ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Մայրաքաղաքում անցկացվեց ձմերուկի 6-րդ փառատոնը. այս տարի այն նվիրված էր մայրաքաղաքի հոբելյանին
15:43, 23.07.2018
5604 | 0

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Կարապի լճի տարածքում անցկացվել է արդեն ավանդական դարձած ձմերուկի 6-րդ փառատոնը: Այս տարի այն նվիրված էր մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին: Փառատոնը մեկնարկել է խորհրդանշական շքերթ-դիմակահանդեսով:

«Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում իրականացվող այս նախաձեռնությունը տարիների ընթացքում հասցրել է սիրվել ինչպես մեր համաքաղաքացիների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի կողմից: Այդ մասին փաստում է փառատոնին մասնակցիների տարեցտարի աճը: Հարյուրավոր և նույնիսկ հազարավոր մարդկանց անգամ եղանակային պայմանները չեն խանգարել միանալու ձմերուկային տոնին», - փառատոնի հանդիսավոր բացման իր խոսքում ընդգծել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:
Փառատոնի շրջանակում Երևանի վարչական շրջանների տաղավարներում ներկայացվել են քարվինգի մասնագետների կողմից ստեղծված ձմերուկային նորովի և յուրօրինակ ձևավորումներ՝ հոբելյանական տարվան առնչվող լուծումներով, նաև Երևանի խորհրդանիշերով: Ձմերուկային ստեղծագործություններն անտարբեր չեն թողել անցորդներին, որոնք շտապել են լուսանկարել, ինչպես նաև հետաքրքրվել մասնագիտական գաղտնիքներով:
Միջոցառման ընթացքում կազմակերպվել են նաև տարբեր խաղ-մրցույթներ, որոնց հաղթողները Երևանի քաղաքապետարանի և գործընկեր կազմակերպությունների կողմից պարգևատրվել են մրցանակներով:
Մայրաքաղաքի բնակիչներին ու նաև քաղաքի հյուրերին սպասված, բայց հաճելի անակնկալ է մատուցվել աստղային տաղավարից: Ճանաչված ու սիրված հաղորդավարների, դերասանների կողմից փառատոնի այցելուների համար կազմակերպվել է ձմերուկի հյուրասիրություն:
Ձմերուկի 6-րդ փառատոնի մասնակիցները խրախուսվել են Երևանի քաղաքապետարանի շնորհակալագրերով:
Փառատոնն ուղեկցվել է համերգային ծրագրով, որին մասնակցել են սիրված երգիչ-երգչուհիներ, երաժշտական ու պարային խմբեր, DJ-ներ: Շոու ծրագիրը շարունակվել է մինչ ուշ երեկո: Միջոցառման մասնակիցը դարձած երևանցիներն ու օտարազգի հյուրերը, խոսելով իրենց տպավորությունների մասին, նկատել են, որ փառատոնն իրենց պարգևել է զգացողություններով լի անմոռանալի օր:

Հեղինակ` Yerevan info
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Yerevan info
դեպի վեր