Մոլդովայի իշխանապետ Ալեքսանդր Բարին 1401 թ. Սուչավայում գրված հրովարտակով թույլ է տալիս հիմնելու մոլդովա-ռումինական կողմերի առանձին թեմական կառույց, որի առաջնորդանիստ կենտրոնն է դառնում Սուչավան: Հաճկատարից բացի, Սուչավայում հայերը հիմնում են նաեւ Զամկայի կամ Սբ. Օգսենտի վանքը, իսկ քաղաքում որպես եկեղեցիներ` Սբ. Խաչը, Սբ. Սիմեոնը, Սբ.Աստվածածինը եւ Սբ. Նիկողայոսը: Սուչավայի հայ համայնքի այս բացառիկությունը պայմանավորված է եղել նաեւ առեւտրական կապերով եւ Սուչավայի բարենպաստ դիրքով: Այստեղով էին անցնում մերձվոլգյան շրջաններից Դանուբի ընթացքով շարժվող հայ վաճառականների քարավանների, որոնք պատմության մեջ հայտնի են Կարելե արմենեշտա` հայկական կառքեր կամ սայլեր անվանմամբ: Ալեքսանդր Բարին 1401 թ. իր հրովարտակով իրավունք տալով հիմնելու Սուչավայի թեմը, այնուհետեւ 1408 թ. հոկտեմբերի ութի հրովարտակով Լվովից հրավիրում է հայ վաճառականներին եւ բնակեցնում Սուչավա, Սիրետ եւ Չեռնովիցի քաղաքներում: 1418 թ. Լեհաստանից հրավիրվում են եւս 3000 հայ ընտանիքներ, որոնցից 700 Սուչավայում է բնակվում: |