ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Գրիգոր Նարեկացի, Տաղ Վարդավառի
12:35, 27.07.2014
66249 | 0

ՏԱՂ ՎԱՐԴԱՎԱՌԻ

Գոհար վարդն էր շղարշ առել
Արփիական վեհ վարսերից,
Ծավալվում էր հուսկ վերևում, վարսերից վեր,
Ծաղկածիծաղ ծովն երկնային:

Եվ այդ ծովից համատարած
Պղպջում էր գույնն այն ծաղկի երփնափողփող.
Իսկ ճյուղերին հուրհրատում էին հասած
Պտուղները քրքումնաթույր:

Հուրհրատում էին նրանք սիրասնունդ
Հովանու տակ խուռն ու առատ տերևների,
Որ սոսավում էին ինչպես հրաշալի
Դավթի տավիղն աստվածատուր:

Վարդաստանն էր շողարձակում հազարերանգ
Ծիծաղածուփ ծաղիկների երփնախաղով.
Սոսն ու տոսախն էին սփռել այնտեղ բոսոր
Դալարագեղ ոստերն իրենց:

Նոճիներն ու արոսենին նորաբողբոջ
Շրշում էին հևքով հուշիկ
Գգվելով վարդ ու շուշանին.
Շողշողում էր շուշանն հովտում.
Շողում էր դեմն արեգակի:

Հյուսիսային հովն հեզասահ
Հովհարում էր գիրգ շուշանին.
Հարավային լեռների զով
Օդն էր ցողում ջինջ շուշանին:

Ու շուշանն է լցվում շաղով,
Շող շաղով ու շար մարգարտով.
Արեգնափայլ ոսկի ամպից
Շաղն է ցողում ծաղկունքն ամբողջ:

Նշմարվեցին հետզհետե
Աստղերն առկայծ ու դարձդարձիկ,
Լուսինն առան բույլերի մեջ
Ու երկնքի բիլ կամարին համատարած
Հոծ խմբերով շուրջանակի ճառագեցին:

Փա՜ռք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն
Այժմ և միշտ հավիտյանս հավիտենից:
Ամեն:

Սբ. Գրիգոր Նարեկացի:

Հեղինակ` Armenak Avetisyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Armenak Avetisyan
21:02, 07.01.2018
8330 | 0
դեպի վեր