արևի մի շող տաքացնում են հոգիդ և առաջին ամպի հետ էլ տարրալուծվում՝ թողնելով միայն մշուշում ուրվագծված գեղեցիկ ժպիտը և տխուր, շա՝տ տխուր աչքերը…
Կարեն Արտյոմի Ավետիսյան. Ծնվել է 2003թ. Հոկտեմբերի 27-ին՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղում: 2009թ. հաճախել է գյուղի Ռոբերտ Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցը: Հաճախել է նաև Մշակույթի տուն` դհոլի ու դաշնամուրի դասընթացների: Եղել է նաև Երկրապահ Կամավորական միության պատանի երկրապահ: 2021թ. ավարտել է դպրոցը, այնուհետև, 2022թ. հունվարի 24-ին զորակոչվել հայկական բանակ, որից հետո սկսվեցին սեպտեմբերյան եռօրյա մարտերը… Ելավ Կարենը՝ չմտածելով ոչ թշնամու քանակական առավելության և ոչ էլ երկնքում լցված անօդաչուների քանակի մասին: Ելավ, որովհետև վտանգված էր հայրենիքը, ելավ, որովհետև հայրենիքն իր կարիքն ուներ, ելավ, որովհետև չէր կարող Սեդրակ Ջալալյանի և Նարիբեկ Ավետիսյանի հետնորդը ոտքի չկանգներ: Ելավ, և վեր խոյացավ…

Պատահական չէ, որ Սյունյաց աշխարհի երկնքում արծիվները շատ են: Դրանք Կարենի և իր ընկերների հոգիներն են, որոնք անհանգիստ ճախրում են, որ պահպանեն հայոց երկրի անդորրը… ։

Նա մասնակցել է Իշխանասարի թիվ 191 մարտական դիրքի պաշտպանությանը, այնուհետև մասնակցել է սեպտեմբերի 13-ից Ադրեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված մարտական գործողություններին: Մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերել է բացառիկ քաջություն, կամային բարձր որակներ, հակառակորդին հասցրել է մեծաթիվ մարդկային կորուստներ՝ հակառակորդի հետ անմիջական շփման և բարդ լեռնային պայմաններում, որը կատարել է մեծ պատասխանատվությամբ, հայրենիքի հանդեպ նվիրվածությամբ և գիտակցումով:

Քաջի մահով ընկել է հանուն հայրենիքի սահմանների անառիկության` չխնայելով սեփական կյանքը: Կարճ, սակայն իմաստալից ու հերոսական կյանքով ապրեց Կարենը: Նա դարձավ այն փոքրաթիվ մարդկանցից մեկը, ովքեր ապրում են նաև մահվանից հետո: Այսօր ոգեկոչում ենք բոլոր այն ազատամարտիկների հիշատակը, ում համար մահը իմացեալ անմահություն էր, և ով կյանքը դրեց հայոց պետականության զոհասեղանին: Կարենն այն մարդկանցից էր, ով մահն արհամարհելով՝ մտավ կռվի դաշտ: Նա չխնայեց իր կյանքը՝ ծնողներին ու հարազատներին էլ թողնելով վշտի անծայրածիր ծովում լողալու: Կարենն ու իր նմանները պետք չունեն հրամանների: Նրանք այնպիսի դաստիարակություն ունեին, որ անկախ ամեն ինչից պիտի մեկնեին պաշտպանելու հայրենիքը, իսկ հայրենիքը և նրանում ապրող մարդիկ հենց այսպիսի մարդկանցով են ուժեղ և հզոր:

Կարեն Ավետիսյանի պատանեկության տարիները վեհ ու հասուն էին, գաղափարներով, բարի ու ազնիվ, նախաձեռնող բնավորությամբ, քաջությամբ, հայրենասիրությամբ ու կամքով լեցուն էին: Հայրենիքը սիրում են, ոչ թե նրա համար, որ այն մեծ է, այլ նրա համար, որ քոնն է: Շատ քաջորդիներ այս նշանաբանով են կռվել և կռվում թշնամու դեմ՝ հայրենի հողը և հայրենիքը պաշտպանելիս։ Ցավոք, նրանցից շատերը հեռացան` հայրենիքի նկատմամբ իրենց սերը ամրագրելով անմահությամբ։ Նրանց թվին է պատկանում նաև Կարեն Արտյոմի Ավետիսյանը: Մինչ օրս բոլորը սիրով են հիշում նրա կենսախինդ ժպիտը և հումորները։ Նա սիրում էր արվեստը և բարձր գնահատում այն։ Նա իր պարտք էր համարում ծառայել հայոց բանակում` որպես հայորդի։ Ծառայության ընթացքում ի՜նչ ոգևորությամբ ու սիրով էր խոսում Գորիսի խրոխտ լեռների ու հրաշք բնության մասին։ Ու մի օր կարծես ամեն ինչ մթնեց, փոխվեցին գույները, մռայլվեց երկինքը։ Իսկ մեր քաջ ու արի տղերքով հայրենիքը մնաց կանգուն։ Կարենը և շատ անձնազոհ երիտասարդներ անմահացան` դառնալով Մոնթեի, Անդրանիկի, Նժդեհի արժանի հետնորդներ։ Ու կարծես հեռվից լսվում է նրանց խրոխտ ձայնը. «Մենք անմահ ենք, մեզ բացակա չդնեք...»:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ԱՆԻ Կարապետյան
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին