Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 479.64, EUR 535.66, RUB 7.47, GBP 607.85
+21 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+25 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
ՀՈՒՇԱԳԻՐ «ՀԱՏՈՒԿ ԳՆԴԻ» 27-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
02:59, 21.09.2017

«ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ ՆԱԽԱԳԱՀ,
ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ

ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
ՈՒՂԵՐՁԸ



Զինակից ընկերներին` «Հատուկ գնդի» վետերաններին.


«Հատուկ գնդի» ստեղծումը իր ժամանակի մեջ անհնարին թվացող, ԽՍՀՄ-ի պայմաններում՝ անօրինական, բայց ազգային զարթոնքով, ոգեղենով զորացող հայության համար անհրաժեշտ ծնունդ էր: Յուրօրինակ մի կոչ՝ ազատամարտի մասնակից մեր զինակից ընկերներին՝ համախմբվել մեկ դրոշի՝ ազգային դրոշի ներքո, մեկ բանակի՝ հայկական, մեկ պետության՝ Հայաստանի Հանրապետության մեջ, սիրահոժար շփվել հասարակության բոլոր շերտերի հետ, միանալ, բռնցքվել- մեկ անգամ ևս վերագնահատելով անցածը, քայլել առաջ:

Ամեն ազգ իր կռիվը գոնե մեկ անգամ պետք է տա մինչև վերջ, ոչ թե զբաղվի ինքնաճանաչողության ժամանակավրեպ պեղումներով. ե՞րբ. ինչպե՞ս. ի՞նչ է եղել. ինչո՞ւ… հարցապնդումներով, այլ ազգովի ցեղվել, և հանրաճանաչ դառնալ թեկուզ մեկ ստեղծագործական և մարտավարական համամարդկային ծրագիր մինչև վերջ իրագործելու վճռականությամբ:

1990թ. սեպտեմբերի 20-ին ՀԽՍՀ կառավարության սեպտեմբերի 13-ի թիվ 420 որոշմամբ կազմավորվեց ՀՀ առաջին կամավորական ռազմական միավորումը` «Հատուկ գունդը», որն իր մեջ ներառեց 22 շրջանների կամավորական վաշտեր:

Երկրապահ կամավորների շտաբը և նորաստեղծ մանդատային հանձնաժողովը, գնդի ստեղծման համար առաջնությունը տալիս էին կազմակերպված, մարտական փորձ ունեցող ջոկատներին` կռված ու կոփված մարտիկներին: Այդ անձանցից շատ բան էր կախված, դրա համար էլ հիմնադիրները և երկրապահ զինապարտների կենտրոնական շտաբի անդամները, բանակի ստեղծման գաղափարախոսներ դարձած, ընկած շրջանից շրջան, գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, հավաքագրում էին մարտունակ երիտասարդների, զինվորների և մարտական ջոկատների, ու կազմակերպված ջոկատների կորիզի և հիմքի վրա, հրավիրելով մի շարք սպաների, մայրաքաղաքի զորակայանում հատուկ մարտական շարային և տեխնիկական պատրաստություն անցնելով, ստեղծեցին դասակներ, վաշտեր, այնուհետև գումարտակներ: ԵՎ… կայացավ «Հատուկ գունդը», որը արդեն նոյեմբերի 4-ին պատրաստ էր երդման արարողությանը:

Այնուհանդերձ, մեզ գրեթե բոլոր օղակներում, և, հատկապես գնդի ղեկավարման օղակում` օդի պես անհրաժեշտ էին պրո‎ֆեսիոնալ և կամային զինվորականներ:

«Հատուկ գունդը» փառավոր մարտական ուղի անցավ ՀՀ սահմաններից սկսյալ, սկզբնական շրջանում հաղթահարելով դժվարությունները Գետաշենում, Շահումյանում, այնուհետև՝ Մարտակերտում, Հորադիզում, Լաչինում, Կուբաթլիում և Օմարի բարձրունքներում:

Ստեղծված օրվանից բանակի պարտքն ու պետության պատասխանատվությունը իր նեղ, բայց հուսալի ուսերին առնելով, ազգին մեկ հատուկ գունդ, մեկ հատուկ փրկության օղակ պարգևելու փոխարեն` Գունդը երկնեց մի ամբողջ սահմանապահ զորք, ինքը մնալով իր իսկ ստվերում` ինչպես կաղնին, ճյուղավորվելով հետզհետե սաղարթախիտ դարձավ: Դարձավ կադրերի դարբնոց թե ղեկավար, թե ռազմական, թե քաղաքական գործիչներ տալով:

Գունդը բանակին տվեց հինգ գեներալ, երկու Պաշտպանության Նախարար, երկու ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության գծով մեկ փոխնախարար: Բազմաթիվ հրամանատարներ և սպաներ համալրել են հայոց բանակի և ուժային նախարարությունների, ինչպես նաև տնտեսական, քաղաքական գործիչների շարքերը:

«Հատուկ գունդը» ձեռք բերեց շատ հաղթանակներ, կռվեց և կոփեց հայ զինվորին, կերտեց հայ զինվորի կերպարը: Այսօրվա սերնդի համար անմնացորդ հայրենապաշտության և հերոսության վառ օրինակներ են ազգային հերոս Ջիվան Աբրահամյանը, Նահապետ Տոնոյանը, Աղվանը, Մայիսը, Գեդեոնը, Արկադին և շատ ուրիշներ:

1995թ-ին գունդը ստացավ հայկական 89-րդ Թամանյան կարմրադրոշ դիվիզայի դրոշը: Իսկ 2007թ-ին արժանացավ` «Մարտական խաչ առաջին աստիճան» շքանշանի:

Այսօր տարբեր դպրոցներում և պուրակներում հավերժանում են ՙ «Հատուկ գնդի» հայրենապաշտ զորականների անունները, որ չկորչի անմահների գործը, որն է հայոց բանակի զորեղացումը, հայ զինվորի և նրա ընտանիքի բարոյական և արժանապատիվ կեցվածքի ապահովումը:

«Հատուկ գունդը» կատարեց հատուկ առաջադրանք, ինչպես նրա հրամանատարն էր ասում` «Գոնե արդեն ազատագրվեցին գետից գետ ընկած տարածքները` Արաքսից մինչև Քուռ գետերի լայնությամբ»:

Նրա հիմքի վրա ստեղծվեցին սահմանապահ զորամասեր և զորամիավորումներ` Նոյեմբերյանի, Վարդենիսի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի գնդերը, Կապանի, Գորիսի բրիգադները:

«Հատուկ գնդի» հայրենապաշտ զորականների պատվոմատյանում արժանիորեն կարելի է հիշատակել հրամանատարներ՝ Սերգեյ Առաքելյանի, Գրիգորի Գրիգորյանի, Վլադիմիր Կարապետյանի, Աշոտ Պետրոսյանի, Վահան Պապոյանի, Գագիկ Մելքոնյանի, շտաբի պետ Ֆելիքս Գզողլյանի. վաշտերի հրամանատարներ` Գարիկ Շառոյանի, Արծիվ Հակոբյանի, գումարտակի շտաբի պետ` Արկադի Հովհանիսյանի, և շատ այլ անուններ:

Սիրելի «Հատուկ գնդի» մարտիկներ, հրամանատարներ, զինվորներ.

Եզակի է «Հատուկ գնդի» անցած ուղին: Հայրենիքի կանչով, հավատով, դրոշով ու երդումով, երգերով և վերքերով դուք կերտեցիք հայոց պետականության ամենադժվարին նվաճումը` Հայոց բանակը:

Հայրենաշեն բանակ ստեղծելու իղձով, հայրենապաշտության գաղափարը ոգեղենի հետ խառնած, սահմանների պաշտպանությանը մասնակցած ընտրյալ զինապարտներից, ազատամարտիկներից, հերոսներից կազմված վաշտերով, գունդն իր ակտիվ մասնակցությունը բերեց Արցախի ազատագրման, ՀՀ սահմանների պաշտպանության և բանակաշինության գործին:

Այդ անմնացորդ նվիրումը գնահատվել է պետության և հասարակության կողմից. ՀՀ նախագահի հրանանագրերով և պաշտպանության նախարարի հրամաններով գնդի բազմաթիվ սպաներ և մարտիկներ արժանացել են շքանշանների, մեդալների և կառավարական այլ պարգևների:

Գնդի վետերանները, նրա ստեղծման և կայացման գործում ներդրում ունեցողներս այսօր էլ դեռ շարքերում ենք, հավատարիմ՝ հայրենապաշտ մարտիկ լինելու գաղափարին. տեր ենք Վազգեն Սարգսյանի մատնանշած Հայրենաշինության սուրբ գործին. լծված 21-րդ դարը մերր դարձնելու արարչագործությանը, ազգի և պետության անվտանգությունը ապահովելու յուրաքանչյուր քայլին, «Հատուկ գնդի» կոչին և նրա սրբություն դարձած պատմությանը, նոր սերնդին ազգային մտածողությամբ, հայրենասիրությամբ դաստիարակելու, ռազմի գործը իմանալու, բանակաշինությունը հասկանալու, Հայ զինվոր դառնալու, որն է մեկ ընտանիք, մեկ ազգ-բանակ-պետություն դառնալու, մեկ համազգային մշակույթի և մեկ հավատամքի տիրապետելու գործին:


Փառք անմահացած հերոսներին, զորություն մեր բազկին… Ոգեղեն կամք ու Միասնություն՝ հանուն Հայոց պետականության պաշտպանության և հզորացման:


ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ՝ Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

Երևան, 20.09.2016թ.

Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
,,ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ,, ՀԿ
17:32, 11.01.2018
դեպի վեր