ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Այն մասին, թե ինչ է եղել հետո, երբ տերը կտրել է տվել ծառայի ականջները
08:50, 16.10.2018
5643 | 0

1779 թվականին Պարսկաստանի տիրակալն է դառնում թուրքական ղաջար ցեղից սերված Աղա Մահմեդ խանը: Շահնշահ անվան հետ ամենևին չլծորդվող «Աղա» անունը, մինչև ժամանակակից իմաստը ձեռք բերելը, եղել է շահական արքունիքի ամորձատված ներքինիների պաշտոնական անունը, այսինքն բոլոր ներքինիներին «աղա» են անվանել:


Արդ, այս Աղա Մահմեդ շահին վեց տարեկան հասակում ներքինացրել է հռչակավոր Նադիր շահին հաջորդած նրա եղբորորդին` Ադիլ շահը, 1748-ին: Զրկված լինելով զգայնական կրքերից` Աղա Մահմեդ խանի գլխավոր տենչը դառնում է ռազմական փառքը: Սա, ժամանակակիցների վկայությամբ, եղել է չափազանց խստասիրտ ու անողոք` կարծես ցանկացել է մարդկությանը պատժել այն պատճառով, որ իրեն զրկել են արական հաճույքներից, որ իր մեջ սպանել են մարդկային կարևոր բնազդներից մեկը:

Նա Պարսկաստանը ոչ միայն զենքով է հնազանդեցնում, այլև ամենուր սարսափ տարածելով: 1794 թվականին գրավելով Պարսկաստանի Քիրման քաղաքը, նա գերեվարված 20 հազար կնոջ բաժանում է իր զինվորներին, իսկ նրանց ամուսիններին հրամայում է կուրացնել կամ տանջանքների ենթարկել; Շուտով նրան ներկայացնում են յոթ հազար զույգ աչք, և նա անձամբ հաշվում է դրանք:

Քանի որ Ղարաբաղի Իբրահիմ խանը հրաժարվել էր հնազանդվել այս նոր շահին, վերջինս 1797 թվականի գարնանը ներխուժում է Ղարաբաղ: Իբրահիմ խանն իր ընտանիքի ու մի քանի բեկերի հետ փախչում է Դաղստան: Շահը երկու հազար զինվոր է ուղարկում նրան հետապնդելու, բայց Թարթառ գետի մոտ Իբրահիմը ջարդում է հետապնդողներին ու կարողանում է փախչել սարերը: Ավետարանոց գյուղում Աղա Մահմեդ շահը հրամայում է այրել մելիք Ջումշուդի տունը, որովհետև պարսիկների առաջին արշավանքի ժամանակ նա Շուշու բերդից կռվել էր պարսիկների դեմ: Այս անգամ մելիքը հազիվ է կարողանում փրկվել ու փախչում է Վրաստան: Շուշին անձնատուր է լինում առանց դիմադրության: Քանի որ հացի պակասություն կար, և տեղի բնակչությունը չէր կարողանում գոհացում տալ բանակի պահանջներին, այն թալանում էր ամբողջ Ղարաբաղը: Շահը բնակություն է հաստատում Ղարաբաղի Իբրահիմ խանի` Շուշու բերդում գտնվող պալատում:

Շահի թիկնազորում ծառայող մի հայի վկայությամբ` բերդում գտնվող զինվորները խիստ կարիքի մեջ են եղել: Գանձարանից նրանց աշխատավարձ չէր տրվում, ու վաճառող էլ չի եղել: Եթե նույնիսկ վաճառող լիներ, միևնույն է, զինվորականը որևէ բան գնելու դրամ չուներ: Ահա թե ինչու նրանք սկսում են թալանով զբաղվել: Դիմադրողներին սպանում էին: Օրեցօր գանգատավորները շատանում են, բայց նրանց լսող չկար: Զինվորները երկու անգամ հավաքվում են շահի պալատի դիմաց և պահանջում են կա'մ հաց, կա'մ տուն դառնալու թույլտվություն: Շահը սկսում է կասկածել, թե բարձրաստիճան պալատականներն են այս դժգոհության պատճառը: Պալատականներն ու զորահրամանատարները միմյանց թշնամի էին: Պալատականները պարսիկներ էին, իսկ զորահրամանատարները` թուրքեր:

Ներքինի շահը կասկածել է պալատականներին, բայց երկու կողմին էլ ունկնդրել է: Առանց պատշաճ քննության երբեմն պատժել է մի կողմի, երբեմն էլ՝ հակառակ կողմի ներկայացուցիչներին:

Մի անգամ, երբ շահը բերդ է մտնում, մի խումբ կանայք և երեխաներ լաց ու աղաղակով ընկնում են նրա ձիու ոտքերի առաջ: Ձին խրտնում է: Շահը բարկանում է իր շքախմբի վրա, որ գաննգատավորներին թուլ են տվել այդքան մոտենալ և սպսռնում է, թե հաջորդ օրը դատաստան կանի: Հաջորդ օրն ունկնդրում է գանգատավոր կանանց, և տեղեկանում է, որ ժողովուրդը դժգոհում է զինվորների անօրինություններից, որոնք տներն են մտնում ու կողոպտում են, խեղճ կանանց տանջում են, որպեսզի ծածուկ տեղերում թաքցրած փողի հագուստեղենի ու պղնձե կարասիների տեղն ասեն: Շահն ավելի է բարկանում և հայտարարում է, թե այդ անկարգություն անողների հրամանատարներին էլ է պատժելու: Նույն օրվա երեկոյան նա բարկանում է նաև իր սիրած ծառաներից մեկի՝ Սաֆար Ալիի վրա, և այս բարկության պատճառն էլ այն էր, որ, որ երբ շահը երեկոյան աղոթք է արել, նրա մոտ է մտել խաներից մեկը՝ Սադըղը: Շահը կատաղել է, որ այդ «ստոր ստրուկը» համարձակվել է առանց իր կանչելու ներս մտնել ու իր նամազն ընդհատել: Խանն արդարացել է, թե իրեն շահի անունից կանչել է Սաֆար Ալին: Վերջինս էլ հաստատել է խանի ասածը՝ պնդելով, թե շահն իրեն հրամայել է կանչել Սադըղ խանին: Կատաղած շահն ատրճանակն ուղղել է ծառայի կրծքին, բայց մտադրությունը փոխել է ու հրամայել է կտրել նրա ականջները, որովհետև դրանք լավ չեն լսում: Հրամանն իսկույն կատարվել է: Բացի դրանից շահը երդվել է, թե հաջորդ օրը պիտի շատերի գլուխները կտրել տա և այդ գլուխներից մի այնպիսի մեծ աշտարակ պիտի կանգնեցնի Շուշիում, որը Շամքորի մինարեթից բարձր լինի:

Բոլորը գիտեին, որ Աղա Մահմեդ խանն իր խոսքի տերն էր, և նրա ասածը մյուս օրը պիտի ի կատար ածվեր: Եվ, ահա, կեսգիշերին, երբ ամենքը քնած էին, Սաֆար Ալին իր մի համախոհի հետ մտնում է շահի ննջարան: Շահը հասկանում է, որ ծառային վրեժխնդրությունն է իր ննջարան ուղղորդել: Նա փորձում է դիմադրել, բայց ոչինչ չի կարողանում անել: Սաֆար Ալին դաշույնը շահի կուրծքն է խրում: Դեռևս պառկած շահը ձեռքը կրծքին է դնում և ասում.

«Թշվառակա՛ ն, դու Իրա՛նը սպանեցիր»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
249 | 0
09:44, 13.04.2024
327 | 0
11:39, 08.04.2024
386 | 0
09:16, 06.04.2024
344 | 0
08:44, 03.04.2024
279 | 0
դեպի վեր