ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
Մի կտոր կավ Կամ Բախտն ափի մեջ
20:18, 25.09.2018
5696 | 0

Երբ Տերը կավահողից ստեղծեց Մարդ արարածին, ավելացավ մի կտոր կավ:
Հարցրեց Տերը Մարդուն.
- Ի՞նչ ստեղծեմ քեզ համար այս կտորից:
- Բախտ, - պատասխանեց Մարդը:
Տերն անխոս կավի կտորը խոթեց Մարդու ձեռքը, շուռ եկավ ու հեռացավ:

* * *
Բանալին դռան փականի մեջ պտտվեց դժվարությամբ:
Արամը ներս մտավ դժկամությամբ: Էլի աշխատանք չճարեց, ինչպե՞ս են տատի հետ ծայրը ծայրին հասցնելու մինչև հերթական թոշակը:
Այսօր երկու հոգով դատարկեցին մի վագոն կարտոֆիլ, երկուսով ստացան 6000 դրամ:
Զզվելի է կյանքը: Հագավ հողաթափերն ու մտավ սենյակ:
Տատը դիտում էր հեռուստսերիալ` «Դժվար ապրուստ»:
- Տա´տ, էլի՞ էս հիմարությունն ես նայում: Այսօր ուրբաթ է, ֆուտբոլ կա:
- Արա´մ ջան, բա չիմանա՞մ վերջն ինչ եղավ: Կարտոշկա եմ եփել, մի քիչ էլ ձուկ կա: Ի´նքդ դիր, կեր, հա՞:
«Վաղը Լուիզի ծնունդն է: 3000 դրամով ինչպե՞ս եմ գնալու»:
Ափսեն ու մի կտոր հացը ձեռքին` տեղավորվեց բազկաթոռի մեջ: Հնչեց դռան զանգը:
- Ձայն մի´ հանիր, մի´ էլ բաց: Երևի էլեկտրիկն է: Եկել է փողի հետևից:
Դառնահամ թվացող կարտոֆիլի կտորը մի կերպ ծամելով` մոտեցավ դռանը:
Դռան մեջ կանգնած էր քառակուսի, մի սև երևույթ:
Արամն ակամայից հետ-հետ գնաց:
- Ո՞ւմ եք ուզում:
- Քեզ:

Թվաց, թե երևույթը ժպտում է, ու պարզ երևում են կարմիր լնդերը:
- Քո Բախտն եմ: Էլ ո՞ւմ պետք է ուզեմ:
- Բայց դու սև ես:
- Երևի լավ չլսեցիր, հա՞, ես ՔՈ Բախտն եմ:
Սենյակի խորքից լսվեց տատի ձայնը:
- Արա´մ, ո՞վ է, ի՞նչ է ուզում:
- Բախտն է, տա´տ, ի´նձ է ուզում:
Երևի տատը չլսեց:
- Փող չտա´ս: Հաց ու պանիր տո´ւր, մի հատ էլ` պամիդոր, թո´ղ գնա:
Բախտն անճոռնի շարժումներով փորձեց մտնել ներս:
Տղան դուռը շրխկացրեց նրա երեսին:
Հետո մտածեց. «Մի՞գուցե թողնեմ»:
Բացեց դուռը:
Դատարկություն .... ինչպես իր սրտում:
«Կամաց-կամաց խելքս գցում եմ» , - մտածեց ու փակեց դուռը:
- Հո չե՞ս մոռացել, վաղը հունիսի 13-ն է` մորդ ծննդյան օրը: Հրանուշից խունկ եմ վերցրել: Կգնաս, չէ, ՞գերեզմանոց:

* * *
Գերեզմանոցի պահակը` Իմաստուն Նաղաշը, ամառ-ձմեռ վերարկուն հագին, նույն մարդն է, որին ճանաչում են հիմնական այլցելողները:
Այսինքն` դեռ կա, աշխատում է:
Բոլորը զարմանում են, թե ինչպես է կարողանում անսխալ գտնել ցանկացած հանելուկ: Այդ պատճառով էլ անունը կնքել էին Իմաստուն:
Մի անգամ, օգոստոս ամիսն էր, չդիմացավ, հարցրեց. «Չե՞ս մրսում, Նաղա´շ պապ»:
- Է~հ, Արա´մ ջան, արդեն 50 տարի կլինի աշխատում եմ այստեղ ու ոչ մի անգամ չեմ լսել, որ մարդ շոգից մեռնի: Դու է´ն ասա, թազա հանելուկից- բանից չգիտե՞ս:
Հասավ գերեզմանին: Անխնամ չէ, բայց, դե, սարքած էլ չէ: Անձրևներից քայքայվում են քարը, ճաղերի ներկը…. Ժամանակ չկա, ի՞նչ անի:
Համբուրեց մոր նկարը: Էժանագին ծաղիկները դասավորեց քարի վրա: Կրակ վառեց:
Հաճելի խնկահոտը տարածվեց: Խունկ վաճառող փոքրիկ աղջիկն ասաց, որ արգենտինահայերն են բերել, լավ խունկ է:
Ծաղիկների շուրջն անընդհատ պտտվում էր մի թիթեռ: Ձեռքով, չգիտես ինչու, փորձեց քշել և պատահմամբ բռնեց թիթեռին: Ափի մեջ զգաց, որ թիթեռը կենդանի է: Մի քիչ թուլացրեց մատները, զգաց թևերի թպրտոցը…
Մոտեցավ գերեզմանոցի մուտքին (մտածեց` թե՞ ելքին):
- Նաղա´շ պապ, ձեռքումս թիթեռ է: Կարո՞ղ ես ասել կենդանի՞ է, թե՞ սատկած:
Պատի տակ նստած անգործ գերեզմանափորները (երանի միշտ անգործ մնային) հետքրքրությամբ սպասում էին:
«Եթե ասի կենդանի է, մատներով կսեղմեմ թիթեռին, կսատկի: Իսկ, թե ասի սատկած է, բաց կթողնեմ»:
Պահակը երկար նայեց Արամի աչքերին ու ասաց:
- Ամեն ինչ քո ձեռքում է, տղա´ս:

* * *
- Լուի´զ, շրջազգեստդ փոխի´ր: Այդ կարճ զգեստով հյուր չեն դիմավորում: Բաբկեն Արամիչն իր կնոջ և տղայի հետ է գալու: Մի լա´վ կնշենք ծնունդդ:
Մայրն է` Մոնիկա Երվանդովնան (անձնագրով անունը Մայրանուշ է, ծնված Տավուշի մարզի Կաթնաղբյուր գյուղում)` ֆրոյլեն Մոնիկան, ինչպես կասեր Արամը:
Արա~մը:
Ուր է, արդեն մի շաբաթ է ոչ զանգում է, ոչ դիմավորում համալսարանի մոտ:
- Հա´, ճիշտ է ասում, Լո´ւզ ջան, - լողարանից դուրս եկավ սափրված հայրը, - համ էլ Էդմոնդը գիտե՞ս ինչ տղա է:
- Ի՞նչ տղա է, պա´պ, - հազիվ է զսպում արցունքները:
«Արամն ինչու՞ չի զանգում, ինչու՞ չի շնորհավորում: Միգուցե ես զանգ տամ»:
- Ո՞նց թե: Համ էլ գալու են նոր մեքենայով: Թե չէ կպել ես այդ տղային` իր ջոնջոլ կոստյումով: Երևի պապն է հետը բերել պատերազմից:
Չի կարողանում պահել արցունքները:
- Լա´վ, Սե´րժ (հոր անունը Սարգիս է), հանգի´ստ թող աղջկան: Ժամանակավոր բան էր, այսօրվանից կանցնի-կգնա, չէ՞, Լուիզ ջան:
Զանգ:
Հեռախոսին առաջինը հասավ Մոնիկա Երվանդովնան:
- Լսում ենք: Բարև´, Արա´մ, ինչպե՞ս ես: Մերսի, մերսի…հիմա կփոխանցեմ:
- Արա՞մ…Շնորհակալություն... Ու՞ր ես… Գալու՞ ես…. Ի՞նչ գերեզման: Ոչի´նչ, թո´ղ խնկահոտ լինի... Խնդրում եմ…
Տիեզերական արագությամբ մոր ձեռքից խլած ընկալուչը նույն արագությամբ էլ իջավ հեռախոսին:
«Չեմ ների կյանքում» , - մտածեց ու փլվեց բազմոցին:
Տագնապով հագեցած զույգ աչքերն ուրախացան միաժամանակ:

* * *
Արծաթագույն Մերսեդեսը կանգնեց համալսարանի մոտ:
Արդեն մեկ շաբաթ է, Էդմոնդի հետ մեքենայով են գալիս:
Այսօր բակում ինչ-որ խառնաշփոթ է: Հավաքվել են բազմաթիվ ուսանողներ:
Երևի էլի ինչ-որ ակցիայի են նախապատրստվում:
Ուսանողուհիներից մեկն առանց բարևի մոտեցավ:
- Լո´ւզ, գիտե՞ս ինչ է եղել, - աչքերը վառվում են:
- Ի՞նչ, -հարցրեց Էդմոնդը:
- Բակի դիտահորը, որի կափարիչը բաց էին թողել, Բախտն է ընկել: Բոլորը մոտեցել են ու գոռում են իրենց ցանկությունները…
Էդմոնդն անցավ գործի:
Մոտեցավ, բոլորին համոզեց հեռանալ.
- Մոտենում ենք մեկ-մեկ, կամաց ասում ցանկություններն ու հեռանում: OK, ես առաջինն եմ:
Գոյացավ սպասված ու կարծես անվերջանալի մի հերթ:

Հերթում նույնիսկ դասախոսներից կային, և զարմանալի չէր, որ նրանց թվում նաև «Աստվածաբանության» դասախոսն էր:
Լուիզան մնաց հերթից դուրս կանգնած` միայնակ ու զարմացած:
…Դիտահորը, որտեղ անօգնականությունից թպրտում էր քառակուսի, մի սև երևույթ, լցվում էր անվերջանալի ու զանազան ցանկություններով…

* * *
Անտարբեր քայլերով համալսարանի բակ մտավ մազերն անխնամ ու կարծես վաղուց չսափրված, ջոնջոլե կոստյումով մի տղա:
Արհամարելով իրեն ուղղված հայացքները` մոտեցավ դիտահորին:
Արմունկով հրեց դիտահորի մոտ կանգնած «Աթեիզմի» դասախոսին, ծնկեց ու նայեց ներս:
Հանեց կոստյումը, դրեց ասֆալտին ու ձեռքերը պարզեց ներս:
Մի քանի վայրկյան տանջվելուց հետո ծռմռելով սև քառակուսու կառուցվածքը` հանեց նրան դիտահորից:
Նայեց մեղավոր հայացքով: Բախտն էր…
Ոտքի կանգնեց, թափ տվեց ծնկներն ու մոռացած ջոնջոլե կոստյումը` դանդաղ հեռացավ…
Մալևիչի հանրահայտ ծնունդը, աչքերը ճպճպացնելով, զարմացած նայում էր կողքերը: Դեռ ուշքի չէր եկել: Հետո սկսեց աչքերով բազմության մեջ փնտրել:
Սև գույնի մեջ նշմարվում էին կարմիր լնդերը:
Երկար փնտրեց աչքերով:
Չգտավ:
Գետնից վերցրեց ջոնջոլե կոստյումը, գցեց ուսին ու … վազեց հասնելու հեռացող տղային:

Ս.Ումառ-Հարությունյան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստեփան Ումառ-Հարությունյան
22:03, 25.03.2024
318 | 0
14:27, 06.03.2024
299 | 0
00:16, 29.01.2024
435 | 0
22:42, 16.01.2024
372 | 0
21:28, 15.01.2024
385 | 0
13:30, 09.01.2024
488 | 0
13:16, 30.12.2023
492 | 0
12:50, 21.12.2023
460 | 0
21:14, 19.11.2023
429 | 0
23:34, 23.10.2023
483 | 0
10:18, 11.10.2023
476 | 0
դեպի վեր