ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցի. ֆոտոշարք (1-ին մաս)
16:16, 21.08.2015
10304 | 1

Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցի. ֆոտոշարք

Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցին գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում, Հրազդանի ձախ ափին, Իսրայելյան փողոց, 19 հասցեում:

Ըստ պատմական տվյալների` Երևանի բերդին հանդիման՝ Ձորագյուղի կամ Խնկելաձորի վերևում, Հրազդան գետի ձախ ափին, քրիստոնեության վաղ ժամանակներից գործում էր մի վանք-անապատ: Այն պարիսպներով շրջապատված մի ընդարձակ համալիր էր` բաղկացած Ս. Սարգիս, Ս. Գևորգ և Ս. Հակոբ եկեղեցիներից, առաջնորդարանի ու թեմական դպրոցի շենքերից, այգուց և այլ կառույցներից: Ս. Սարգիս եկեղեցին առաջնորդանիստ էր, իսկ անապատը՝ կաթողիկոսական իջևանատեղ: Ս. Սարգիս եկեղեցին վանք-անապատի հետ միասին ավերվել է 1679թ. մեծ երկրաշարժի ժամանակ և վերակառուցվել նույն տեղում Եդեսացի Նահապետ կաթողիկոսի գահակալության տարիներին (1691-1705թթ.):

Ներկայիս Ս. Սարգիս եկեղեցին կառուցվել է 1835-1842թթ.: Ներկայիս եկեղեցու բակում` Առաջնորդարանի կողքին կարող եք տեսնել 1679թ.-ի մեծ երկրաշարժի ժամանակ ավերված սրբավայրից մնացած սրբատաշ քարեր և խաչքարեր: 19-րդ դարում կառուցված եկեղեցին իր ներքին և արտաքին ճարտարապետական նկարագրով, հին Երևանի բոլոր եկեղեցիներից ամենաանշուքն էր: Արտաքին տեսքը՝ որպես Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանիստ եկեղեցի, չէր համապատասխանում:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության օրոք այն ենթարկվեց հիմնական նորոգման և բարեզարդման: Ճարտարապետ Ռ. Իսրայելյանի 1972թ. կազմած նախագծի համաձայն, սկսվեցին Ս. Սարգիս եկեղեցու հիմնական նորոգման աշխատանքները: Եկեղեցու հին շենքը հիմնականում պահպանվել է, ճակատները երեսպատվել են Անիի նարնջագույն տուֆով և ունեն եռանկյունաձև խորշեր:

Ճարտարապետ Ռ. Իսրայելյանի մահից հետո հետագա աշխատանքները շարունակել է նրա հեղինակակից, ճարտարապետ Ա. Գալիկյանը: 1971-1976թթ. հիմնովին բարեզարդվել է եկեղեցու ներքին տեսքը, արևմտյան կողմից երգչախմբի համար հավելվել վերնատուն: Վերնասրահում հիմնովին քանդվել են նախկին գմբեթն ու թմբուկը, փոխարենը կառուցվել է առավել բարձրադիր գմբեթ` բազմանիստ թմբուկով և պսակված հովհարաձև վեղարով:

Շնորհաշատ քանդակագործներից Արտաշես Հովսեփյանի մտահղացումն է արևմտյան շքամուտքը, փայտե դուռը, իսկ շքամուտքից վեր գտնվող հարթաքանդակները Աղթամարի Սուրբ Խաչ տաճարի քանդակների թեմաներով են: Քանդակագործներ Ս. Դադոյանի և Մ. Հարությունյանի ջանքերով եկեղեցու ներսում գմբեթի տակ գտնվող առագաստների քանդակազարդ աշխատանքներն Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցու առագաստների քանդակների նմանությամբ են ստեղծվել: Ս. Սարգիս եկեղեցու հիմնական վերակառուցումն իրականացվել է լոնդոնաբնակ բարերար Սարգիս Քյուրքճյանի և նրա զավակների նվիրատվությամբ, որի մասին եկեղեցու արևմտյան բարավորի ներսում արձանագրվել է. «Ի Հայրապետութեան Տ. Տ. Վազգեն Ա Կաթողիկոսի Հայոց եւ փոխանորդութեան Տ. Կոմիտաս արքեպիսկոպոսի հիմնէ վերակառուցաւ եւ բարեզարդուեց Ս. Սարգիս եկեղեցիս արդեամբ լոնդոնաբնակ Գէորգի եւ Յովհաննէսի որդւոյն Սարգսի եւ Աստղիկի Քիւրքճեան յամի տեառն 1976 յամսեանն հոկտեմբերի ի վայելումն հաւատացելոցն քաղաքամայր Երեւանի. ճարտարապետք Ռաֆայել Իսրաելեան եւ Արծրուն Գալիկեան»: Եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը կատարվել է 1976թ. նոյեմբերի 3-ին:

Վեհափառ Հայրապետ Վազգեն Առաջինն իր քարոզում նշել է. «Քաղաքամայր Երևանն օժտվեց մի նոր զարդով, հայկական ճարտարապետության մի նոր կոթողով, աղոթքի սքանչելի սրբավայրով»:

Եկեղեցուն կից զանգակատան և մոմավառության սրահի շինարարությունը սկսվել է 1999 թվականին` Տ.Տ. Գարեգին Ա Կաթողիկոսի գահակալության օրոք, որի մասին մեզ հուշում է նաև զանգակատան, մուտքի աջ կողմում գտնվող պատի փորագիր արձանագրությունը: Ս. Սարգիս եկեղեցու զանգակատան կառուցումը ավարտվել է: 2000թ.-ին:

Զանգակատանը հակադիր կողմում գտնվում է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանը:

Դեպի առաջնորդարան տանող ճանապարհին` եկեղեցուն կից արդեն Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի գահակալության օրոք կառուցվել է աղբյուր և կամար, որի ճակատային մասում տեսնում ենք փորագրված` «Արարատյան Հայրապետական թեմ»:




Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր