ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
ԱՐՅԱՆ ԵՎ ՈԳՈՒ ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ
02:51, 26.07.2018
7600 | 0

Երկրապահն, իհարկե, զինվոր է նախ և առաջ,

բայց կյանքը հայրենիքին նվիրաբերած,

հայրենիքի փրկությունը գերագույն երազ,

նպատակ դարձրած զինվոր:

Երկրապահները մեր օրերում, մեր աչքերի առաջ ծնվեցին, ավելի ճիշտ կյանքը, ճակատագրական իրավիճակը ծնեց: Մենք մեր ժողովրդի առաջին երկրապահները լինելու բախտավորությունն ու պատասխանատվությունն ունեցանք` առանց չափազանցության պատմական պատասխանատվություն ստանձնեցինք:

Բոլորը հավանաբար հիշում են Խորհրդային ժամանակաշրջանի` Հայաստանի վերջին գերագույն խորհրդի նիստը, երբ կառավարական շենքի ներսում ու շուրջը կրքերը հետզհետե բորբոքվում էին, իսկ ազատության հրապարակում ծովացած ամբոխը, որի մեջ աչքի էին ընկնում Ադրբեջանից գիշերազգեստներով ու հողաթափերով փախած, իրենց կյանքը հազիվ փրկած մեր հայրենակիցները, սպասումով համակված ալեկոծվում ու արդարացի պահանջներ էր ներկայացնում:

Երբ մթնշաղին իրավիճակը ծայրաստիճան լարվեց, զգացինք, որ բռնաճնշումներն անխուսափելի են: Որպեսզի անմեղ զոհեր չտանք, ժողովրդին ինքներս հանդարտեցնելու համար ժամանակ խնդրեցինք: Մեզ տվեցին մեկ, հետո ընդամենը կես ժամ: Բայց տասներկու րոպե անց, երբ Ազատության հրապարակ մտանք, տեսանք, որ այն շրջափակված է Խորհրդային պատժիչ զորքով, հրասայլերով: Խոստովանում եմ, ես առաջին անգամ հատուկ ծառայության զինվորներ տեսա, որոնք ռետինե մահակ, սաղավարտ ու վահան ունեին: Ընդ որում, նրանք միայն հասարակական կարգը չէին պաշտպանում` ինչպես խոստացել էին խորհրդային ղեկավարները, հարձակվում էին խարույկների շուրջը բոլորված անմեղ մարդկանց վրա, բռնությամբ ցրում: Մենք որոշեցինք պաշտպանել ժողովրդին, բայց մեր ինքաշեն զենքերը` ծալովի մահճակալի եզրերից պատրաստված ալյումինե ձողերը դիպչում էին զինվորների մետաղե սաղավարտներին, ծռմռվում, փշրվում: Ահա այդ գիշեր, հենց հրասայլերով շրջափակված քաղաքի միջով ես ու ընկերներս տուն վերադարձանք, համոզվեցինք, որ զինվելը, երկրապահ ջոկատներ ստեղծելն անխուսափելի անհրաժեշտություն է: Ծիծաղելին այն էր, որ երբ խորհրդային զինվորները ծեծում էին անպաշտպան ժողովրդին, հայհոյում էին «Ձեր Ստալինի մերը…» բառերով, այսինքն իրենք էլ չէին հասկանում, թե որ երկրում էին գտնվում, ում, ինչի դեմ են պայքարում:

Այժմ արդեն բոլորին հայտնի է, մեր առաջին երկրապահ ջոկատները զինված էին որսորդական հնաոճ հրացաններով, և պատահական զենքերով, որ տղաներն իրենք էին տարբեր միջոցներով հայհայթում: Օրինակ, մեր Նաիրիի շրջանի «Քասախ» ջոկատը, որը մի քանի հարյուր հոգուց էր կազմված /ցանկացողներն անհամեմատ շատ էին, բոլորին չէինք վերցնում/ վաթսուն հրացան ուներ: Նման խղճուկ զինապաշարով մենք Բաղանիս հասանք, մարտական մկրտություն ստացանք, ու հաղթանակով ավարտեցինք մեր առաքելությունը: Ճշմարտությունը պահանջում է խոստովանել, սակայն, որ ոչ բոլոր երկրապահ ջոկատներն էին զենքը բուն նպատակին ծառայեցնում, բացի դրանից, Երևանում ու Հանրապետության տարբեր բնակավայրերում ստեղծված հարյուրավոր ջոկատների միջև համագործակցություն, փոխըմբռնում չկար: Ահա այդ պատճառով հարկ համարեցինք շուտափույթ համակարգող խորհուրդ ստեղծել, որը նույնպես նախադեպը չուներ մեր ազգային ազատագրական դարավոր պայքարում: Վազգեն Սարգսյանն ընտրվեց երկրապահ ջոկատների գլխավոր հրամանատար, ես` կենտրոնական շտաբի պետ:

Խորհրդում ընդգրկված էին մեր արդար դատի այնպիսի նվիրյալներ, ինչպիսիք են Սավել Գևորգյանը, Աշոտ Նավասարդյանը, Սամսոն Ղազարյանը, Ռուբեն Գևորգյանը, Աշոտ Աղաբաբյանը, Շանթ Հարությունյանը, թվով` տասներեք հոգի: Հիշում եմ, ուշ գիշերով մենք հավաքվեցինք Կոմիտասի անվան զբոսայգում, մեր ժողովրդի ու պատմության ամենանվիրական շիրիմների հարևանությամբ եղբայրության, ինքնազոհության երդում տվեցինք:

1990 թվականի մայիսի 4-ն էր: Մենք մեր դաստակները կտրեցինք, արյունները միախառնեցինք ու ուխտեցինք մինչև մահ պայքարել ժողովրդի ազատության, հայրենիքի անկախության համար: Համակարգող խորհուրդը փաստորեն Հայաստանի երկրապահ ջոկատների հրամանատարական կենտրոնն էր, բայց առճակատում չէր հրահրում, ընդհակառակը, աշխատում էր իրավիճակը տնօրինել: ՈՒղերձը, որը հրապարակեցինք հենց հաջորդ օրը, կոչ էր անում կանխել բախումները խորհրդային բանակի հետ, սահմանամերձ շրջաններում խժդժություններ թույլ չտալ և ամենակարևորը` համախմբել ջոկատներն ու նպատակաուղղել բոլոր գործողությունները: Թող չափազանցություն չթվա, համակարգող խորհրդի շնորհիվ ու ջանքերով Հայաստանում չբռնկվեց քաղաքացիական պատերազմ մի եղբայրասպան արյունահեղություն, որի շատ էր ձգտում Մոսկվան, որը կարողացավ իրագործել խորհրդային նախկին շատ հանրապետություններում: Տարբեր ճանապարհներով մեզ տեղեկություններ հասնում էին, մենք իմանում էինք, թե ինչ դավեր են նյութվում կառավարական առանձնասենյակներում ու ժամանակին, համապատասխան միջոցների դիմելով, կանխում էինք:

Ով չգիտի, որ Նուբարաշենի բախումը նենգամտորեն նախապատրաստված սադրանք էր, և եթե մեր վճռական միջամտությունն և կանխարգելիչ գործողությունը չլինեին, խորհրդային բանակը փաստորեն կոտորելու էր քաղաքամայր Երևանի անմեղ ազգաբնակչությանը: Ճիշտ նույն ձևով մեզ հաջողվեց ռազմական օրենքի բոլոր կանոններով դատապարտել Արտաշատում զինված խժդժություններ հրահրողներին ու մեղավորներին զինաթափել:

Վերջապես չմոռանանք, որ կամավորական երկրապահ ջոկատները մեր այսօրվա ազգային բանակի` հայ ժողովրդի դարավոր երազանքի իրագործողները դարձան: Ահա թե ինչու համագումարի` տարիների ձեռքբերումները հանրագումարի բերելու այս խորհրդանշական օրը ես չեմ կարող չհիշել «Սասունցի Դավիթ», «Սասնա ծռեր», «Մուշ», «Տիգրան Մեծ», «Նիկոլ Դուման», «Արաբո», ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններում մարտընչած բազմաթիվ ջոկատների զոհերին, որոնց շնորհիվ իրականացրինք մեր ժողովրդի նվիրական նպատակները:

Մեր նահատակ երկրապահները միշտ մեզ հետ են, և չեմ կասկածում` կլինեն գալիք բոլոր սերունդների հետ:
ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՀՀ Պաշտպանության փոխնախարար /1993-2000թթ./

Երկրապահ թերթ. թիվ 2, նոյեմբեր 26, 1997թ. Տիտղոսաթերթին խմբագրի` Վրեժ Իսրայելյանի «Երկրապահի մենախոսությունն է»:
Երկիր պահող ազատամարտիկներ-«Քասախ» ջոկատ, Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ,Ժ.ՎԱՐԴԱՆՅԱՆ /կենտրոնում/
Աստվածատուր ՊԵՏՐՈՍՅԱՆ, 1990թ.
1990թ. Երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբում, աջից` շտաբի պետ` Աստվածատուր Պետրոսյան, ձախից նստած` Մանուշակ Պետրոսյան / ազատամարտի մասնակից, քույրը/
1990թ.-Առաջին հերոսներից մեկի` Մովսես Գորգիսյանի թաղման արարողության ժամանակ, Ա.Պետրոսյանը, Ռ.Գորգիսյանի հետ:
Երկրապահ զինապարտների առաջին հանրագումարի պատվիրակի լիազորագրի նմուշը.
Երկրապահ զինապարտների 1-ին հանրագումար. Երևան, 22-25 հուլիս, 1993թ.-այնուհետ հիմնադրված միությունը կոչվեց «Երկրապահ կամավորականների միություն»:
Գեներալ Ա.Պետրոսյանի «Արյան և ոգու զորակցություն» հուշագրություն հոդվածը առաջին անգամ տպագրվել է ԵԿՄ 3-րդ համագումարի նախօրեին: «Երկրապահ» թերթ. թիվ 2, նոյեմբեր 26, 1997թ.
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
,,ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ,, ՀԿ
19:54, 18.09.2018
6811 | 0
23:31, 25.04.2018
4963 | 0
14:55, 19.02.2018
5172 | 0
17:32, 11.01.2018
4962 | 0
դեպի վեր