ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Առնվազն տարօրինակ է, որ...
20:22, 01.10.2018
5398 | 0

Այս մարդն ազգությամբ հրեա փիլիսոփա Փիլոն Ալեքսանդրիացին է: Նա նաև Փիլոն Հրեա անվամբ է հայտնի: Ծնվել է մ.թ. ա. 25 թվականին, մահացել է մ.թ. 50 թվականին: Նրա կրոնափիլիսոփայական մի շարք աշխատություններ հնում նույնիսկ հայերեն են թարգմանվել: «Նույնիսկ» եզրը դիտմամբ եմ գործածել, որպեսզի ընդգծեմ, որ հայ եկեղեցու դավանաբանության բազմաթիվ դրույթներ հիմնավորելու համար մեր եկեղեցու հայրերը նրա կարիքն են զգացել: Այս փիլիսոփայի ուսմունքը մեծ ուշադրությամբ քննության են առել նաև առաջին դարի այլազգի բազում աստվածաբաններ, որոնք նրա փիլիսոփայական համակարգից օգտվել են քրիստոնեության գաղափարաբանությունը հիմնավորելու համար:


Հիսուսի գործունեության ժամանակաշրջանում ապրած այս Փիլոն Ալեքսանդրիացին, որը հիսուն հատոր է գրել` դրանցում անդրադառնալով իր ժամանակի ու իր երկրի բոլոր նշանավոր անձանց, նույնիսկ` Պիղատոսին, մանրամասնորեն ներկայացրել է Երուսաղեմից ոչ հեռու և Հորդանան գետի ափամերձ շրջանում ապրող «Եսենական» աղանդի կենցաղը, ծեսերն ու դավանաբանությունը, բայց, որքան էլ զարմանալի է, այդ աշխատություններից որևէ մեկում թեկուզ մեկ տողով չի անդրադարձել իր ապրած ժամանակաշրջանում առնվազն ամբողջ Հրեաստանն ալեկոծած Աստծո Որդուն` Հիսուս Քրիստոսին:

Ի դեպ` Հիսուս Քրիստոսի գոյության մասին տեղյակ չեն եղել նաև իր մյուս ժամանակակիցները` հռոմեացի գրող Վալերիուս Մաքսիմուսը (մ.թ.ա. 14 – մ.թ 37 թթ.), պատմագիր Պլինիուս Ավագը (մ.թ. 23 – 79 թթ.), հռոմեացի քաղաքական գործիչ և բանաստեղծ Սիլիուս Իտալացին (մ.թ. 25 – 100 թթ.), բանաստեղծ Պերսիուս Ֆլաքուսը (մ, թ. 34 – 62 թթ.), բանաստեղծ Մարկոս Լուկանոսը (մ.թ. 39 – 65 թթ.), հռետոր, գրող, փիլիսոփա և պատմագիր Դիոն Քրիստոստոմոսը (մ.թ. 40 – 120 թթ.), բանաստեղծ Պուբլիուս Ստացիուսը (մ.թ. 40 – 96 թթ.), բանաստեղծ Մարկուս Մարցիալիսը (մ.թ. 40 – 104 թթ.), փիլիսոփա Սենեկան (մ.թ.ա. 4 – մ.թ. 65 թթ.), երգիծաբան, բանաստեղծ Դեցիմուս Յուվենալիսը (մ.թ. 60 – 130 թթ.), պատմագիր Կորնելոս Տակիտոսը (մ.թ. 55 – 120թթ.), պատմագիր Պլինիոս Կրտսերը (մ.թ. – 61 – 114 թթ.), պատմագիր Սվետոնիոսը (մ.թ. 70 – 140 թթ.), բանաստեղծ, հռետոր Վալերիոս Ֆլաքոսը (մ.թ. 70 – 100 թթ.), պատմագիր Պլուտարքոսը (մ.թ. 45 – 127 թթ.), երգիծաբան Պետրոնիուսը (մ.թ. 14 – 66 թթ.), փիլիսոփա և հռետոր Մարկոս Քվինտիլիանոսը (մ.թ. 30 – 96 թթ.), գրող և փիլիսոփա Լացիոս Ապուլեոսը (մ.թ. 125 – 180 թթ.), պատմագիր Դիոն Կասիոսը (մ.թ. 155 – 235 թթ.), աշխարհագիր Պավսանիասը (երկրորդ դարի երկրորդ կես), գրող, փիլիսոփա և հռետոր Լուցիոս Ապուլեոսը (մ.թ. 125 – 180 թթ.), պատմագիր Մարկոս Սերվիլուս Նոնիանոսը (մահացել է մ.թ. 59-ին), պատմագիր Աուֆիդիոս Բասուսը (ապրել է մ.թ. առաջին դարի կեսերին), քաղաքական գործիչ Մարկոս Ռուֆոսը (մ.թ. 2 – 70 թթ.), պատմագիր Ֆաբիոս Ռուստիկոսը (ապրել է մ.թ. առաջին դարում), պատմագիր Մարկոս Վելեուս Պատերկուլոսը (մ.թ.ա. 19 – մ.թ. 31), հրեա պատմագիր, գրող Յուստուս Տիբերիանսիրը (մահացել է մ.թ. 100 թվականին) և ուրիշներ: Նույնիսկ Մեռյալ ծովի շրջակայքի անձավներում գտնված ձեռագրերը Հիսուսի մասին ոչին չեն հաղորդում:

Հիշյալ ժամանակաշրջանի միակ պատմագիրը, որ գրել է Հիսուս Նազարեթցու մասին, հրեա պատմագիր Հովսեփոս Փլավիոսն է, որն իր 30 հատորներում ընդամենը 30 տող է հատկացրել նրան, որն էլ ապացուցվել է, որ կեղծիք է: Պատմաբանները ցույց են տվել, որ նաև Տակիտոսի վկայությունը ևս ընդմիջարկվել է, այսինքն հետագայում է այն ներմուծվել: Սվետոնիոսը խոսում է ոմն Քրեստոսի մասին, որն «օծյալ» է նշանակում և ոչ թե Քրիստոս, և նրա հետ կապված իրադարձությունը տեղի է ունեցել Հռոմում, մ.թ. 50 թվականին, այսինքն Հիսուսի ենթադրյալ մահից 17 տարի անց:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
179 | 0
դեպի վեր