Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 485.72, EUR 550.71, RUB 7.35, GBP 621.53
+1 °C, 0 °C ... +7 °C Vaghy:+10 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Մարտին Միքայելյան: Այվազովսկին՝ ինչպես որ կա
01:03, 30.05.2014

Տեսակետ


Որոշ տարրական ճշմարտություններ ասելով չեմ ուզում տաղտկալի դարձնել, էժանացնել ներկա գիրը: Ահա թե ինչու ուզում եմ դրանք թվարկել նախապես:

  1. Իբրև «դասական», այսինքն ակադեմիա ավարտած նկարիչներ Վարդան Մախոխյանը, Վարդգես Սուրենյանցը, Եղիշե Թադևոսյանը ավելին են և հայ արվեստի համար կարևոր, քան աշխարհում XIX դարում հռչակված Այվազովսկին:

  2. Ֆլորենցիայի Ուֆֆիցի թանգարանում ցուցադրվում են ոչ միայն Այվազովսկու և տաղանդավոր նկարիչների, այլև արվեստի համար կարևորություն չունեցող բազմաթիվ հայտնի և անհայտ մարդկանց, որոնց թվում նաև ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Վիկտոր Իվանովի ինքնադիմանկարները:

  3. Սուլթան Համիդի մեդալը, շանը ծով նետելու պատմությունը ցածրաճաշակ անեկդոտների թվին է պատկանում:

  4. Նույնքան գռեհիկ (հավանաբար որոշ շրջանների նախանձի դրդմամբ) անեկդոտ է նաև Այվազովսկու նախնիների մեջ թուրքական ծագում փնտրելը:



Հայ և պարսիկ մտավորականները իրենց կարիերայով ու առօրյա խնդիրներով մտահոգված այդպես էլ չիմացան, թե ինչպիսի մեծ մշակույթների կրողներ են: Նկատի ունեմ լայն հասարակությանը անհայտ հոյակապ հայկական մանրանկարչությունը և փառահեղ պարսկական մանրանկարչությունը, աչալուրջ անձանց ներկայությամբ իրանական արվեստի ցուցահանդեսի բացման ժամանակ ասացի ես:

Սա մի մեծ, առավել ևս հեղափոխական միտք չէ. լայնախոհ արվեստագետներն ու մասնագետները գիտակցում են այս բանը, բայց (ժողովուրդը հեռուստատեսությամբ ու գաղափարախոսությամբ կլանված՝ գոյապայքարի երթը ընդհատելու, մշակույթի անցյալին հայացք նետելու մեկ վայրկյան իսկ ժամանակ չունի: Թվում էր, թե մերոնք գինու ու խաղողի, քանդակազարդ քարի արվեստի ճանաչողության նման գաղափար պիտի ունենան մանրանկարչության մասին: Օ՜, բայց այդպես չէ. նույնիսկ մասնագետ կոչեցյալները չեն ըմբռնում, չեն հասկանում և բացարձակապես չեն զգում մանրանկարների առավել կամ նվազ արվեստային կառուցվածքները:

Նրանք, համարյա բոլորը, Սուրբ գրքի հայոց նկարազարդումներին նայում են (բարեբախտաբար բացառություններ կան) անցյալ մասնագետների կաղապարներով, որոնք միջնադարի մեր ոգեղեն գանձերը քննել են վերածննդի, նյութապաշտության, հեթանոս կենսակերպի դիրքերից:

Միթե դժվար է կռահել, թե Վասպուրականի հայկական մանրանկարը, չինացի վարպետի նկարազարդ էջը նկարիչ-վարպետի մասին ավելի ընդգրկուն տեղեկատվություն են պարունակում, հաղորդում, քան Լեոնարդոյի փառաբանված գծանկարները, կամ Միքելանջելոյի հայտնի «առաստաղի» ցանկացած հատված: Որովհետև հռչակավոր իտալացիաները իրենց ուսուցիչների ծավալներով, լուսաստվերով, հեռանկարչությամբ տարված «խեղդել» են իրենց զգացողությունները, եթե կուզեք «սպանել» են իրենց խորքի աստվածավախ, կարեկցանքի ու սիրո արժանի մարդուն, հագել «դասականի» թիկնոցը և հայտնվել «բեմում»: Իհարկե, այսպիսի զինանոցի դիտակետից մեր ծաղկողների անկեղծությունն ու ամիջականությունը կթվան «խեղճ» ու «պրիմիտիվ»:

Իհարկե, այսպիսի հետազոտողների համար հայերի լավագույն նկարիչը Այվազովսկին է, Պիկասոյի լավագույն շրջանները՝ երկնագույնն ու վարդագույնը:

Պիկասոյի «դասական» շրջանի երկպագուներին ուզում եմ մի իրողություն հիշեցնել, երբ 1960-ական թվականներին նշանավոր վարպետն այցելեց պատանի նկարիչների ցուցահանդես, խոստովանեց. «Ես նրանց հասակին նկարում էի Ռաֆայելի պես, բայց ամբողջ մի կյանք պահանջվեց, որպեսզի հասկանամ թե պետք է նկարել երեխաների նման»:

Ամբողջ աշխարհում ժողովրդի մեծամասնության համար նկարելն ու լուսանկարելը իրարից շատ չեն տարբերվում. մարդկային որոշ ջերմություն և մեքենայի սառնություն: Ահա այսպես են իրարից տարբերում նկարելն ու լուսանկարելը արվեստից հեռու մարդիկ: Ճիշտ այսպես են պատկերացնում տվյալ իրավիճակը նաև գեղարվեստի ակադեմիաների անդամներն ու ակադեմիաների պրոֆեսորները, որոնց տեսանկյունից նախնադարի խորհրդավոր նկարիչը, մեր մանրանկարիչները նկարել չգիտեն: Ըստ նրանց նկարել գիտեն միայն գերազանց սովորած ակադեմիաների շրջանավարտները: Բարեբախտաբար, Հայաստանում, գուցե թե Սարյանի, Վահրամ Գայֆեջյանի, Հակոբ Կոջոյանի, Հարություն Կալենցի և մյուսների շնորհիվ ակադեմիական նկարչությունն այնպես չհիմնավորվեց, ինչպես Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և այլուր:

Հայերը 20-21 դարերում ունեն ավելի քան հարյուր հետաքրքիր նկարիչ: Բայց արի տես, որ մերոնք նրանցով, մանրանկարիչներով, աշխարհի ազատ ու տաղանդավոր արվեստագետներով հետաքրքրվելու փոխարեն հրճվանքով մտորում են Սալվադոր Դալիի, Այվազովսկու, իրականության պատրանքով աչքի ընկնող, նյութականությունը ներկայացնող արժեքների մասին:

«Ընդհանրաապես շատ հաջող է Բաքվի ցուցահանդեսի արդյունքները, -կարդում ենք 1899-ին Կարապետ Եզյանին ուղղված Այվազովսկու նամակում, - բացի ծախված 10 պատկերից դեռ երկու մեծ նկար (5000 ռուբ.) ուղարկելու եմ Թաղիևին՝ իր պատվերով»: Ի դեպ, 1901-ին Բաքվում բացված Վարդգես Սուրենյանցի ցուցահանդեսից ոչ մի կտավ չվաճառվեց: Բաքվի, առհասարակ Այսրկովկասի ոչ մի մեծահարուստ չգնեց մեծատաղանդ Եղիշե Թադևոսյանի որևէ պատկեր: Կովկասի ոչ մի հարուստ հայ Մարտիրոս Սարյանով չհետաքրքրվեց, երբ 1910-ական թվականներին «Ապոլոն» ամսագիրը հրատարակել էր ժամանակի ճաշակով աչքի ընկնող մեծատաղանդ բանաստեղծ, նկարիչ, գեղագետ Մաքսիմիլիան Վոլոշինի ծավալուն հոդվածը 1907- 1913 թվականների Եվրոպայի թիվ 1 գեղանկարչի (սա իմ կարծիքն է) մասին: Այվազովսկու հաջողություններով գլխապտույտի ենթարկված հայ արվեստաբանները երբեք չեն փորձել սթափ, սառը դատողությամբ վերլուծել նկարիչի արվեստը:

Այվազովսկին, անկասկած, երևույթ է համաշխարհային մշակույթի պատմության մեջ: Թերևս ոչ մի նկարիչ կենդանության օրոք չի վայելել այն հաջողությունը, որը փոքր ինչ նմանվեր ծովանկարչի աննախադեպ փառքին: XX դարի երկրորդ կեսին նկատելի հաջողության են ունեցել Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին: Բայց սրանցից վերջինի համար հատկապես դռներն ու դարբասները բացվել են ոչ թե տաղանդի, այլ ռեկլամի շնորհիվ: Ճիշտ այնպես, ինչպես Քաջ Նազարի առջև՝ մեր հեքիաթում: Այվազովսկին Ռուսաստանի, Եվրոպայի, Ամերիկայի, Թուրքիայի զանազան քաղաքները գրավել է իբրև մի կախարդող մոգ իր մեծաչափ կտավների մագնիսական ուժով: Այվազովսկին ծնվել էր հայկական մի հետաքրքիր ընտանիքում, որը մեր պատմությանը պարգևել է նաև Գաբրիել Այվազովսկուն: (Երկար ժամանակ մեծաքանքար Միքայել Նալբանդյանի հակակրանքը խանգարել է մեզ ըստ արժանվույն գնահատելու եկեղեցական, մշակութային այս նշանավոր գործչին):

Այվազովսկին, մինչև կհանդիպեր իր ուսուցիչներ Ֆիլիպ Տոններին և Միխայիլ Վորոբյովին, արդեն իր գծանկարների մեջ կյանքի թրթիռը զգացող նկարչի տեսակ էր, որն առանձնապես չէր հետաքրքրում բնությունը պատճենահանելու մղումով ապրող նկարիչների մեծամասնությանը:

Դագերոտիպը ստեղծեց ֆրանսիացի մի գյուտարար 1822-ին, բայց այն տարածեց նկարիչ Լուի Դագերը՝ 1851-ից հետո: Ուրեմն, որպիսի մեծ արվեստագետներ էին 19-րդ դարի առաջին կեսի ֆրանսիացի նկարիչները (խոսքը չի վերաբերում ակադեմիական, սալոնային ճաշակը ամրապնդողներին) անգլիացի Թյորներն ու Կոնստեբլը, հայ Հովհաննես Այվազովսկին, որոնք չէին ենթարկվում կտավի մեջ լուսանկար տեսնելու շրջապատի էժան ճաշակին: Բայց, ներեցեք, Այվազովսկին արդեն հայտնվել էր արվեստը գնահատողների, ավելի ստույգ՝ շուկայի էժան ճաշակի սարդոստայնում, որից չկարողացավ ազատվել միջև իր կյանքի վերջը: Պատահական չէ նրա ծովանկարների ահռելի քանակությունը՝ 6000: 19-րդ դարի երկրորդ կեսի Ռուսաստանի, նաև որոշ չափով Եվրոպայի արվեստի շուկայի գլխավոր ապրանքը Այվազովսկու նկարներն էին: Դրանք հասարակական ճաշակի վրա այնպես ազդեցին, որ Այվազովսկու նկարը Պետերբուրգում դարձավ նյութական հարստության, բարեկեցության խորհրդանիշ՝ այսօրվա «մերսեդես» ավտոմեքենայի նման: Ահա թե ինչու մի քիչ բան հասկացողները, առավել ևս զգացողները ապստամբեցին եվրոպական ակադեմիաների անդամ, Ֆրանսիայի Պատվո լեգիոնի ասպետ աշխարհահռչակ նկարչի դեմ: Դոստոևսկին ծովանկարչի հմայելու եղանակը համեմատեց Ալեքսանդր Դյումա-հոր «Երեք հրացանակիրների» ընթերցողների վրա ազդելու էժան ձևերի, էֆեկտների հետ: Իսկ երբ մեծատաղանդ Ալեքսանդր Բենուան «Ռուս արվեստի պատմության» մեջ ցավով նշեց, թե Այվազովսկին տաղանդը զոհա-

բերեց շուկայի ցածր ճաշակին, թեոդոսացի հայ նկարիչը այլևս հեռացել էր կյանքից:

Այվազովսկու աշակերտ Նիկոլայ Բարսամովի (որը Ղրիմի հետաքրքիր հայերից էր) այն միտքը, թե Այվազովսկու նկարչությունը XIX դարի երկրորդ կեսին նույն նշանակությունն ունեցավ, ինչ Մարտիրոս Սարյանի արվեստը 1910 –ական թվականների համար՝ այլևս քննություն չի բռնում:

Անկասկած, Այվազովսկու նկարները թարմություն էին 1830-ական թվականների Պետերբուրգի ակադեմիական մթնոլորտում: Սակայն այդ կտավների գեղանկարչությունը, արվեստի մակարդակը, մանավանդ ազատության աստիճանը, մեծապես զիջում էին ոչ միայն ֆրանսիացի Դելակրուայի և Կուրբեի, անգլիացի Թյորների ու Կոնստեբլի, այլև Պետերբուրգի նույն ակադեմիան ավարտած Սիլվեստր Շչեդրինի, նաև ուսումնական այդ հաստատությունը բոլորովին չհաճախած իսկական ռուս նկարիչ Ալեքսեյ Վենեցիանովի ստեղծագործությունների համեմատությամբ:

Եթե չլինեին Թյորներն ու Կոնստեբլը, եթե չլինեին Կուրբեն ու իմպրեսիոնիստները, եթե գոյություն չունենային դագերոտիպն ու կատարելագործված լուսանկարչական գործիքը, Այվազովսկին նաև 1900-ից, այսինքն կյանքի ավարտից հետո կհամարվեր այսպես կոչված «ծովանկաչության» թագավորը: Բայց այդ հասկացությունը հնարել են իրականության լուսանկարը տեսնելու մեծ ցանկությունը ունեցողները: Իսկ կա լուսանկարչությունից տարբերվող նկարչություն, որի վարպետները ոչ միայն Այվազովսկու ապրած ժամանակաշրջանում ու շատ առաջ, նույնիսկ նախնադարում ինքնաբերաբար ապացուցել են մշակույթի չափազանց հետաքրքիր մի բնագավառի մասին, որը իրականության պարզ ու լղոզված պատրանքի փոխարեն ներկայացնում է կենդանի, ընթացքի մեջ գտնվող ոչ սովորական մի էություն: Սեզանը, Վան Գոգը, Պիկասոն ու Կանդինսկին, վաղ շրջանի Սարյանը իրականության, բնության, կյանքի մասին արտահայտվեցին բոլորովին ուրիշ մի եղանակով, որը սովորական ու անիմաստ դարձրեց իրականության կեղևի պատճենահանման նույնիսկ վիրտուոզ փորձերը:

Այվազովսկին վաղուց արդեն նկարիչներին, առավել ևս այսօրվա բազմաշերտ մշակույթի ներկայացուցիչներին չի հետաքրքրում: Նրա նկարները հարյուր տարուց ավել արդեն դադարել են «պատկեր» (իր արտահայտությունն է) լինելուց: Այդ նկարները ապրանք են, որոնց գինը արվեստի միջազգային շուկայում բարձրանալու միտում ունի: Շուկայում գեղանկարի գինը ամենևին կախված չէ գեղարվեստական արժեքից:

Իրը ստեղծեց Աստված, մարդն այն վերածեց ապրանքի, եթե մարդկությունը ոսկու և ադամանդի հանդեպ կենդանական մղում չունենար, եթե մարդկությունը ճանաչեր մեր աննման Թորոս Թորամանյանին, Հովհաննես Թումանյանին, մեր մանրանկարիչներին, հայերից ճանաչեր ոչ միայն Հովհաննես Այվազովսկուն, ապրելը հետաքրքիր չէր լինի և չէր լինի ոչ մի առաջընթաց:

Հատկապես վերջին նախադասությունը մեր մեջ դեռևս ապրող XX դարի մարդու հոգու ճիչն է: Իսկ XXI դարի մարդը, որն անցյալ դարի 80-ական թվականներից դանդաղորեն հեռացավ իր մշակութային և մտավոր ավանդույթների հիշողությունից, այսօր իր անցյալը, պատմությունը, մանավանդ մշակույթը լուսավորելու ցանկություն և ժամանակ չունի: Ստատուս քվոն նրան լիուլի բավարարում է:

Թեև XXI դարի հարազատ զավակ Յանուկովիչի առանձնատանը հայտնաբերվեց Այվազովսկու ոչ թե միջին կամ վերջին շրջանի սովորական ծովանկարներից, այլ սկզբնական շրջանի գլուխգործոցներից մեկը:



Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Նիդերլանդական Օրագիր
դեպի վեր