ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Կենսագրականներ
03:29, 22.12.2017
13068 | 0

Անանիա Շիրակացի


Անանիա Շիրակացին վաղ միջնադարի մաթեմատիկոս էր, տոմարագետ, աստղագետ, աշխարհագետ, փիլիսոփա, օդերևութաբան: Նա առաջինն է կայուն հիմքերի վրա դրել ճշգրիտ գիտությունների ուսումնասիրությունը Հայաստանում:

Անանիա Շիրակացու արձանը Երևանի Մատենադարանի առջև
Շիրակացին, Դպրեվանքի դպրոցում նախնական կրթություն ստանալով, որոշեց նվիրվել համրողական արվեստի՝ մաթեմատիկայի ուսումնասիրմանը: Նա համոզված էր, որ ամեն ինչի հիմքում թվերն են, իսկ համրողական արվեստը համարում էր բոլոր գիտությունների հիմքը: Մեզանից ավելի քան 1300 տարի առաջ, երբ աշխարհում հմուտ մասնագետներն ու ուսուցիչները շատ քիչ էին, ուսումը շարունակելու, գիտելիքները խորացնելու միակ միջոցը ճամփորդելն էր ու հեռավոր երկրներում ուսուցիչ գտնելը: Շիրակացին այդպես էլ վարվեց:
Ընդհանուր առմամբ` նա արտասահմանում ճանապարհորդեց և սովորեց 11 տարի, որից 8-ը՝ հույն նշանավոր գիտնական Տյուքիկոս Բյուզանդացու դպրոցում: Ուսուցչի հարուստ գրադարանը Շիրակացու համար դարձավ երկրորդ ուսումնարանը: Հայ երիտասարդը, մաթեմատիկայից բացի, ուսումնասիրեց նաև պատմություն, բժշկագիտություն, աշխարհագրություն և այլ գիտություններ: Ուսումնառությունն ավարտելուց հետո Շիրակացին շտապեց վերադառնալ Շիրակ և դպրոց բացեց, որտեղ գալիս էին սովորելու Հայաստանի տարբեր վայրերից:
Անանիա Շիրակացին ոչ միայն սովորեցնում, այլև դասագրքեր էր ստեղծում, որոնք այնուհետև բազմացնում էին՝ մեկը մյուսից արտագրելով:
Հարյուրամյակներ շարունակ հայ երեխաներն ու պատանիները մաթեմատիկան սովորել են Շիրակացու խնդրագրքով, որտեղ ամփոփված խնդիրները նաև հետաքրքիր տեղեկություններ էին պարունակում պատմությունից, աշխարհագրությունից, տարբեր արհեստներից ու ժամանակին բնորոշ առօրյայից: Որոշ խնդիրներ ունեին զվարճալի բնույթ և կոչվում էին խրախճանականներ: Անանիա Շիրակացու կարևոր աշխատություններից են ժամանակի ճշգրիտ հաշվարկմանը ծառայող տոմարական հաշվումների աղյուսակներն ու բոլորակները (աստղագիտական աղյուսակներ), որոնք տվյալներ են պարունակում ոչ միայն հայկական, այլև քաղաքակիրթ մյուս ժողովուրդների տոմարական համակարգերից:
Իր աստղագիտական աշխատություններում Անանիա Շիրակացին քննության է առել Արեգակի, Երկրի, Լուսնի, աստղերի վրա և Տիեզերքում տեղի ունեցող երևույթներ: Նա համոզված էր, որ Երկիրը գնդաձև է, պարզել է, որ լույսի տարածման արագությունը շատ ավելի մեծ է, քան ձայնինը, գտնում էր, որ Լուսինը սեփական լույսից զուրկ, պինդ մարմին է, որը երևում է Արեգակի ճառագայթների անդրադարձմամբ, իսկ նրա վրա երևացող մութ բծերը մակերևութային անհարթություններ են: Շիրակացին բացատրել է նաև Լուսնի փուլերի առաջացումը, Արեգակի և Լուսնի խավարումները: Ծովերի մակընթացություններն ու տեղատվությունները նա համարել է Լուսնի ազդեցության արդյունք: Համեմատական դատողություններով եզրակացրել է, որ Արեգակը մեծ է թե՜ Լուսնից, թե՜ Երկրից և գտնվում է շատ մեծ հեռավորության վրա: Շիրակացին նշել է նաև աստղագիտության մի շարք գործնական կիրառություններ, մասնավորապես՝ նավագնացության ժամանակ աստղերով կողմնորոշվելու և Արեգակի դիրքով օրվա ժամերը որոշելու եղանակը:
Շատ հետաքրքրական են նաև թանկարժեք քարերին, չափ ու կշռին, ֆիզիկայի և օդերևութաբանության տարբեր հարցերի վերաբերող նրա ուսումնասիրությունները:
Անանիա Շիրակացու հուշարձանները կանգնեցված են Մատենադարանի և Երևանի պետական համալսարանի առջև: ՀՀ-ում սահմանվել է Անանիա Շիրակացի մեդալ, որով պարգևատրվում են գիտության և մշակույթի բնագավառում ակնառու ձեռքբերումների համար:


Անանյան Վախթանգ


Գրող, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Պետական մրցանակի դափնեկիր Վախթանգ Անանյանը որսորդական պատմվածքի սկզբնավորողն է հայ գրականության մեջ:

Վախթանգ Անանյանը սովորել է Դիլիջանի ծխական դպրոցում, ապա զբաղվել ինքնակրթությամբ: 1926 թ-ին տեղափոխվել է Երևան, 1930–35 թթ-ին աշխատել է «Մաճկալ», «Սոցիալիստական գյուղատնտեսություն», «Կոլխոզնիկ» թերթերի խմբագրություններում: Նրա առաջին վիպակը՝ «Կրակե օղակի մեջ», լույս է տեսել 1930 թ-ին: Անանյանը «Որս» (1934 թ.) ժողովածուում վառ գույներով և ռեալիստական պատկերներով է նկարագրել հայկական բնաշխարհը: 1947–66 թթ-ին լույս են տեսել նրա որսորդական պատմվածքների 6 պրակները:
Անանյանն առավել ճանաչվել է «Սևանի ափին» (1951 թ.) արկածային վիպակով, որն աչքի է ընկնում մարդասիրական, հայրենասիրական շնչով, բնության վառ պատկերներով, համոզիչ կերպարներով: Վիպակը թարգմանվել է ավելի քան 10 լեզվով:
Մանկական գրականության լավագույն նմուշներից է նաև Անանյանի «Հովազաձորի գերիները» (1956 թ.) վիպակը, որը «Սևանի ափին» վիպակի հետ մանկական լավագույն գրքի համամիութենական մրցանակաբաշխությունում արժանացել է «Լավագույն գիրք» մրցանակի: Անանյանը գրել է նաև «Հայաստանի կենդանական աշխարհը» (1961–67 թթ.) քառահատոր աշխատությունը, որն ունի գիտաճանաչողական մեծ արժեք: Նրա «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վիպակների հիման վրա Հայֆիլմը նկարահանել է «Լեռնային լճի գաղտնիքը» (1954 թ.) և «Հովազաձորի գերիները» (1957 թ.) կինոնկարները:
«Վախթանգ Անանյանի երկերից փչում են մեր երկրի և հողի բույրերը: Նա չափել է անդունդների խորքը և զգացել է լեռների սլացքը, թեքվել է բոլոր ծաղիկների և բույսերի վրա: Մշտապես պահպանել է մոր ջերմության և անսահման սրտի զգացողությունը, հյուսել նրա սիրո երգը: Նա հասկանում էր բնության լեզուն և մարդու հոգին, անաղարտ հայացքով նայում մարդկանց և աշխարհին, ժողովրդական մեծ կյանքի ընթացքին»:
Հրանտ Թամրազյան
«Տասնմեկ տարեկան էի, երբ զրկվեցի դպրոցից, ուսուցիչներից: Այնուհետև գրքերը դարձան իմ ուսուցիչները, իմ դաստիարակները, լեռնականի իմ անտաշ հոգին հղկողները»:
Վախթանգ Անանյան

Ամիրդովլաթ Ամասիացի

Մոտ 1420/25թ.,
ք. Ամասիա, Փոքր Ասիա
1496 թ., Բրուսա

Միջնադարի խոշոր բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին հայ բժշկության մեջ շարունակել է Մխիթար Հերացու օրոք ձևավորված ավանդույթները, ստեղծել առաջին հայկական դեղագիտական հանրագիտարանը:
Միջնադարի բնագետ-բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին բժշկություն սովորել է Միջագետքում կամ Արաբիայում: Տիրապետել է հունարենին, լատիներենին, պարսկերենին, արաբերենին, թուրքերենին, ուսումնասիրել հին և միջնադարյան բժշկագիտությունը: Երկար տարիներ ապրել է Կոստանդնուպոլսում, եղել պալատական բժիշկ, հռչակվել «վիրաբուժապետ»:
Ամասիացին «Ուսումն բժշկութեան» աշխատությունում քննության է առել սաղմնաբանության, մարդակազմության, ախտաբանության և հիգիենայի հարցերը: «Օգուտ բժշկութեան» աշխատությունը կազմված է 2 մասից՝ մարդակազմություն և ախտաբանություն, որտեղ մանրամասն նկարագրված են ներքին օրգանների հիվանդությունների (200-ից ավելի) պատճառագիտությունը, կլինիկական պատկերը բնորոշող ախտանշանները, հիվանդի բուժումը և խնամքը, ինչպես նաև նկարագրել է տեսողական նյարդի ուղին, քիթկոկորդի և այլ հիվանդություններ, տվել դրանց դեղաբուժման, սննդաբուժման եղանակները:
Դեղագիտության վերաբերյալ Ամասիացու ամենանշանավոր աշխատություններն են «Ախրապատինը» (1487 թ.) և «Անգիտաց անպէտը» (1482 թ., հրտ.` 1926 թ.): Վերջինս հայկական միջնադարյան հայկական դեղագիտական հանրագիտարան է, որտեղ տրված են (5 լեզվով) 3500-ից ավելի բուժիչ բույսերի, կենդանիների ու հանքային նյութերի անվանումներ, նրանց հոմանիշները:
Վարակական-ալերգիական հիվանդությունների բուժման համար Ամասիացին օգտագործել է հայկական բուսաշխարհի բույսերը, կիրառել է նաև հակաթունային (նարդոս, վաղենակ, երկաթախոտ և այլն) և օրգանիզմի տոնուսը բարձրացնող (սղանց, լոշտակ), վաղաժամ ծերությունը կանխող որոշ բուսական, կենդանական ու անօրգանական ծագում ունեցող խեժեր (քաղբան, սեքպինաճ, ակնամոմ և այլն):




Մխիթար Հերացի

Մոտ 1120 թ., Հեր,
Պարսկահայք
(այժմ՝ Խոյ, Իրանում),
1200 թ.

Մխիթար Հերացին հայ միջնադարյան բժշկության ամենաականավոր դեմքերից է, կիլիկյան բժշկական դպրոցի հիմնադիրը:
Պատանեկան տարիքում Մխիթարը հաստատվել է Կիլիկյան Հայաստանում, որտեղ ստացել է մասնագիտական հիմնարար կրթություն: Այնուհետև Սիսում և Հռոմկլայում կաթողիկոսներ Ներսես Շնորհալու, ապա Գրիգոր Դ Տղայի հովանավորությամբ ծավալել է բժշկի ու գիտնականի իր գործունեությունը: XII դարի 60-ական թվականներին Մխիթար Հերացին արդեն մեծ հռչակ է վայելել, շրջել է երկրից երկիր, ուսումնասիրել բժշկության հայր Հիպոկրատի, արևելքի մեծանուն բժշկապետ Ավիցեննայի աշխատությունները, ճանաչել տարատեսակ բույսերի բուժիչ հատկությունները, դրանք փորձարկել տարբեր հիվանդությունների ժամանակ: XII դարի 80-ական թվականներին Մխիթար Հերացին ձեռնամուխ է եղել «Ջերմանց մխիթարություն» (հրատարակվել է 1832 թ-ին) գրքի շարադրմանը: Նա գիրքն այդպես է անվանել, որպեսզի այն մխիթարի բժշկին՝ ուսմամբ, իսկ հիվանդին՝ առողջությամբ: Աշխատության մեջ նա անդրադարձել է Դաշտային Կիլիկիայի ճահճոտ վայրերում լայնորեն տարածված տենդային հիվանդությունների դասակարգման, պատճառագիտության, ախտածնության, մահճաբուժության, կանխարգելման և բուժման հարցերին: Հերացին տենդային հիվանդությունները բաժանել է 3 խմբի՝ «միօրյա», «բորբոսային» և «հալևմաշ անող»: Հետաքրքիր է նրա տեսությունը հատկապես «բորբոսային» տենդի մասին, ըստ որի` այդ տենդը վարակիչ է, իսկ նրա պատճառը մարդու արյան և մյուս հեղուկների մեջ գոյացող «բորբոսն» է, որը, կուտակվելով որևէ օրգանում, առաջ է բերում այս կամ այն հիվանդությունը: Ժամանակակից պատկերացումներով` դա վարակական շարժընթացի դիպուկ նկարագրություն է, ինչը Հերացին տվել է մանրէների հայտնագործումից շատ առաջ:
«Բորբոսային» տենդերի խմբում Մխիթար Հերացին նկարագրել է դողէրոցքը, տիֆային և արյունավարակական հիվանդությունները, ժանտախտը, բնական ծաղիկը, կարմրուկը, տիֆը:
Իսկ տենդային հիվանդությունների Մխիթար Հերացու դասակարգումը հենվում էր ոչ միայն ախտաբանական ու պատճառագիտական սկզբունքների, այլև կլինիկական ուսումնասիրության, հիվանդի մանրակրկիտ հետազոտման վրա:
Հերացին մշակել է բուժման համալիր մի համակարգ, որը հիմնված էր դեղաբուժության (հատկապես՝ բուսաբուժության), սննդաբուժության և ֆիզիկական եղանակների վրա: Նա լուրջ ուշադրություն է դարձրել նաև հոգեբուժման (պսիխոթերապիա) եղանակներին, ներշնչմանը՝ այդ նպատակով օգտագործելով նաև երաժշտությունը:
Բժշկապետի «Ջերմանց մխիթարությունը» երկար դարեր լավագույն ձեռնարկ-դասագիրքն է եղել հայ բժիշկների և բժշկություն սովորողների համար: Հերացին մեծ աշխատանք է կատարել նաև հայ բժշկական տերմինների ստեղծման ուղղությամբ, որոնց մի մասը ցայսօր գործածվում է:
1908-ին «Ջերմանց մխիթարությունը» գերմաներեն է թարգմանել Էռնեստ Զայդելը: Այնուհետև երկը թարգմանվել է մի շարք այլ լեզուներով և հայտնի դարձել եվրոպական գիտությանը:
Մխիթար Հերացու անունով կոչվել են փողոցներ Երևանում ու Վանաձորում, ինչպես նաև Երևանի պետական բժշկական համալսարանը:
ՀՀ-ում սահմանվել է Մխիթար Հերացու մեդալ:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13068 | 0
01:01, 08.12.2017
29951 | 0
23:45, 27.08.2017
21695 | 0
դեպի վեր