ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Պարտավո՞ր էր արդյոք Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին գնալ Մայր Աթոռ Ս. Էջմիածին և ստանալ կաթողիկոսի օրհնությունը
18:27, 03.09.2018
4656 | 0
Պարտավո՞ր էր արդյոք Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին գնալ Մայր Աթոռ Ս. Էջմիածին և ստանալ կաթողիկոսի օրհնությունը:
Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում Եկեղեցին ու Պետությունն անջատ են, ապա պատասխանն ակնհայտ է՝ ո՛չ, պարտավոր չէր: Պիտի հասկանանք, թե ի՞նչ երկրում ենք ուզում ապրել. թեոկրատի՞կ (աստվածապետական), որտեղ Եկեղեցին իր օրենքներն է պարտադրում Պետությանը, թե՞ ասենք, պոլիտիոկրատիկ, ե՞րբ Պետությունն է իր օրենքով կարգավորում Եկեղեցու կյանքը: Միգուցե ուզում ենք, որ «համագործակցության» գեղեցիկ կարգախոսով Պետությունը որոշ մենաշնորհներ տա Եկեղեցուն՝ փոխարենը Եկեղեցին դարձնելով իր հպատակն ու կամակատարը: Թե՞, այնուամենայիվ, նախընտրում ենք իրարից անջատ, հետևաբար, իրարից անկախ Պետություն ու Եկեղեցի, որոնք երկուսն էլ ազատորեն կոչված են միևնույն ժողովրդի սպասավորությանը:
Ոմանք նախարարի արարքը որակեցին «լկտիություն», «սրբապղծություն»: Ինձ համար սրբապղծություն ու լկտիություն էր, երբ Քոչարյանը, անաստված լինելով, գալիս էր Ս. Էջմիածին՝ Զատկի պատարագին: Նրա մարդասպան-թիկնապահները ոտնակոխ էին անում ժողովրդին, ուսանողներին ու հոգևորականներին, իսկ Պատարագին կանգնում էին քամակներով դեպի Ս. Սեղանը: Ինձ համար սրբապղծություն է, երբ Վահրամ Բաղդասարյանի նման մեկն իր աշխատասենյակում ցուցադրաբար դնում է Ավետարանն ու Տիրամոր սրբապատկերը: Սրբապղծություն է այն, որ Մանվելը ԵԿՄ-ի շենքի ամբողջ բակը պատել է խաչքարերով՝ դրանով ծածկելով իր հանցագործությունները: Կամ այն, որ ժողովրդից միլիարդներ են թալանում, իսկ հետո թալանի հարամ փողերով եկեղեցի են կառուցում, կամ գալիս եկեղեցի, հավատացյալ են ձևանում: Սրբապղծություն է, երբ փողոցում մարդ են ծեծում ջարդում, իսկ հետո շապիկ հագած՝ Ս. Սեղան են բարձրանում ու խաչի քավոր դառնում:
Իսկ եթե Արայիկ Հարությունյանը հավատացյալ չէ (դա իր իրավունքն է) և չի գալիս՝ ձևականորեն, կեղծավորաբար օրհնություն ստանալու, ապա դա ոչ թե սրբապղծություն է, այլ ընդհակառակը՝ ազնիվ ու շիտակ պահվածք:

Գևորգ Ղազարյան
Մամուլի խոսնակ` Ազատ Խոսք
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ազատ Խոսք
դեպի վեր